Պլատովի անվան պուրակ (Նովոչերկասկ)

Պլատովի անվան պուրակ (Ատամանյան պուրակ, ռուս.՝ Сквер имени Платова, Атаманский сквер), պուրակ Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում, որը գտնվում է Ալեքսանդրի հրապարակում։ Ստեղծվել է 1874-1877 թվականներին։

Պլատովի անվան պուրակ
Տեսակզբոսայգի
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՆովոչերկասկ
Հիմնվել է1874
Պլատովի անվան պուրակ (Նովոչերկասկ)ը գտնվում է Ռուսաստանում
Պլատովի անվան պուրակ (Նովոչերկասկ)
Ատաման Պլատովի ժամանակակից հուշարձանը Նովոչերկասկի պուրակում

Պատմություն խմբագրել

Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի կենտրոնում` Ալեքսանդրի հրապարակում, գտնվող պուրակի պատմությունը սկիզբ է առնում 1874 թվականի օգոստոսից։ Հրապարակի հիմնադիրներից մեկը եղել է Նովոչերկասկի ջրմուղի ղեկավար, ճարտարագետ, կոլեգիալ խորհրդական Մատվեյ Միխայլովիչ Ռեշետովսկին։ Ներկայում այգին կանաչապատված է և բարեկարգված, այնտեղ գործում է շատրվան, կան լայն ճեմուղիներ և նստարաններ[1]։

Ռոստովի մարզի արխիվային փաստաթղթերում հայտնաբերվել են նյութեր, որոնցից հայտնի է դարձել, որ ճարտարագետ Մատվեյ Ռեշետովսկին 1874 թվականի սեպտեմբերի 9-ին հաղորդել է Նովոչերկասկի բարեկարգման կոմիտեին. «...Իմ կողմից կազմվել են նախահաշիվ և գծագիր Ատամանի տան առջևի հրապարակում պուրակ հիմնելու համար, որը պատիվ ունեմ ներկայացնելու Կոմիտեին, իսկ նույն հրապարակում շատրվան կառուցելու նախահաշիվը կներկայացվի կարճ ժամանակահատվածում»։

Տարբեր ժամանակներում հրապարակը կրել է տարբեր անուններ` Ատամանյան, Վ. Ի. Լենինի անվան պուրակ։ Ներկայում պուրակը կոչվում է Մ. Ի. Պլատավի անվան պուրակ, քանի որ այնտեղ կանգնած է Դոնի կազակական զորքի ատաման Մատվեյ Իվանովիչ Պլատովի հուշարձանը։ Պուրակի հարևանությամբ Ալեքսանդրի հրապարակն է և Ատամանի պալատը (1863 թ.)։ Պալատում Դոնում գտնվելու ընթացքում հանգրվանել են բարձրաստիճան անձինք, որոնց թվում կայսրեր Ալեքսանդր II-ը, Ալեքսանդր III-ը, Նիկոլայ II-ը։ Ատամանի պալատում խորհրդային իշխանության առաջին տարիներին գործել է թիվ 7 մանկատունը, ապա` Կարլ Մարքսի անվան բանվորական ակումբը, Բանվորագյուղացիական տեսչությունը։ 1936 թվականից շենքում տեղակայվել է քաղաքային խորհուրդը։

1921 թվականի փետրվարին պուրակում թաղվել են Նովոչերկասկի պարենջոկատի անդամները, որոնք զոհվել են պարենմասնատրման ժամանակ։ Պուրակում կանգնած Մ. Ի. Պլատովի հուշարձանը հայտարարվել էր անհամատեղելի «քաղաքում տեղի ունեցող հեղափոխական փոփոխությունների հետ» և տախտակապատվել էր։ 1923 թվականին ատամանի հուշարձանը հանվել է պատվանդանից և հանձնվել քաղաքի գավառագիտական թանգարանին (այժմ՝ Նովոչերկասկի Դոնի կազակության պատմության թանգարան)։ 1933 թվականին այն վերաձուլվել է առանցքակալների տեղի` Ա. Ա. Նիկոլսկու անվան գործարանում։

1925 թվականին հին տեղում նույն պատվանդանի վրա կանգնեցվել է Վլադիմիր Լենինի հուշարձանը։ Պուրակին շնորհվել է Վ. Ի. Լենինի անունը։

1943 թվականի փետրվարին Լենինի հուշարձանի մոտ թաղվեցին Նովոչերկասկը գերմանաֆաշիստական զավթիչներից ազատագրման համար մարտերում զոհված զինվորներն ու սպաները։ 1948 թվականին զինվորների մասունքները տեղափոխվեցին քաղաքային գերեզմանատան եղբայրական գերեզմանոց, սակայն պահպանեցին սպաների ու պարենջոկատայինների եղբայրական գերեզմանները։ 1955 թվականին դրանց վրա կառուցվեցին հուշարձաններ։ 1945 թվականին Վ. Լենինի քանդակը փոխարինվեց նորով։ 1961 թվականին դրա տեղում տեղադրվեց Վ. Լենինի մեկ այլ քանդակ, որը ստեղծել էր քանդակագործ Ա. Ի. Ստրախովը։ 1988 թվականի մարտի 13-ին ՌԽՖՍՀ նախարարների խորհուրդը Նովոչերկասկում Պլատովի հուշարձանը վերականգնելու թույլտվություն է տալիս։ Մոսկվացի քանդակագործ Ալեքսանդր Տարասենկոն վերակերտում է քանդակը` բնօրինակին առավելագույն նմանությամբ։ Պլատովի նոր հուշարձանի նախագծի հեղինակն էր նաև քանդակագործ Ա. Ա. Սկնարինը։ 1993 թվականին նույն վայրում տեղի է ունեցել հուշարձանի սկզբնական տարբերակի երկրորդ բացումը նույն պատվանդանի վրա։

Պուրակում տեղադրված է հուշաքար Նովոչերկասկում 1962 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին։

Նովոչերկասկի 200-ամյակին նախապատրաստվելիս պուրակի տարածքը մեծացվել է։ Այնտեղ բացվել են ծաղկանոց և մեկ այլ շատրվան։

Գրականություն խմբագրել

  • Новочеркасск. Энциклопедия. Новочеркасск. Изд. Новопринт. 2005. ISBN 5-94549-006-7.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել