Ռուս բանվորների հյուսիսային միություն

Ռուս բանվորների հյուսիսային միություն (ռուս.՝ Северно-русский рабочий союз), Ռուսական կայսրության առաջին բանվորական քաղաքական կազմակերպություններից մեկը և իր տեսակի մեջ առաջինը Սանկտ Պետերբուրգում։ Կազմավորվել է 1878 թվականին և ցարական իշխանությունների կողմից լուծարվել 1880 թվականին։

Ռուս բանվորների հյուսիսային միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ռուսական կայսրություն
Հիմնադրված1878
Լուծարված1880
Գլխադասային գրասենյակՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն

Հիմնադիրներն են բանվոր հեղափոխականներ Ստեպան Խալտուրինը և Վիկտոր Օբնորսկին։ Գործել է ընդհատակում։ «Միության» մեջ ընդունվում էին միայն բանվորներ։ Ունեցել է մոտ 200 անդամ, բաժանմունքներ՝ Պետերբուրգի բանվորական շրջաններում, որոնց ղեկավարում էին տեղական կոմիտեները։ Կոմիտեների ներկայացուցիչները մտնում էին կենտրոնական խմբակի կազմի մեջ, որը և ղեկավարում էր «Միության» ողջ գործունեությունը։ «Միությունն» իր գլխավոր նպատակն էր համարում գոյություն ունեցող հասարակարգի տապալումը։ Կազմակերպության հիմնադիր ժողովում (կայացել է 1878-ի դեկտեմբերի 23-ին և 30-ին) ընդունված ծրագրի մի շարք դրույթներ նման էին 1869-ի գերմանացի սոցիալ–դեմոկրատների Այզենախական ծրագրի պահանջներին և I Ինտերնացիոնալի գաղափարներին։ Ծրագրում առաջին անգամ դրվում էր բանվորների համառուսական կազմակերպություն ստեղծելու հարցը։ Դրա հեղինակները գտնում էին, որ միայն «բանվորներից» (և ոչ «ժողովրդից») է կախված «սոցիալական հեղափոխության հաղթանակը», որ նրանց վրա է դրված «աշխարհի վերափոխման» պարտականությունը։ Ծրագիրը հռչակում էր «եղբայրական համերաշխություն բոլոր երկրների պրոլետարների միջև»։

Միության անդամները հեղափոխական պրոպագանդա էին տանում Պետերբուրգի արդյունաբերական ձեռնարկությունների բանվորների շրջանում, մասնակցում գործադուլներին և ղեկավարում դրանք, տարածում էին ագիտացիոն թռուցիկներ, կապեր էին հաստատել Մոսկվայի, Սորմովոյի, Դոնի Ռոստովի բանվորների հետ։ 1880 թվականին փետրվարին «Միությունը» հրատարակեց իր առաջին ընդհատակյա բանվորական «Ռաբոչայա զարյա» («Рабочая заря») թերթը, որի առաջին համարի լույսընծայումից հետո տպարանը բռնագրավվեց և ոչնչացվեց։

Աչքի ընկնող անդամների ձերբակալության պատճառով «Միությունը» շուտով դադարեց գործելուց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 34