Ռաշիդ ադ Դին, Ռաշիդ էդ Դին, Ֆազլուլա իբն Աբուլ խեյր Համադանի, 1247, Համադան, Իրան - հուլիսի 18, 1318, Թավրիզ, Իրան), իլխանության պետական գործիչ, մատենագիր։ Սերում էր իսլամ ընդունած հրեա ընտանիքից։ Եղել է բժիշկ։ Ղազան խանի (1295-1304) օրոք նշանակվել է մեծ վեզիր (1298-1317)։ Գործուն մասնակցություն է ունեցել պետության մեջ ռեֆորմների իրականացմանը, պայքարել կենտրոնախույս ուժերի դեմ, վարել հարկային չափավոր քաղաքականություն, սեփականել է մեծ թվով կալվածքներ և դարձել պետության խոշոր հողատերերից մեկը։ 1317 թվականին պաշտոնազրկվել է, ապա մեղադրվել դավադրության մեջ և մահապատժի ենթարկվել։ Գրած աշխատություններից ամենաարժեքավորը «Զամե-աթ-թավարիխ» («Տարեգրությունների ժողովածու», պարսկերեն, 1301-1311) եռահատոր պատմական երկն է։ Աշխատության առաջին մասը, որ կոչվում է նաև «Թարիխ-ե Ղազանի» («Ղազանի պատմություն»), XIII-XIV դարի սկզբի Իրանի և հարևան երկրների (այդ թվում՝ Հայաստանի) հասարակական-տնտեսական պատմության հիմնական և կարևոր սկզբնաղբյուր է, պարունակում է Ղազան խանի անունով հրապարակված, սակայն իր կազմած, յառլիկները (հրամանագրերը)։ Ռաշիդ ադ Դինը գրել է նաև ուսումնասիրություն եվրոպական երկրների մասին․ «Թարիխ-ալ-աֆրանջ» («Ֆրանկների պատմություն») պատմաաշխարհագրական աշխատության երկրորդ մասի երկրորդ գլխում ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Կիլիկյան Հայաստանի սահմանների, ճանապարհների և պաշտպանական կարողությունների մասին։ Մեծ արժեք են ներկայացնում Ռաշիդ ադ Դինի նամակներն ու գրությունները, որոնք ամփոփված են «Մուքաթեբաթ-ե-Ռաշիդի» («Ռաշիդյան գրագրություններ») ստվարածավալ հատորում։

Ռաշիդ ալ-Դին
պարս.՝ رشیدالدین فضل‌الله همدانی
Ծնվել է1247
ԾննդավայրՀամադան, Իրան
Մահացել էհուլիսի 18, 1318
Մահվան վայրԹավրիզ, Իրան
ՔաղաքացիությունԻրան
Կրոնիսլամ
ԵրկերJami' al-tawarikh?
Մասնագիտությունպատմաբան, բժիշկ, գյուտարար և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՎեզիր
 Rashid ad-Din Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։