Ռոնդո (իտալ.՝ rondo, ֆր.՝ rondeau, < rond – շրջան), երաժշտական ստեղծագործության կառուցվածքի ձև, որտեղ թեման կրկնվում է նվազագույնը 3 անգամ, իսկ կրկնությունների միջև անցնում են նոր նյութեր (ABACA) կամ թեմայի տարբերակներ (AA1AA2A)։

Թեման կոչվում է ռեֆրեն կամ գլխավոր թեմա և ամեն անգամ հնչում է հիմնական տոնայնությամբ։ Միջին հատվածներն անվանում են էպիզոդ (BCD), որոնք հնչում են հիմնականում այլ տոնայնություններով։

Ռոնդոյի ձևը ծագել է ժողովրդական շուրջպարերից, որտեղ անընդհատ փոփոխվող երաժշտկան նյութը (էպիզոդները կամ նախերգ) փոխընդմեջ վերադառնում է հիմնական անփոփոխ թեմային։ Տարբերում են ռոնդոյի պարզ (մասերը չունեն կապող հատվածներ ու զարգացման միասնական գիծ, գործածել են առավելապես ֆրանսիացի կլավեսինահարները և անվանել մոնոթեմատիկ) և բարդ (ունեն կապող հատվածներ ու զարգացման միասնական գիծ, գործածել են առավելապես կլասիցիզմի դարաշրջանի կոմպոզիտորները) տեսակներ։

Պրոֆեսիոնալ երաժշտության մեջ առաջին անգամ օգտագործել են 17–18-րդ դարերի ֆրանսիացի կլավեսինահարները երգ-պարային մանրանվագներում և անվանել հնագույն կամ քառյակային ռոնդո։

Վիեննական դասական ռոնդոյում ռեֆրենն ընդլայնված է, նրա և էպիզոդների միջև հանդիպում են կապող հատվածներ, մասերի միջև առաջացող հակադրությունը ձևը դարձնում է դինամիկ և հաճախ հանգեցնում եզրափակող մասի՝ կոդայի։ Երբեմն ռոնդոն ընդունում է սոնատային ձևի հատկանիշներ (Ռ-սոնատ)։

Ռոմանտիզմի դարաշրջանում առաջացել են բազմամաս ռոնդոներ։ Ռոնդոյի հետագա զարգացումը (20-րդ դարից) բնորոշվում է ձևի ազատ մեկնաբանմամբ, հնարավոր է ռեֆրենի հիմնովին փոփոխված կրկնությունը։

Ռոնդոյի ձևով գրվել են ինքնուրույն ստեղծագործություններ, հաճախ՝ դրանց առանձին մասեր, նաև օպերային կամ բալետային երաժշտության պատկերներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։