Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային թատրոն

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային թատրոն (պորտ.՝ Theatro Municipal do Rio de Janeiro), օպերայի և բալետի թատրոն Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա)։ Կառուցվելէ 1907 թվականին, վերակառուցվել է 1975-1978 թվականներին։ Նորվերածննդյան ոճով կառուցված թատրոնը զարդարում են Էնրիկե Բերնարդելլիի քանդակները և Ռոդոլֆո Ամոէդուի և Էլիսեու Վիսկոնտիի գեղանկարչական աշխատանքները։ Տեղավորում է 2357 հանդիսական։

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Բրազիլիա
Գտնվելու վայրըՌիո դե Ժանեյրո և Centro?
Հիմնադրման ամսաթիվ1909
Կայքtheatromunicipal.rj.gov.br(պորտ.)
 Theatro Municipal (Rio de Janeiro) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

19-րդ դարի երկրորդ կեսին Ռիո դե Ժանեյրոյի թատերական կյանքը վերելք էր ապրում, սակայն քաղաքի երկու հիմնական թատրոնները` Տեատրո Սան-Պեդրոն և Տեատրո Լիրիկոն, չէին համապատասխանում ինչպես հասարակության, այնպես էլ` դերասանների պահանջներին։ 1894 թվականին դրամադուրգ Արթուր Ազևեդուն արշավ է կազմակերպում Կոմեդի ֆրանսեզի նմանությամբ քաղաքային թատրոն կառուցելուն աջակցելու համար։ Սահմանվում է նոր քաղաքային հարկ, սակայն հավաքված միջոցներն այդպես էլ նպատակի համար չեն օգտագործվում[1]։

Քաղաքային թատրոն ունենալու մասին միտքը նորից աջակցություն է ստանում 20-րդ դարի սկզբին, և պրեֆեկտ Պերեյրա Պասսուսը մրցույթ է հայտարարում թատերական շենքի լավագույն նախագծի համար։ 1904 թվականի մարտին ներկայացվում է յոթ նախագիծ։ Հավասար ձայներ են ստանում երկու նախագիծ, որոնց հեղինակները, ինչպես հետագայում պարզվում է, եղել են բրազիլացի Ֆրանսիսկու դե Օլիվեյրա Պասսուսը (պրեֆեկտի որդին) և ֆրանսիացի ճարտարապետ Արլբերտ Գիլբերը։ Քաղաքային ղեկավարությունը մամուլի կողմից մեղադրվում է կողմնապահության և արդյունքները կեղծելու համար, և 1973 հանդիսական տեղավորող վերջնական նախագիծն իրենից ներկայացնում էր երկու հեղինակների աշխատանքների համադրությունը[1]։

Շինարարական աշխատանքներն սկսվում են 1905 թվականի հունվարի 2-ին և շարունակվում են մինչև 1909 թվականի հուլիս։ Թատրոնի նոր շենքի ձևավորման վրա աշխատում էին հայտնի քանդակագործ Էնրիկե Բերնարդելլին և նկարիչներ Ռոդոլֆո Ամոէդուն և Էլիսեու Վիկսոնտին, խճանկարների և վիտրաժների ստեղծման համար հրավիրվում են եվրոպացի վարպետներ։ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային թատրոնը բացվում է 1909 թվականի հուլիսի 14-ին, Բրազիլիայի նախագահ Նիլու Պեսանյայի կողմից[1]։ 1934 թվականին Ռիո դե Ժանեյրոյի բնակչության թվի աճով պայմանավորված թատրոնն ընդարձակվում է` տեղավորելով 2205 հանդիսական։ Վերակառուցման աշխատանքները տևում են ընդամենը 3 ամիս։ Ավելի ուշ հանդիսասրահի տեղերի թիվը հասնում է 2361-ի։ 1975-1978 թվականներին թատրոնը փակվում է հիմնական վերակառուցման համար։ 1996 թվականին, երբ թատրոնի չափերը կրկին բավարար չէին բնականոն աշխատանքի համար, սկսվում է ադմինիստրատիվ կարիքների և փորձերի համար անհրաժեշտ օժանդակ կորպուսի շինարարությունը։ 2008 թվականին, թատրոնի 100-ամյակի շեմին, կրկին միջոցներ են հատկացվում ընդհանուր վերանորոգման համար, և թատրոնը փակվում է 18 ամիս ժամկետով։ Վերանորոգված շենքը բացվում է 2010 թվականի մայիսին[1]։

