Պերպերիկոն (բուլղար․՝ Перперикон), հին թրակիական քաղաք։ Գտնվում է Ռոդոպների արևելյան մասում՝ Կիրջալի քաղաքից 15կմ հյուսիս-արևելք։ Տեղակայված է 470մ բարձրություն ունեցող ժեռուտ բլրի վրա։ Այն հսկայական սրբավայր է, որը հին ժամանակներում նվիրված է եղել Դիոնիսոսին[1]։ Համարվում է, որ Պերպերիկոնում է գտնվում Օրփեոսի գերեզմանը[2]։ Սրբավայրը վերագրվում է նեոլիթի շրջանին։ Միջին դարերում եղել է Բյուզանդական կայսրության, Բուլղարիայի առաջին և երկրորդ թագավորությունների քաղաքային կարևոր կենտրոն։

Հին քաղաքի ավերակներ

Պատմություն խմբագրել

Բուլղարացի հնագետ Նիկոլայ Օվչարովը Պերպերիկոնում պեղումներ է սկսել 2000 թվականին՝ հայտնաբերելով ճարտարապետական հին համալիրի մնացորդները[3]։ Մարդու գործունեությունը այդ տեղանքում թվագրվում է Ք. ա. 5000 թվականին։ Բլրի վրա քաղաքակրթության առաջին հետքերը թվագրվում են բրոնզե դարին. այդ են վկայում պեղումների ընթացքում հայտնաբերված իրերը, այդ թվում՝ 2մ տրամագծով կլորավուն զոհասեղանը։

Հնագետները բլրի տարածքում հայտնաբերել են հսկայական չափերի բազմահարկ պալատ և բլրի շուրջ կառուցված ամրոց, որի պատերի հաստությունը 2.8մ է։ Համալիրը ավերվել և բազմիցս վերաշինվել է երկարատև պատմության ընթացքում։

Անվան ծագում խմբագրել

Պերպերիկոն անունը (սկզբնական տարբերակը՝ Hyperperakion) առաջացել է միջնադարում։ Կա անվան ծագման երկու վարկած, որոնք կապվում են ոսկու և տարածքից ոսկի արդյունահանելու հետ։

Եկեղեցի խմբագրել

Բուլղարացի հնագետները 2005 թվականի սեպտեմբերի 10-ին հայտնաբերել են եկեղեցու ավերակներ։ Սա այս կարգի առաջին գտածոն էր Բուլղարիայում։ Եկեղեցին հավանաբար կառուցված է եղել 4-րդ դարի վերջին կամ 5-րդ դարի սկզբին՝ բյուզանդական տիրապետության շրջանում։ Այն 16.5մ երկարությամբ բազիլիկ է, ինչը բնորոշ է եղել քրիստոնեական վաղ շրջանում։ Եկեղեցին առատորեն զարդարված է քարե փորագրված նախշերով։ Քարերի վրա պարզորոշ նկատվում է լայն բացած թևերով արծիվը, որը կրում է հունարեն հինգ արձանագրություն. դրանք հնագետների ենթադրությամբ պաշտամունքային գրվածքներ են[4]։

Վարկածներից մեկի համաձայն՝ եկեղեցին կանգուն է եղել մինչև 14-րդ դարը և հողին է հավասարվել օսմանյան զավթիչների կողմից։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Medieval Archaeological Complex Perperikon – town of Kardzhali". Retrieved 12 October 2012.
  2. Перперикон (рус.). Сайт: «Путешествия и туризм» (travel.rin.ru). Проверено 27 июля 2011. Архивировано из первоисточника 15 августа 2012.
  3. Bulgarian Archaeologist Shows Off Perperikon Finds October 18, 2010
  4. Ivan J Jordanov, Corpus of Byzantine seals from Bulgaria, vol. 2 ISBN 954915873X, 2003

Արտաքին հղումներ խմբագրել