Ռետինե ձեռքի պատրանք, հոգեբանական գիտափորձ՝ ուղղված հետազոտվողի մեջ շոշափելիքի պատրանքի ստեղծմանը, ըստ որի՝ սեղանին դրված արհեստական ռետինե ձեռքն ընկալվում է որպես սեփական մարմնի մաս։

Պատմություն խմբագրել

Մարմնական պատրանքների ստեղծման և ուսումնասիրության հետ կապված առաջին գիտափորձն անցկացվել է 1998 թվականին Մեթյու Բոտվինիկի և Ջոնաթան Քոենի կողմից Փիթսբուրգի համալսարանի հոգեբուժության ֆակուլտետից և Կարնեգի Մելոն համալսարանից։ Հետազոտության ընթացքում ներկայացվել և նկարագրվել է մարմնի իրական մասը ռետինե ձեռքով փոխարինելու փորձը[1]։

Նկարագրություն խմբագրել

Դասական գիտափորձն անցկացվում է հետևյալ կերպ․ սեղանին՝ հետազոտվողի առջև, դրվում է ռետինե ձեռքի նմուշը։ Նրա իրական ձեռքը ևս դրվում է սեղանին, սակայն գտնվում է էկրանի հետևում՝ տեսադաշտից դուրս։ Կարևոր է, որ իրական և ռետինե ձեռքերը դրվեն զուգահեռ։ Հետազոտողը սկսում է նույնատիպ վրձիններով երկու ձեռքը միաժամանակ շոշափել՝ դիպչելով նույն հատվածներին։ Որոշ ժամանակ անց հետազոտվողը սկսում է զգալ՝ իբրև ռետինե ձեռքը դրսևորում է շոշափելիքի զգայություն։ Բացի այդ, հետազոտվողն ունենում է ռետինե ձեռքի տիրապետման զգացողություն․ կարծես այն դառնում է իր մարմնի մի մասը[1][2]։

Դրսևորում խմբագրել

Ռետինե ձեռքի պատրանքի առաջացման շրջանակներում ամենահաճախ դիտվող երևույթը արհեստական ձեռքի տիրապետման զգացողությունն է։ Դա նշանակում է, որ մարմնի կառուցվածքը ենթարկվում է այնպիսի փոփոխությունների, որ իր իրական ձեռքի փոխարեն անձը սկսում է ընկալել ռետինե ձեռքը։

Բացի ռետինե ձեռքի տիրապետման փորձից (ownership), հետազոտվողը ստանում է իր իրական ձեռքի «տիրապետման նվազման» փորձ (disownership)։ Որպես դրա ֆիզիոլոգիական ցուցիչ՝ նկատվում է գիտափորձին մասնակցող ձեռքի ջերմաստիճանի նվազում[3]։

Պատրանքի արձանագրման մեթոդներ խմբագրել

Պատրանքի արձանագրման համար օգտագործվում են տարբեր մեթոդներ։ Ռետինե ձեռքի տիրապետման սուբյեկտիվ զգացողությունը ֆիքսում են հարցարանի միջոցով[1][4]։

Բացի արհեստական մանիպուլյատորի տիրապետման զգացողությունից, պատրանքն առաջացնում է նաև իրական ձեռքի դիրքի ընկալման փոփոխություն։ Այդ ցուցիչը կոչվում է պրոպրիոցեպտիվ տեղաշարժ։ Այն կարելի է չափել՝ գիտափորձից առաջ և հետո հետազոտվողին առաջարկելով ցույց տալ, թե որտեղ է գտնվում իր թաքնված ձեռքը։ Պատրանքի ներգործության արդյունքում հետազոտվողին իր ձեռքն ավելի մոտ է թվում ռետինե նմուշին, քան իրականում տեղակայված է[3][5]։

Հաճախ օգտագործվում է նաև ֆիզիոլոգիական ցուցիչ՝ կեղևի էլեկտրական ակտիվությունը․ գիտափորձի ընթացքում ռետինե ձեռքը վնասելու իմիտացիա առաջացնելու պարագայում կեղևի գալվանական ակտիվությունը մեծանում է, եթե հետազոտվողը ռետինե ձեռքն ընկալում է իբրև իր սեփականը։

Պատրանքի ներգործության ևս մեկ ֆիզիոլոգիական ցուցիչ է հանդիսանում իրական ձեռքի ջերմաստիճանի նվազումը[3]։

