Հին աշխարհը, մարդկության պատմության նախապատմական դարաշրջանից մինչև միջնադարի առաջին շրջանի ժամանակահատվածն է։

Հին աշխարհի երկրներից էին Եգիպտոսը` Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի հովտում, ասիական պետություններ Աքքադն ու Շումերը` Տիգրիս և Եփրատ գետերի միջև՝ Միջագետքում: Այնուհետև մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում հենց այստեղ առաջացան Բաբելոնն ու Ասորեստանը: Հնագույնների շարքին են դասվում նաև Հնդկաստանում (Ինդոս և Գանգես գետերի հովիտներում) և Չինաստանում (Հուանհե գետի ափերին) կազմավորված պետությունները: Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակում Եվրոպայում ամենամեծը Աթենք ու Սպարտա հունական պետություններն էին: Իսկ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում հիմնադրվեց Հռոմ քաղաքը, որը դարձավ Հռոմեական պետության մայրաքաղաքը: Տաք կլիման, հողին խոնավություն և բերրիություն պարգևող գետերը, անտառները, անասունների համար արոտավայր հանդիսացող խոտավետ տափաստաններն ու կանաչախիտ մարգագետինները և, վերջապես, մետաղների (պղնձի ու երկաթի) հանքաշերտերը հնարավորություն տվեցին, որ այդ պետությունների տարածքում բնակվող մարդիկ նախնադարյան կենսաձևից զարգացման ավելի բարձր աստիճանի անցնեն ավելի վաղ, քան որևէ այլ վայրում: Նրանք առաջինը սովորեցին աշխատանքի գործիքներ ու զենք պատրաստել մետաղներից: Այստեղ հասարակությունը վաղ բաժանվեց դասակարգերի՝ ստրուկների, աղքատների ու հարուստների, ուստի և ձևավորվեցին պետություններ՝ իրենց օրենքներով, դատարաններով, բանակով, որոնք ամրապնդում էին ստրկատերերի իշխանությունը: (մանրամասն...)