Ջունաիդ Սուլթանին 14-րդ դարի բաղդադայան մանրանկարչական դպրոցի լավագույն ներկայացուցիչն է։

Ջունաիդ Սուլթանի
Քաղաքացիություն Իրաք
Մասնագիտությունմանրանկարիչ

14–րդ դարում Իրաքը, որը գտնվում էր ջելաիրիդների իշխանության տակ, մշակութային առումով սերտ կապեր ուներ Իրանի հետ։ Մայրաքաղաքը գտնվում էր Բաղդադում, որտեղ էլ հենց Ջելաիրիդների արքայական պալատում աշխատում էր նկարիչ Ջունաիդ Սուլթանին։

Նկարչի վրձնին են պատկանում 1396 թ մանրանկարներ, որոնք ներկայացնում են Խաջու Կերմանիի «Խամսե» պոեմին նվիրված տեսարաններ և պահվում են Լոնդոնի Բրիտանական թանգարանում։ Այս մանրանկարներից վեցը պատկերում են Կերմանիի պոեմներից մեկը, որտեղ ներկայացվում է պարսից արքայազն Խումաիի և չինացի արքայադուստր Խումայունի սերը։

Սուլթանիի աշխատանքներում նկատվում են չինական արվեստին բնորոշ գծեր, որոնք հատկապես արտացոլված են ճարտարապետական դետալների, բնանկարի և հագուստների մանրամասների մեջ։ Սակայն միաժամանակ Սուլթանին այն վարպետներից է, ում արվեստը առաջ է իր ժամանակաշրջանից։

Սուլթանին ընդլայնեց իրական աշխարհը պատկերելու շրջանակը, սակայն ոչ թե գծային կամ գունային տեսանկյունից. նրա մանրանկարը կարծես ծավալվում են էջի ամբողջ հարթության վրա՝ ներառելով բազմաֆիգուր տեսարաններ, բնանկար, ճարտարապետական կառուցներ։ Տարածությունն այստեղ ընկալվում է ասես «թռչնի թռիչքի» բարձրությունից, ընդ որում, իրար ծածկող և՛ հեռվում, և՛ մոտիկ գտնվող ֆիգուրները պատկերված են ֆրոնտալ։ Սուլթանիի կողմից առաջին անգամ կիրառված այս նոր միջոցը հետագայում դառնում է Միջին Արևելքի մանրանկարչությանը բնորոշ գիծ։

Սուլթանիի ստեղծագործություններում ուղղահայաց, ասիմետրիկ կառուցումները («Հումային Հումայունի պալատի դիմաց») պատկերվում են ավելի խիստ, կարծես մեկ կենտրոնից ծավալվող հորինվածքների հետ միասին («պահակախմբով շրջապատված Հումային և Հումայունը այգում»)։ Վերջին մանրանկարում պալատականների, աղջիկների, ծառաների ֆիգուրները գլխավոր հերոսների շուրջ կարծես ստեղծում են գունային պսակ։ Հորինվածքը կենդանացնում են հողի շրջանաձև ուրվագծերի փափուկ ռիթմը, սլացիկ ծառերը, կերպարների դիրքերը և շարժումները, գլուխների պտույտը ու թեքվածությունը։ Բարակ, ձգված, փոքր գլուխներով և նմանատիպ դեմքերով ֆիգուրները արտահայտում են գեղեցկության ընդհանուր իդեալը։ Նուրբ երանգներով հողը ծածկված է ծաղկային գորգով։ Վարպետը համարձակորեն օգտագործում է կապույտի, կարմիրի, կանաչի, շագանակագույնի և այլ երանգներ, որոնց ֆոնի առանձնանում են սպիտակի, ոսկու, արծաթի կետերը։ Սուլթանիի ստեղծագործությունների համեմատությունը գրեթե իրեն ժամանակակից 1398 թ-ի «Պարսկական պոեզիայի հավաքածուի» բնանկարների հետ, վկայում է բաղդադյան վարպետի մոտ բնության ավելի կենդանի, անմիջական, լիրիկական պատկերման մասին։ Այդ հարաբերությամբ հատկապես առանձնանում է երկու ասպետների պայքարը անտառային լճակի մոտ՝ շրջապատված լեռներով։ Մարտի փոխանցման մեջ չկա դրամատիզմ, շարժումներն զսպված են։ Մարտի լարվածությունն արտահայտվում է մարտական ձիերի և մի կողմ նետված աղեղների միջոցով։ Սակայն, չնայած ամբողջ պայմանականությանը մանրանկարը բավական բնական է և հարմոնիկ։ Հորինվածքի կենտրոնն ազատ է։ Բոլոր պատկերները կառուցված են օվալի շուրջ։ Սակայն մանրանկարը բավական ստատիկ է։ Ամբողջությամբ կառուցված է գծերի հարուստ ռիթմով։ Բնանկարի մեջ մտնում է գործողության սկիզբը, այն կենդանանում է, դառնում է ներշնչված։ Ջելաիրիդների պետության անկումը և Թիմուրի կողմից Բաղդադի գրավումը 14-15 –րդ դարերի սահմանում ուղեկցվում է Միջին Ասիա արհեստավորների ու վարպետների տեղափոխմամբ։ Հնարավոր է, որ նրանց հետ Արևելք են տեղափոխվել նաև 14-րդ դարի Բաղդադի դպրոցի նկարիչները։