Մարմնական պատրանքների առաջացման մեխանիզմներ խմբագրել

Ռետինե ձեռքի պատրանքի առաջացման տեսանկյունից սկզբունքային է համարվում գիտափորձի հետևյալ պայմանների ապահովումը՝ ժամանակի մեջ տարբեր մոդալության ազդակների առաջացման միաժամանակությունը և համաձայնեցվածությունը։

Մարմնազգայական պատրանքի առաջացումը պայմանավորված է տարբեր գործընթացներով։ Պատրանքի մոդելավորման ժամանակ առաջանում է ազդակների տեսողական-շոշափելիքի ինտեգրում։ Ընդ որում, շոշափելիքի ազդակները վերաբերում են հետազոտվողի իրական, թաքնված ձեռքին, իսկ տեսողականը՝ նմուշին։ Մարմնի պատկերի ընկալման ժամանակ տեսողության առանցքային գործառույթի արդյունքում ձեռքի կերպարը «տեղափոխվում է» այնտեղ, որտեղ անձը այն տեսնում է, այլ ոչ թե՝ ֆիզիկապես զգում։ Ազդակների տեսողական-շոշափելիքի ինտեգրացիան կենտրոնական դեր է խաղում մարմնական տարբեր պատրանքների առաջացմանն ուղղված հետազոտություններում, թեև այն նմանատիպ պատրանքի առաջացման միակ գործոնը չէ։

Պատրանքի ֆենոմենոլոգիա խմբագրել

  • «Ռետինե ձեռքի» պատրանք
  • «Փոփոխվող դեմքի» պատրանք
  • «Ռետինե ձեռքի» պատրանք մեկ կամ երկու մատի գրգռման դեպքում
  • «Շարժվող ձեռքի» պատրանք
  • «Մարմարե ձեռքի» պատրանք
  • «Շատ երկար ձեռքի» պատրանք
  • «Հսկայական ձեռքի» պատրանք

Սահմանափակումներ խմբագրել

Իրական և վիրտուալ ձեռքին միաժամանակ և ոչ միաժամանակ հպման գիտափորձ

Կարոլինյան ինստիտուտում անցկացվել են փորձեր, որոնք սահմանել են «ռետինե ձեռքի» պատրանքի որոշակի սահմանափակումներ։ Առաջ են քաշվել մի շարք դեպքեր, երբ այդ պատրանքը չի առաջանում․

  • եթե հետազոտվողի իրական և ռետինե ձեռքերի վրա ներգործությունը համաչափ չէ, և այդ անհամաչափ ազդակների միջև ժամանակահատվածը 300 միլիվայրկյանից ավելի է
  • եթե իրական և ռետինե ձեռքերի միջև կա էական տարածություն (ավելի քան 27,5 սմ)
  • եթե ռետինե ձեռքը գտնվում է անբնական, անատոմիապես ոչ ճիշտ դիրքում
  • եթե որպես փոխարինող ձեռք օգտագործվում է որևէ վերացական իր (օրինակ՝ փայտի կտոր)։

Բոլոր նկարագրված դեպքերը կարելի է դասակարգել ժամանակային, տարածական և անատոմիական սահմանափակումների խմբերում։

Նշանակություն խմբագրել

Նկարագրված գիտափորձի արդյունքները կիրառելի են մարմնաընկալման տարատեսակ խանգարումների շտկման ոլորտում։ Մարմնական պատրանքների ուսումնասիրությունը թույլ է տալիս բացահայտել սեփական մարմնի ընկալման մեխանիզմները, հետազոտել մարմնի բազմամոդալ կերպարի կառուցման օրինաչափությունները և հայտնաբերել ախտաբանական վիճակներում նմանատիպ դրսևորումների ճանաչման և շտկման ուղիները։

Խնդիրը գտնվում է ընկալման հոգեբանության, նյարդաֆիզիոլոգիայի և հոգեֆիզիոլոգիայի, ինչպես նաև հոգեսոմատիկայի սահմանագծին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Botvinick M., Cohen J. Rubber hands «feel» touch that eyes see.. — 1998.
  2. «Перепелкина О.С., Арина Г.А., Николаева В.В. Телесные иллюзии: феноменология, механизмы, экспериментальные модели // Психологические исследования. 2014. Т. 7, № 38. С. 9». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 Moseley G.L., Olthof N., Venema A., Don S., Wijers M., Gallace A., Spence C. Psychologically induced cooling of a specific body part caused by the illusory ownership of an artificial counterpart.. — 2008.
  4. Longo M.R., Schuur F., Kammers M.P., Tsakiris M., Haggard P. What is embodiment? A psychometric approach.. — 2008.
  5. Ehrsson H. The concept of body ownership and its relation to multisensory integration.. — 2012.