Պողոս Պետրոս ԺԱ Էմանուելյան
Պողոս Էմմանուելյան (1829[1] - 1904[1], Կեսարիա, Թուրքիա[1]), հայ կրոնա–իդեալիստական փիլիսոփա։
Ծնվել է | 1829[1] |
---|---|
Մահացել է | 1904[1] Կեսարիա, Թուրքիա[1] |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայ Կաթողիկէ Եկեղեցի[1] |
Մասնագիտություն | փիլիսոփա և քահանա |
Սովորել է Զմմառի վանքում և Հռոմի հավատասփյուռ ժողովի վարժարանում[2]։ Ստացել է աստվածաբանության վարդապետի վկայական։ Եղել է Կեսարիայի եպիսկոպոս, իսկ 1899-1904 հայ կաթոլիկական համայնքի պատրիարք[3]։
Էմանուելյանի աշխարհայացքը շարադրված է «Տարերք բանական փիլիսոփայութեան» (հ. 1 – 2, 1872) աշխատության մեջ։ Ձգտել է կաթոլիկական գաղափարախոսությունը հարմարեցնել հայ իրականության մեջ ձևավորվող բուրժ. հարաբերությունների առաջադրած պահանջներին։ Հետագայում փորձել է հայ հասարակական միտքը կապել եվրոպական լուսավորության նվաճումներին։ Էմանուելյանի փիլիսոփայությանը հատուկ է կրոնի և գիտության հաշտեցման, կղերական մտածողության և բնագիտական հետազոտության արդյունքների միջև կապերի ստեղծման միտումը։ Սուբստանց է համարել աստծուն և նրա ատրիբուտները։ Փիլիսոփայության իմաստը համարել է մարդուն ճշմարտության և բարոյական կատարելության հասցնելը, ուստի փիլիսոփայությունը բաժանել է տեսական–իմացականի (համաբնաբանություն), որը վերաբերում է աշխարհի էությանը, ճշգրիտ գիտելիքների ձեռքբերմանն ու սուբստանցին առհասարակ, և բարոյական փիլիսոփայության, որը վերաբերում է մարդու և հասարակության բարոյական մեկնակետերին։ Մշակել է ճանաչողության տրամաբանական միջոցներն ու ստեղծել ամողջական ուսմունք, որը գնահատելի ներդրում է գիտական իմացության տրամաբանության զարգացման ասպարեզում։ Որպես կրոնա–իդեալիստական մտածող, Էմմանուելյանը մարդու մտավոր ու բարոյական կատարելագործումը հիմնել է հավատի վրա, կրոնի և գիտության փոխհարաբերությունը լուծել հօգուտ առաջինի, գտնելով, որ գիտությունը չի հակասում հավատին, այլ նպատակ ունի բանականորեն հիմնավորել աստծո գոյությունը։
Գրականություն խմբագրել
- Ռշտունի Է., Պողոս Էմմանուելյանի տրամաբանական հայացքները, տես՝ «XIX դարի հայ փիլիսոփայական մտքի պատմությունից», Ե., 1969: Է. Ռշտունի
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 47)։ |