Ռոստովի գավառագիտության մարզային թանգարան

Ռոստովի գավառագիտության մարզային թանգարան (ռուս.՝ Ростовский областной музей краеведения), թանգարան Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում (Բոլշայա Սադովայա փող., 79)։ Ամենամեծերից մեկը Ռուսաստանի հարավում։ Հիմնադրվել է 1937 թվականին Ռոստովի մարզի հիմնադրման կապակցությամբ։ Թանգարանը ներկայացնում է Ռոստովի մարզի բնությունը, մշակույթը և պատմությունը։ Առավել հետաքրքրական ցուցադրությունը ներկայացված է «Դոնի դամբանաթմբերի գանձերը» ցուցասրահում՝ մ. թ. ա. 4-րդ դարի - մ. թ. VII դարի ոսկյա և արծաթյա 2000 առարկաներ[1]։

Ռոստովի գավառագիտության մարզային թանգարան
Տեսակթանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Հիմնադրվել է1937
Կայքrostovmuseum.ru
Քարտեզ
Քարտեզ

Ռոստովի գավառագիտության մարզային թանգարանը Դոնի պատմության, ազգագրության, նյութական մշակույթի խնդիրների մշակման առաջատար գիտական կենտրոն է, հանրակրթական գործընթացում տարածաշրջանային բաղադրիչի ներդրման գիտամեթոդական կենտրոն։

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ Դոնի Ռոստովում թանգարան բացելու հարցը բարձրաձայնել է քաղաքի ղեկավար Ա. Մ. Բայկովը դեռևս 1862 թվականին, սակայն անցել են շատ տարիներ մինչև այդ գաղափարը կյանքի է կոչվել[2]։

Ռոստովի քաղաքային թանգարանը, որից սկսվում է Ռոստովի գավառագիտության մարզային թանգարանի պատմությունը, բացվել է 1910 թվականի մայիսի 1-ին։ Նրա ստեղծումը հնարավոր դարձավ քաղաքային մեկենասների, գավառագետների, Քաղաքային դումայի անդամների և պարզապես խանդավառ մարդկանց ջանքերի շնորհիվ։ Այս գործում առանձնահատուկ ավանդ են ներդրել «Պատմության, հնությունների և բնության Ռոստովի ընկերության» անդամներ Մ. Բ. Կրասնյանսկին, Ա. Մ. Իլյինը և Վ. Ի. Ասմոլովը։ Ռոստովի քաղաքային թանգարանի շենքը, որը հատուկ կառուցվել է նրա կարիքների համար, գտնվում էր Դումսկի անցուղի, 5 հասցեում և պահպանվել է մինչև մեր օրերը։ Թանգարանի մուտքն անվճար էր բոլորի համար[2]։

Թանգարանը գրեթե ստեղծման պահից դարձել է քաղաքի գիտական և մշակութային կենտրոններից մեկը. կրթական գործունեությունն այստեղ ծավալել են «Ռոստովի ընկերության» անդամները, որոնք դասախոսություններ էին կարդում Դոնի պատմությանն առնչվող թեմաներով[2]։

1920 թվականից կոչվում էր «Արվեստի և հնությունների Դոնի մարզային խորհրդային թանգարան»։ Թանգարանի ֆոնդերը համալրվել են գեղանկարչական և հնաոճ առարկաներով և հատկապես Դոնում հեղափոխական իրադարձությունների պատմությանն առնչվող նյութերին[2]։

1937 թվականին Պուշկինի փող., 204 շենքում Արվեստի և հնությունների թանգարանի ցուցանմուշների հիման վրա կազմակերպվել է Գավառագիտության մարզային թանգարանը[2]։

Քաղաքի նացիստական օկուպացիայի ժամանակ շենքը քանդվել է, նմուշները՝ կողոպտվել։ Այնուամենայնիվ, 1943 թվականին, Կարմիր բանակի կողմից քաղաքի ազատագրումից անմիջապես հետո, ձեռնարկվել են միջոցառումներ հավաքածուի մնացորդները գտնելու ուղղությամբ, որոնք մասամբ հաջողությամբ են պսակվել[2]։

1951 թվականին թանգարանին հատկացվել է նոր շենք Բոլշայա Սադովայա, 79 հասցեով, որտեղ այն գտնվում է մինչ օրս։ Այս շենքը ճարտարապետության մարզային նշանակության հուշարձան է և կառուցվել է դեռևս 20-րդ դարի սկզբին[1]։

2001 թվականից թանգարանը Ռուսաստանի թանգարանների միության անդամ է[2]։

2002 թվականին թանգարանում սկսվել է ցուցանմուշների թարմացում։ Այժմ այստեղ ներկայացված են ցուցանմուշներ, որոնք վերաբերում են ինչպես հնագույն ժամանակներին, այնպես էլ ժամանակակից շրջանին[3]։

Թանգարանը շարունակում է մնալ քաղաքի խոշոր գիտական կենտրոն, այստեղ անցկացվում են դասախոսություններ և միջոցառումներ՝ նվիրված մարզի և երկրի հիշարժան տարեթվերին[3]։

Հայտնի աշխատակիցներ խմբագրել

  • Պյոտր Ստեպանովիչ Կելլեր (1909-1997), ռուս գեղանկարիչ[4]։ 1930-ական թվականներին աշխատել է կերպարվեստի բաժնի թանգարանապահ[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ростовский областной музей краеведения». www.museum.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Музей краеведения - последние новости». www.rostovmuseum.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 22-ին.
  3. 3,0 3,1 Министерство культуры Ростовской области. «Ростовский областной музей краеведения». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  4. 4,0 4,1 Скопцова Г. Петр Келлер: бедный художник, выставлявшийся на Sotheby's Արխիվացված 2017-01-07 Wayback Machine // rslovar.com. — 2013. — 5 янв.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստովի գավառագիտության մարզային թանգարան» հոդվածին։