Ռուս-հնդկական հարաբերություններ

Ռուս-հնդկական հարաբերություններ (ռուս.՝ Российско-индийские отношения, հինդի՝ भारत-रूस सम्बन्ध), դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Հնդկաստանի Հանրապետության միջև։

Ռուս-հնդկական հարաբերություններ
Հնդկաստան և Ռուսաստան

Հնդկաստան

Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում՝ 1947 թվականի ապրիլին։ Կնքվել են համաձայնագրեր առևտրային, Հնդկաստանին տեխնիկական օգնություն ցույց տալու (1953), Բհիլայում մետալուրգիական գործարանի կառուցման (1955) վերաբերյալ։ Այնուհետև ստորագրվել են ԽՍՀՄ-ի և Հնդկաստանի նավահանգիստների միջև կանոնավոր նավարկության (1956), Հնդկաստանին երկարաժամկետ վարկ տրամադրելու (1957), օդային հաղորդակցության, Բոմբեյի տեխնոլոգիական ինստիտուտին սարքավորում նվիրաբերելու (1958), բժշկական արդյունաբերության պետական ձեռնարկությունների շինարարությանը աջակցելու (1959), մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության (1960) են համաձայնագրեր։ 1960–1970-ական թվականները ստորագրվել են մի շարք համաձայնագրեր Բոկարոյի մետալուրգիական գործարանի շինարարության, տնտեսության, տեխնիկական, գիտական համագործակցության վերաբերյալ։ 1971 թվականի օգոստոսին 20 տարի ժամկետով կնքված «խաղաղության, բարեկամության և համագործակցության» պայմանագիրը դարձավ Ասիայում խաղաղության և կայունության խոշոր գործոններից։ Ստորագրվեցին նոր համաձայնագրեր տիեզերական հետազոտությունների ասպարեզում համագործակցության (1972), կիրառական գիտությունների և տեխնիկայի ասպարեզում համագործակցության (1972), տնտեսական և առևտրական հետագա համագործակցության, ռադիոյի և հեռուստատեսության ասպարեզում համագործակցության (1973), նավագնացությունը երկու երկրների միջև ընդլայնելու (1975) վերաբերյալ։ Կարևոր համաձայնագրեր էին համարվում 1979 թվականին կնքված տնտեսական, առևտրական և գիտատեխնիկական համագործակցության 10—15 տարվա ծրագիրը, 1981–1985 թվականի տնտեսական, տեխնիկական համագործակցության և առևտրական համաձայնագրերը (1980), 1981–1982 թվականի մշակութային, գիտական և կրթական փոխանակման ծրագիրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 8