Ռուբեն Դերձակյան

հայ բժիշկ

Ռուբեն Դերձակյան (Փայլակ) (մոտ 1860, Տա­րոն գա­վա­ռ, Արևմտյան Հայաստան - 1915, Արճեշ), հայ բժիշկ։

Ռուբեն Դերձակյան (Փայլակ)
Ծնվել էմոտ 1860
ԾննդավայրՏա­րոն գա­վա­ռ, Արևմտյան Հայաստան
Մահացել է1915
Մահվան վայրԱր­ճե­շ
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Դերձակյանը ծնվել է մոտ 1860 թվականին, Արևմտյան Հայաստանի Տա­րոն գա­վա­ռում։ Տեղափոխվել է Կ. Պո­լիս։ Դեղագործական կրթություն է ստացել և դեղագործ աշխատել։ Զբաղվել է նաև բժշկությամբ։ Եղել է ՀՅԴ անդամ։ Հեղափոխական-կուսակցական ծածկանունը եղել է Փայլակ։

Արամ Մանուկյանի բնորոշմամբ՝ եղել է «հին մա­քուր հե­ղա­փո­խա­կան» և «շի­տակ մարդ»։ 1890 թվականին Սարգիս Կուկունյանը Արևմտյան Հայաստանն ազատագրելու գործին մասնակցելու նպատակով մեկնել է Թիֆ­լիս և կազմակերպել 78 հոգանոց զինված ջոկատ, որի կազմում էր Փայլակը։

1890 թվականի սեպ­տեմ­բե­րի 22-ին ջոկատի անդամները փորձել են Ռուսաստանի կազմի մեջ մտնող Կարսի մարզից անցնել Արևմտյան Հայաստան՝ հույս ունենալով, որ արևմտահայերն իրենց կմիանան։ Սակայն ռուս-թուրքական սահմանի մոտ մարտի են բռնվել թուրք սահմանապահների գերակշիռ ուժերի հետ և նահանջել։ Ռուս սահմանապահները ողջ ջոկատին ձերբակալել են։

1890 թվականին ռուսական դատարանը բոլորին դատապարտել է տարբեր տարիների բանտարկության և Սախալին կղզի աքսորել։ Բացի Փայլակից, ջոկատի կազմում են եղել նաև Եփրեմ Դավթյանը (հետագայի Եփրեմ խանը), Արշակ Գաֆաֆյանը (Քեռի, Քաֆթառ Արշակ), Ստեփան Ստեփանյանը (Բալաջան), Գևորգը (Որսորդ) և այլն։

Որոշ ժամանակ Սախալինում գտնվելուց հետո մի ընկերոջ հետ փախել է աքսորավայրից և եկել Կովկաս։ Բաքվում հանդիպել է Քրիստափորին և խնդրել իրեն աշխատանք գտնել։ Այստեղ ծանոթացել է Արամ Մանուկյանի հետ։

Այնուհետև մեկնել է Պարսկաստան և միացել Սախալինի իր ընկերներին՝ Եփրեմին, Բալաջանին և ուրիշների, որոնց արկածային կյանքի մասին հետագայում գրել է Անդրե Ամուրյանը (Անդրե Տեր-Օհանյան)։ Գործել է Պարս­կաս­տա­նի Սալ­մաստ և Խոյ քաղաքներում ու սբ. Թա­դեի վան­քում։ Ըստ հեղինակ Ռուբենի նկարագրության՝ եղել է արդեն ծերացող, կապուտաչյա, միջահասակ, բարեխիղճ, անշահախնդիր, ժողովրդին նվիրված, անհանգիստ, շարժուն, եռացող, խոսքաշատ, կատակասեր, հայհոյող մարդ։ «Եթէ չու­նէր բժշկա­կան վկա­յա­կան, սա­կայն Սա­խա­լի­նէն Պարս­կաս­տան այն­քան մար­դոց բժշկած եւ երե­ւի մեռ­ցու­ցած էր, որ կրնար շատ գի­տուն­նե­րու նա­խան­ձը շար­ժել»։

Պարսկաստանի Ատրպատականի նահանգում հռչակավոր բժշկի համբավ է վայելել։ Հայտնի է եղել որպես «Դոկ­տոր»։ Տեղացիները նրան ամենուր ճանաչել են և ակնածանքով «Հա­քիմ բա­շի» կոչել։ Մակուի սարդարը նրան նահանգի համար անհրաժեշտ անձ է համարել։ Բժշկական գործունեության քողի տակ զբաղվել է ընդհատակյա հեղափոխական աշխատանքով։ Ջուլֆայում զբաղվել է զենք փոխադրելու գործով։ Անձնական աշխատանքով ապրել է ինքը և ապրեցրել իր ընկերներին։

Պարսկական հեղափոխության ժամանակ շատ մեծ դեր է կատարել, մասնակցելով հետադիմական միապետականների դեմ հեղափոխականների կռիվներին։ Երբ հայ հեղափոխականներն ստիպված հեռացել են Թավրիզից, Ուրմիայից, Սալմաստից և Խոյից ու Վան տեղափոխվել, այնտեղ նրանց կրկին ընդունել է Փայլակը։ 1891 թվականին ընկերոջ՝ Աշոտի-Թորոսի հետ սեփական գործ է սկսել Վանի մոտակա Արճեշ քաղաքում։ Այստեղ ևս շարունակել է ընդհատակյա հեղափոխական գործունեությունը՝ օժանդակել Կովկասից Վան զենքերի փոխադրության գործին։ Արճեշում նաև օգնել է ազգային, դպրոցական, պետական և այլ գործերի իրականացմանը։

1915 թվականին Արճեշի կոտորածի ժամանակ, առաջին խմբի մեջ, Եղիշե քահանայի, նրա ավագ որդու, քաղաքի այլ ազդեցիկ հայ աղաների հետ կապկպված գնդակահարվել է մոտ 45 տարեկանում։ Մինչև վերջին րոպեն պահել է իր անվեհերությունն ու քաջությունը։ Պատահաբար փրկված արճեշցի Հակոբը պատմել է, որ Փայլակը մինչև վերջ հայհոյել է կայմակամին և կառավարությանը՝ այդ տմարդի վարմունքի համար։

Մեջբերումներ Ռուբեն Դերձակյանի մասին խմբագրել

  Խե՛ղճ Փայ­լակ, Պոլ­սոյ մէջ թուրք ռէ­ժի­մը քո ճա­կա­տին գրել էր մահ, այդ ճա­կա­տա­գի­րըքեզ հետեւեց Պոլ­սից Կաղ­զո­ւան,Կար­սից Սի­բիր,ապա Պարսկաս­տան եւ վեր­ջը քեզ զար­կեց Վա­նայ գե­ղա­ծի­ծաղ ափե­րին։  

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հ. 1, Թեհրան, 1982։
  • Մանուկեան Արամ, Յուշեր, Երեւան, 1990։
  • Մազմանեան Վրոյր, Յուշեր Եւ Վկայութիւններ, Անթիլիաս, 1991, 345 էջ
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Ա հատոր, Դիւցազնամարտ, 1890-1914, Լոս Անճ ել ըս, 1992։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 19141925, Լոս Անճելըս, 2001։
  • ՀՑԹԻՖ, -49, ծ-232, պ-14։
  • Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