Ջերմամատակարարում, ջերմության մատակարարում բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքերին (կառույցներին)՝ սպառողների կոմունալկենցաղային (ջեռուցում, օդափոխություն, տաք ջրամատակարարում) և տեխնոլոգիական կարիքները բավարարելու համար։

Տեսակներ խմբագրել

Տարբերում են՝

  • տեղական՝ մեկ կամ մի քանի շենքերի
  • կենտրոնացված՝ բնակելի կամ արդյունաբերական շրջանների ջերմամատակարարում։

ԽՍՀՄ-ում մեծ նշանակություն է ձեռք բերել կենտրոնացված ջերմամատակարում, որը տեղականի համեմատությամբ ունի առավելություններ վառելիքի ծախսի և շահագործման ծախսումների զգալի նվազեցում (օրինակ, կաթսայական տեղակայանքների ավտոմատացման և դրանց օգտակար գործողության գործակցի բարձրացնելու հաշվին), ցածրորակ վառելիքի օգտագործման հնարավորություն, օդային ավազանի աղտոտման աստիճանի նվազեցում և բնակավայրերի սանիտարական վիճակի լավացում։

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգ խմբագրել

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգը ներառնում է ջերմության աղբյուրը (ջերմաէլեկտրակենտրոն, միայն ջերմություն արտադրող մեծ հզորության կաթսայական տեղակայանքներ և այլն), ջերմային ցանցը և ջերմությունը սպառող տեղակայանքները։

Կենտրոնացված ջերմամատակարարման համակարգերում ջերմակիր են համարվում մինչև 150 °С ջերմաստիճանի ջուրը (ջերմամատակարարման ջրային համակարգ) 0,7-1,6 Մն/մ2 (7-16 մթն) ճնշման տակ գտնվող գոլորշին (ջերմամատակարուման գոլորշային համակարգ)։

Ըստ տաք ջերմամատակարարման տեղակայանքների միացման սխեմայի ջերմամատակարարման ջրային համակարգերը լինում են՝

  • փակ
  • բաց։
Փակ

Փակ համակարգում տաք ջուրը, շրջանառություն կատարելով, իր ջերմությունը հաղորդում է սպառիչների տաքացման մակերևույթներին, սակայն ջերմային ցանցից անմիջական օգտագործման համար չի վերցվում։

Բաց

Բաց համակարգում շրջանառություն կատարող ջերմակիրը լրիվ կամ մասամբ կարող է վերցվել ջերմային ցանցից անմիջական օգտագործման համար։ Գոլորշային համակարգերն իրականացվում են երկու սխեմայով՝ գոլորշու կոնդենսատի ետվերադարձմամբ և առանց ետվերադարձման։

Ջերմամատակարարման և՛ ջրային և՛ գոլորշային համակարգերը կարող են լինել՝

  • միախողովակ,
  • երկխողովակ
  • բազմախողովակ։
Միախողովակ

Միախողովակ համակարգերում ջերմակիրը լրիվ օգտագործվում է ջերմային սպառիչների կողմից և ետ չի վերադարձվում։ Այս համակարգերն ունեն պարզ սխեմա և էժան են։

Երկխողովակ

Երկխողովակ համակարգերում ջերմակիրը լրիվ կամ մասամբ ետ է վերադարձվում ջերմային աղբյուր՝ լրացվելու և նորից տաքացվելու համար։

Բազմախողովակ

Բազմախողովակ համակարգերում տարբեր բնույթի ջերմային սպառիչներին ջերմակիրը մատակարարվում է առանձին խողովակագծերով։ Դա հնարավորություն է տալիս բարձրացնել ջերմամատակարարման որակը, պարզեցնել շահագործումը։ Այս համակարգերը պահանջում են կապիտալ մեծ ներդրումներ։

Կագավորում խմբագրել

Ջերմամատակարարման կագավորումն իրականացվում է երեք եղանակով՝

  • որակական,
  • քանակական
  • որակական-քանակական։
    • Որակական կարգավորման դեպքում փոփոխվում է միայն ջերմակրի ջերմաստիճանը, իսկ ծախսը մնում է հաստատուն։
    • Քանակական կարգավորման դեպքում փոխվում է ջերմակրի ծախսը, իսկ ջերմաստիճանը մնում է հաստատուն։
    • Որակական-քանակական կարգավորման դեպքում փոփոխվում են ջերմակրի և՝ ծախսը և՝ ջերմաստիճանը։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերմամատակարարում» հոդվածին։