Պորտալ:Գեղարքունիքի մարզ/Ընտրված շրջան

Վարդենիսի շրջան (մինչև 1969 թվականը՝ Բասարգեչարի շրջան), Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի վարչատարածքային միավոր այժմյան Գեղարքունիքի մարզի հարավ-արևելքում։ Գտնվել է ՀԽՍՀ ծայր արևելքում՝ Սոթքի լեռնանցքով կապվելով Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Կազմավորվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին։ Տարածությունը 1151 քառ. կմ էր, բնակչությունը՝ 60 200 մարդ (1987), խտությունը՝ 52,3 մարդ։

Վարդենիսի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Վարդենիսի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Սյունիք նահանգի Սոդք գավառը, իսկ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ մտել է Երևանի կուսակալության, ապա՝ 17-18-րդ դարերում մտել է Երևանի խանության Գյոգչայի մահալի մեջ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո՝ Թուրքմենչայի պայմանագրով (1828) Վարդենիսը կազմել է Հայկական մարզի, ապա՝ Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի մասը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո մինչև շրջանի կազմավորումը՝ Վարդենիսի շրջանը Նոր Բայազետի գավառի Բասարգեչար գավառամասն էր։

Ճարտարապետական հուշարձաններից նշանավոր են կիկլոպյան ամրոցները, Մաքենյաց վանքը (9-11-րդ դարեր), Ազատի և Զոդի եկեղեցիները (13-րդ և 17-րդ դարեր)։ Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 104 սկզբնական կուսակցական և 129 կոմերիտական կազմակերպություն։ Լույս էր տեսնում «Վարդենիս» շրջանային թերթը։