Ճարտարապետություն խմբագրել

 
Պարի ալեգորիա

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային թատրոնը գտնվում է Բրազիլիայի նախկին մայրաքաղաքի մշակութային կենտրոնում, Սինելանդիա հրապարակում, Բրազիլիայի ազգային գրադարանի և Գեղեցիկ արվեստների ազգային թանգարանի մոտ[2]։ Թատրոնը կառուցված է նորվերածննդյան ոճով, ընդհանուր գծերով հիշեցնում է Գրանդ օպերայի շենքը Փարիզում։ Շենքի դիմացը տեղադրված են Ռոդոլֆո Բերնարդելլիի Երաժշտության և Պոեզիայի արձանները։ Արձանների միջև գտնվում է Ռիո դե Ժանեյրոյի գերբը` թատրոնի շինարարության ամսաթվով։ Եզրազարդերի վրա ոսկե տառերով գրված է Theatro Municipal[3]: Տանիքին առկ է կենտրոնական ապակե գմբեթ` ոսկե արծիվով։ Արծվի բացված թևերի չափերը հասնում են 6 մետրի[4]։ Ճակատամասի երկու կողմերում տեղադրված են Ռոդոլֆո Ամոէդոյի կողմից քանդակված գմբեթներով զարդարված ռոտոնդաներով։ Ռոտոնդների ֆրիզների վրա ոսկե տառերով փորագրված են բրազիլական ու համաշխարհային թատերական գործիչների` Վերդիի, Գոմեսի, Գյոթեի, Մարտինսի, Վագների և Մոլիերի անունները։ Շինության դիմացը տեղակայված են Պարի, Երգի, Ողբերգության և Կատակերգության արձանները[3]։

Շենքի ներս տանող երեք բրոնզե դռների վերևում կա մարմարե բալկոն և մուսաներից մեկի պատկերով վիտրաժ։

 
«Ժամացույցների պարը» հանդիսասրահի կենտրոնական պլաֆոնի վրա

Եռաշարք հանդիսասրահը տեղավորում է 2357 հանդիսական։ Վերանորոգումից հետո կաշվե նստարանները ծածկվել են կարմիր թավիշով, իսկ հատակի դարչնագույն ծածկը հանվելով է` բացելով ի սկզբանե արված փայտե մանրահատակը։

 
Տեսարան Գոմեսի «Գուարանի» օպերայից

Հանդիսասրահի կոմպոզիցիայի կենտրոնն է վարագույրը, որը կոչվել է «արվեստի ազդեցություն քաղաքակրթության վրա»։

Քաղաքային թատրոնի մեկ այլ տեսարժան վայրերից է առաջին հարկում գտնվող Assírius ռեստորանը, որի ձևավորումը նպատակ ունի հիշեցնել հին Բաբելոնն ու Պարսկաստանը։ Սրահի պատերը զարդարված են խճանկարով, որոնք պատկերում են տեսարաններ «Գուարանի», «Տոսկա», «Էլեկտրո», «Զիգֆրիդ», «Սիրանո դե Բերժերակ», «Օթելլո», «Ֆաուստ» օպերաներից[3].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Պատմությունը Արխիվացված 2013-10-04 Wayback Machine պաշտոնական կայքում (պորտ.)
  2. «Municipal Theatre». Rio.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. 3,0 3,1 3,2 Karyl Charna Lynn. «Architectural guide to the Theatro Municipal do Rio de Janeiro». The Opera Critic. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «Rio de Janeiro Theatre – Top Places in Rio de Janeiro». World Top Top. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել