Պլատովի ձիարձան (Նովոչերկասկ)

Մատվեյ Պլատովի ձիարձան (ռուս.՝ Конный памятник Матвею Платову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Նվիրված է Դոնի կազակական զորքի ատաման, հեծելազորի գեներալ, Ռուսական կայսրության 18-րդ դարի վերջի - 19-րդ դարի սկզբի բոլոր պատերազմների մասնակից Մատվեյ Իվանովիչ Պլատովին (1753-1818)։ Բրոնզե ձիարձանը տեղադրված է Պլատովի պողոտայում՝ Համբարձման զորական մայր տաճարի առջև։ Բացվել է 2003 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ, ՌԴ վաստակավոր նկարիչ (2004) Ա. Ա. Սկնարինը և ճարտարապետ Ի. Ա. Ժուկովը։

Մատվեյ Պլատովի ձիարձան
Ձիարձանի տեսքը հետևից՝ տաճարի ֆոնին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆովոչերկասկ
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Դոնի կազակական զորքի ատաման, հեծելազորի գեներալ Մատվեյ Պլատովի բրոնզե ձիարձանը կառուցվել է Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի Պլատովի պողոտայում՝ Համբարձման զորական մայր տաճարի առջև։ Հուշարձանը բացվել է 2003 թվականի օգոստոսի 23-ին՝ Մատվեյ Պլատովի 250-ամյա հոբելյանի օրերին։

Հուշարձանի նախագծի հեղինակներն են քանդակագործ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2004) Ա. Ա. Սկնարինը և ճարտարապետ Ի. Ա. Ժուկովը։

Հուշարձանի հետնամասում, գրանիտե պատվանդանին, փակցված է մետաղյա հուշատախտակ, որի վրա գրված է.

  Հուշարձանը տեղադրել են Դոնի մեծ զորքի ատամաններն ու կազակները՝ Դոնի երկրամասի մեծ որդու, ռուս հայտնի զորավար, հեծելազորի գեներալ, Օքսֆորդի համալսարանի դոկտոր, բանակային ատաման, կոմս Մատվեյ Իվանովիչ Պլատովի 250-ամյակի առթիվ։ Տեղադրվել է զորական ատաման Վ. Պ. Վոդոլացկու օրոք՝ Ռոստովի մարզի նահանգապետ Վ. Ֆ. Չուբի, Նովոչերկասկի քաղաքապետ Ա. Պ. Վոլկովի կառավարման ժամանակ։ Քանդակագործ՝ Ա. Ա. Սկնարին։ Ճարտարապետ՝ Ի. Ա. Ժուկով։ Ձուլված է բրոնզից «ՌՊՇՀ[1] Ակադեմ-Արտ-մաստեր» արվեստանոցում 2003 թվականին։  

Պատվանդանի դիմային կողմում թղթագլանի տեսքով մետաղական տախտակին արված է հետևյալ մակագրությունը.

  Պլատով Մատվեյ Իվանովիչ։  

Հուշարձանի բարձրությունը պատվանդանով մոտ ութ մետր է։ Բրոնզե ձիավորի քանդակի բարձրությունը 3 մետր 20 սանտիմետր է, քաշը՝ մոտ երեք տոննա[2]։ Զորավար Մ. Ի. Պլատովը բազմել է ձիու վրա, նրա ձեռքին հուսարական գլխարկ է, հագուստը զարդարում են շքանշանները, կողքից կախված է թուրը։ Հուշարձանի տարածքը բարեկարգ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռոստովի պետական շինարարական համալսարան
  2. Памятники Платову

Գրականություն խմբագրել

  • Новочеркасск. Энциклопедия. Новочеркасск. Изд. Новопринт. 2005. ISBN 5-94549-006-7.

Արտաքին հղումներ խմբագրել