Ռեջինալդ Վերնոն Օութս (անգլ.՝ Reginald Vernon Oates, 1950), ամերիկացի սերիական մարդասպան, որը 1968 թվականի ապրիլի մի քանի օրվա ընթացքում Բալթիմորի (Մերիլենդ նահանգ) տարածքում անչափահաս տղաների 4 սպանություն է կատարել՝ հոգեկան խանգարմանը բնորոշ առանձնահատկություններով[1]։

Ռեջինալդ Օութս
Ծննդյան ամսաթիվ1950
Սպանություն

Կենսագրություն խմբագրել

Ռեջինալդ Օութսը ծնվել է 1950 թվականին Մերիլենդ նահանգի Բալթիմոր բնակավայրում։ Մեծացել է օրինապահ ապրելակերպ վարող որդեգիր ծնողների ընտանիքում։ Օութսի ընտանիքն ապրել է քաղաքային այն շրջանում, որը հիմնականում բնակեցված էր սպիտակամորթ ամերիկացիներով, ինչի հետևանքով ընտանիքը ենթարկվել է սեգրեգացիայի քաղաքականության, իսկ մանկությունն ու պատանեկությունը Ռեջինալդն անցկացրել էր սոցիալապես անապահով միջավայրում, քանի որ հարձակումների է ենթարկվել մաշկի սպիտակ գույն ունեցող այլ երեխաների կողմից։ 1965 թվականին Օութսը, լինելով 9-րդ դասարանի աշակերտ, դպրոցի մյուս աշակերտների ցուցմունքների հիման վրա մեղադրվել է զինված կողոպուտի փորձի մեջ, այն բանից հետո, երբ մեղադրանքի վարկածով, դպրոցի մեկ այլ աշակերտից զենքի սպառնալիքով պահանջել է մի քանի ցենտ՝ սննդի դիմաց վճարելու համար, մինչդեռ Օութսը դա հերքել է։ Չնայած, որ Ռեջինալդ Օութսի մեղավորությունը կասկածի է ենթարկվել ռասայական նախապաշարմունքների պատճառով, նա մեղավոր է ճանաչվելով և որպես քրեական պատիժ երկու տարվա ազատազրկման է դատապարտվել՝ ծառայելով մանկահասակ հանցագործների համար նախատեսված հաստատությունում։ Օութսի որդեգիր ծնողները որդու դատապարտումից հետո հայտարարել են, որ Ռեջինալդը ռասիզմի հերթական զոհն է դարձել։ Բանտարկության ժամանակ Օութսը ենթարկվել է ֆիզիկական և սեռական հարձակման այլ բանտարկյալներից, ինչի հետևանքով ստացել է հոգեբանական վնասվածք, որը մեծապես ազդել է նրա հոգեբանական-հուզական վիճակի վրա։ Ազատ արձակվելուց հետո Օութսը վերադարձել է իր ծնողների մոտ, թողել դպրոցը, գտել դռնապահի աշխատանք, ընդունել է քրիստոնեության արժեհամակարգը և կանխադրույթները՝ դառնալով այս կրոնի հետևորդը և սկսել է ցույց տալ հոգեկան խանգարման նշաններ[2]։

Սպանություններ խմբագրել

1968 թվականի ապրիլի 17-ին Ռեջինալդ Օութսը 10-ամյա Լուիս Հիլին տարել է Գվինս Ֆոլզ Լիկին Պարկ այգու տարածք, որտեղ նրա վրա հարձակում է գործել, որի ընթացքում ծեծել և բռնաբարել է նրան։ Բռնի գործողություններ կատարելուց հետո Օութսը կտրել է Հիլի կոկորդը, որից հետո նրա դիակի հետ կատարել է հետմորտալ մանիպուլյացիաներ, որի ընթացքում կտրել է նրա գլուխն ու ձեռքերը։ Հաջորդ օրը Օութսը, նույն սխեմայով գործելով, այգու տարածք է տարել 8-ամյա Լարի Ջեֆերսոնին, նրա 5-ամյա եղբորը՝ Մեթյուին, և 10-ամյա Լեսթեր Ուոթսոնին, որից հետո ծեծի է ենթարկել նրանց և պատճառել կտրած-ծակած վերքեր, որոնց հետևանքով նրանք մահացել են։ Սպանությունները կատարելուց հետո, ինչպես և Հիլի մարմնի դեպքում, Ռեջինալդ Օութսը հետմորտալ մանիպուլյացիաներ է կատարել երեխաների դիակների հետ, որոնց ընթացքում կտրել է նրանց ներքին օրգանները և կտրել սեռական օրգանները, որոնք վերցրել է իր հետ։ Հաջորդ օրը երեխաների մարմինները հայտնաբերել է ոստիկանությունը։ Նույն օրն Օութսին հաջողվել է այգու տարածք տանել երկու անչափահաս աղջկա, որոնց վրա նա հարձակման փորձ է կատարել, ինչը հաջողությամբ չի պսակվել։ Օութսին ձերբակալել են իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ձերբակալության ժամանակ նրանից առգրավել են երկու պայուսակ և լանչբոքս, որոնցում եղել են սպանության զենքերը և սպանված երեխաների մարմինների մի մասը[3][4][5]։

Հետագա իրադարձություններ խմբագրել

Ռեջինալդ Վերնոն Օութսին ձերբակալելուց հետո մեղադրանք է առաջադրվել չորս սպանության, չորս բռնաբարության, բռնաբարության նպատակով հարձակման երկու մեղադրանքի և զենքի գործադրմամբ կողոպուտի մեկ մեղադրանքի համար։ Անձամբ Օութսը իրեն մեղավոր չի ճանաչել՝ հայտարարելով իր անմեղսունակության մասին։ Նրան նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն։ 1968 թվականի նոյեմբերին հոգեբանական փորձաքննությունը որոշել է, որ Ռեջինալդ Օութսը չի կարող կանգնել դատարանի առջև առողջական վիճակի պատճառով, որի հիման վրա նա նշանակվել է հարկադիր բուժման «Clifton T. Perkins State Hospital» հոգեբուժական կլինիկայում[2][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Baltimore is one of the most dangerous places to live, with somebody murdered almost daily.12 Aug, 2017».
  2. 2,0 2,1 «Youth Moms blames prison. April 30, 1968».
  3. «Bible Whyz held in murders. April 23, 1968».
  4. 4,0 4,1 «Larry Jefferson, Matt Jefferson, Louis Robert Hill, Lester Watson». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Jet. 9 май 1968».