Ջրանցքի վրայի տուն (հոլ.՝ grachtenpand), Նիդերլանդներում և շրջակայքում տարածված հին տների որոշակի տեսակ։

Տիպիկ Ջրանցքի վրայի տուն Ամստերդամում, լուսանկարը՝ 1930-1950 թվականների
Ջրանցքի վրայի տներ Հաառլեմում

Նկարագրություն խմբագրել

Ջրանցքի վրայի տները նեղ (2-3 պատուհանով), բարձր (3-5 հարկանի), խորը և փոքր-ինչ թեքված շինություններ են, որոնք կառուցվել են 17-18-րդ դարերում։ Ջրասույզ լինելու մշտական սպառնալիքի պատճառով՝ տների հիմնական մուտքերը կառուցվել են բելետաժի ձևով, որտեղ բնակիչները բարձրացել են քարե սանդուղքով. ներկայումս (19-րդ դարից սկսած) որոշ տներ վերակառուցվել են և ունեն մուտք դեպի առաջին հարկը։ Ստորին և վերին (ձեղնահարկ) հարկերը նախկինում օգտագործվել են ապրանքների պահպանման համար, այժմ դրանք, որպես կանոն, բնակելի են, թեև սրճարանով և ռեստորանով տների ջրուսույզ նկուղները, նախկինի պես օգտագործվում են որպես պահեստներ, իսկ բնակելի տներում կարող են ծառայել հեծանիվների և մեքենաների համար ավտոտնակներ։ Ջրանցքի վրայի տան ամենավերին պատուհանին ամրացվում էր շարժական կեռչան՝ կահույքի և այլ բեռների բարձրացումը հեշտացնելու նպատակով. ներսի աստիճանները չափազանց նեղ էին դրա համար։

Ջրանցքի վրայի տների հետնամասը տանում էր դեպի այլ ջրանցքով կամ հարևան փողոցի տան այգով բաժանված փոքրիկ պարտեզ։ 17-րդ դարի երկրորդ կեսին պարտեզում երբեմն կառուցում էին «հետնամասի տուն», որը երբեմն չափսերով կարող էր ցախատուն կամ զրուցարան հիշեցնել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Աննա Ֆրանկը և նրա ընտանիքը «հետնամասի տունն» օգտագործում էին որպես ապաստարան։ Անկյունային տները պարտեզներ չեն ունեցել և հետևաբար ավելի հաճախ օգտագործվել են որպես խանութներ։

Տեսակներ խմբագրել

Ջրանցքի վրայի տները լինում են զույգ կամ եռյակ. սկզբնական սեփականատերը կարող էր զգալիորեն խնայել՝ մեկ շինարարական խումբ վարձելով մի ջրանցքի վրայի մի քանի տուն կառուցելու համար (չորս կամ հինգ նույնանման տներ նույնպես հանդիպում են, սակայն զգալիորեն ավելի քիչ)։ Համարվում է, որ եթե այդպիսի երկու միանման տուն ունեցել է առանձին սիմետրիկ մուտք, դրանք նախատեսված էին վարձակալության համար։ Որոշ դեպքերում երկու տան համար հատկացված տեղում կառուցվել է երեքը, որոնց չափսերը փաստաթղթերում չէր համընկնում իրականի հետ։ Եղել է և հակառակը. հարուստ սեփականատերը կարող էր գնել երկու տան համար նախատեսված տարածք, սակայն կառուցել դրա տեղում մեկը. նմանատիպ տներ շատ են հանդիպում Ամստերդամի Հերենգրախտ ջրանցքի վրա։ Եթե այդ տներին հետևից հարակից երկու տները պատկանում էին նույն սեփականատիրոջը (այնտեղ կարող էր լինել ախոռ, կառքի կայանատեղի, պահեստ), ապա այդպիսի տունը կոչում էին «քաղաքային պալատ» (հոլ.՝ stadspaleis)։ Մեկ տան պաշտոնական լայնությունը ժամանակի ընթացքում փոխվել է՝ կազմելով 18-26 ամստերդամյան ոտնաչափ (5-6 սմ-ից մինչև 7-31 սմ)։

Ջրանցքների վրայի տների մեծ մասը քանդվել է 18-րդ դարի սկզբում՝ ավելի ժամանակակից շինությունների համար տեղ ազատելու համար։ 18-րդ դարի երկրորդ կեսին ջրանցքների վրայի տների վրա սկսում են կառուցել լրացուցիչ հարկեր և վերափոխել ճակատը (հոլանդերենում պահպանվում է ճակատները նկարագրող բազմաթիվ տերմիններ. «սանդուղքային», «պարանոցային», «ժամային», «տերևային» և այլն)։ 19-րդ դարի վերջին ջրանցքի վրայի տների վերանորոգման ժամանակ նրանք զրկվել են աստիճաններից, իսկ մուտքերը տեղափոխվել են առաջին հարկ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Herman Janse. Building Amsterdam. 1994. ISBN 90-216-7131-X
  • Koen Kleijn, Rob van Zoest, Lex Reitsma, Shinji Otani, Barbara Laan, Ben Speet, Boudewijn Bakker, Kees Zandvliet, Marleen Slooff, Jaap Evert Abrahamse, Fred Feddes, Vincent van Rossem, Jos Smit, Ernest Kurpershoek. De grachten van Amsterdam. 2013. ISBN 978 90 6868 6357

Արտաքին հղումներ խմբագրել

  • Het Grachtenhuis, Ամստերդամի ջրանցքի գոտու մասին մուլտիմեդիա թանգարան