Ռիգայի պատմության և ծովագնացության թանգարան

Ռիգայի պատմության և ծովագնացության թանգարան (լատիշ․՝ Rīgas vēstures un kuģniecības muzejs), թանգարան Ռիգայում, որի ցուցադրությունները լուսաբանում են Ռիգայի պատմությունը՝ սկսած քաղաքի հիմնադրման պահից՝ 1201 թվականից մինչև 20-րդ դարի առաջին կեսը։ Թանգարանը գտնվում է Հին Ռիգայում՝ Ռիգայի մայր տաճարի ճարտարապետական համալիրում։

Ռիգայի պատմության և ծովագնացության թանգարան
Տեսակծովային թանգարան և թանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՎայրՊալաստա փողոց
ՀասցեPalasta iela 4, Rīga, LV-1050[1]
Հիմնադրվել է1964
Մակերես3862 քառակուսի մետր, 7683 քառակուսի մետր
Հավաքածուի չափս565 960[1]
Կայքrigamuz.lv
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանի պատմություն խմբագրել

 
Սյուներով սրահ թանգարանում
 
Թանգարանի սրահներից

Թանգարանի ստեղծման պատմությունը սկսվում է 18-րդ դարից։ Դրա ստեղծման հիմքում ընկած է ռիգացի բժիշկ Նիկոլաուս ֆոն Հիմզելի բնագիտական գեղարվեստական և պատմական արժեք ներկայացնող առարկաների հարուստ և բազմազան հավաքածուն։ Բժշկի մահից հետո նրա մայրը՝ Կատրինա ֆոն Հիմզելը, կատարելով որդու կամքը, հավաքածուն նվիրաբերեց Ռիգային։ 1773 թվականի փետրվարի 22-ին Ռիգայի քաղաքապետարանը որոշեց ստեղծել թանգարան[2]՝ այն կոչելով Հիմզելի անունով։ Թանգարանը տեղակայվեց այսպես կոչված Անատոմիական թատրոնի շենքում (շենքը չի պահպանվել)։ 1791 թվականին թանգարանը տեղափոխվեց Մայր տաճարի համալիրի արևելյան թև, որը հատուկ վերակառուցվել էր քաղաքային գրադարանի և թանգարանի կարիքների համար։ Այդ մասին է վկայում շենքի ճակատային մասի «MUZEUM» մակագրությունը և աստրոլաբը։ 1816 թվականին թանգարանում բացվեց արվեստի հատուկ ցուցասրահ, իսկ 1881 թվականին քաղաքի Հիմզելի թանգարանի դրամագիտական հավաքածուների միավորման հիման վրա ստեղծվեց մետաղադրամների ցուցասրահ։ Թանգարանի պատմությունը սերտորեն կապված է Ռուսաստանի մերձբալթյան տարածաշրջանի պատմության և հնությունների ուսումնասիրման ընկերության, Ռիգայի բնագիտական հետազոտությունների ընկերության, քաղաքացիների գրական ստեղծագործական միության և Ռիգայի բժիշկների միության գործունեության հետ։ Այս ընկերությունների հավաքածուները ցուցադրվել են 1858 թվականին այսպես կոչված Ռիգայի թանգարանում։ 19-րդ դարի 60-ական թվականներին Ռիգայի թանգարանում թողնվեց Հիմզեյի թանգարանի բնագիտական և հնագիտական հավաքածուն, իսկ հավաքածուի մի մասը հանձնվեց նոր ստեղծված քաղաքային պատկերասրահին։

1890 թվականին վերոհիշյալ գիտական ընկերությունները իրենց հավաքածուներով տեղափոխվեցին Մայր աթոռի համալիր, որտեղ էլ հատուկ թանգարանի կարիքների համար կառուցվեց նոր շենք Պալաստի փողոցի թիվ 4 հասցեում, այդ պատճառով էլ թանգարանը իր գտնվելու վայրի հետ կապված ստացավ Մայր աթոռ անվանումը։ Նրա հովանավորը դարձավ Ռուսաստանի մերրձբալթյան տարածաշրջանի պատմության և հնությունների ուսումնասիրության ընկերությունը։ Մայր աթոռի թանգարանում տեղակայվեցին Հիմզելի թանգարանի հավաքածուները, այնտեղ էին գտնվում Ռիգային պատկանող դրամագիտական հավաքածուն և զանազան արժեքավոր իրեր։

1932 թվականին Մայր աթոռի թանգարանը իր ունեցած հավաքածուներով ընդգրկվեց Լատվիայի հուշարձանների պահպանության վարչության օբյեկտների ցանկի մեջ, բայց 1936 թվականին փակվեց։ Միաժամանակ Ռիգայի քաղաքապետարանն իր տրամադրության տակ եղած նյութերի հիման վրա (այդ թվում Հիմզելի թանգարանի առարկաների) ստեղծեց Ռիգայի քաղաքային պատմության թանգարանը։ Հուշարձանների վարչությունը այս թանգարանին տրամադրեց Ռիգայի պատմության հետ կապված մշակութային և պատմական նյութերը և նախկին Մայր աթոռի թանգարանի դրամագիտական հավաքածուն։ Թանգարանի գործունեությանը և զարգացմանը խանգարեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ինչպես նաև հետագայում Լատվիայում խորհրդային իշխանության հաստատումը։ Բալթյան գերմանացիների արտաքսումը և գերմանացիների կողմից գրավված երկրներից հավաքածուների դուրս բերումը նպաստեցին թանգարանային ֆոնդերի մի մասի կորստին։ Այդ ժամանակահատվածում թանգարանը բազմիցս փոխել է իր անվանումը։ 1964 թվականին թանգարանը ստացավ իր ներկայիս անվանումը «Ռիգայի պատմության և նավագնացության թանգարան», որում արտացոլված էր նոր ուղղությունը նրա աշխատանքում։

1940 թվականին Լիտվայի ԽՍՀՄ-ին միանալու կապակցությամբ թանգարանը ազգայնացվեց և դրանից հետո գտնվում էր պետական վերահսկողության ներքո։ 2005 թվականին թանգարանը վերակազմավորվեց Պետական գործակալության։

Թանգարանի ֆոնդերում պահվում են ավելի քան 500000 առարկաներ, որոնք համակարգված են 80 հավաքածուներում։ Թանգարանը ունի երեք մասնաճյուղ, Մենցենդորֆի տունը Ռիգայում, 16-18-րդ դարերի ռիգացիների տուն-թանգարանը (1992) և Լատվիայի լուսանկարների թանգարանը Այնաժում (1993), Այնաժի ծովագնացության դպրոց (բացվել է 1969 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել