Պատերազմի ապոթեոզ (ռուս.՝ Апофеоз войны), ռուս նկարիչ Վասիլի Վերեշչագինի կտավը։ Այն «Թուրքեստանյան» նկարաշարը եզրափակող «Բարբարոսներ» ընդհանուր անվանումով 7 պատկերներից վերջինն է։ Ստեղծվել է թուրքացած մոնղոլական ցեղից սերած տխրահռչակ Լենկթեմուրի բարբարոսությունները (համատարած ավերածություններ, զանգվածային կոտորածներ և նույնիսկ՝ գանգերից բուրգեր) նշավակելու համար, բայց ըստ էության ստացել է համընդհանուր իմաստ՝ դատապարտելով պատերազմներն իրենց ծանր հետևանքներով[1]։ Ահա թե ինչու Վերեշչագինը նկարի շրջանակին գրել է՝ «Նվիրվում է անցյալի, ներկայի և ապագայի բոլոր մեծ նվաճողներին» (ռուս.՝ «Посвящается всем великим завоевателям — прошедшим, настоящим и будущим»)։ Այսպիսով, ինչպես շեշտել է սովետական արվեստաբան Ա. Լեբեդևը, տվյալ նկարը «կրում է ոչ այնքան կոնկրետ պատմական, որքան սիմվոլիկ բնույթ»[2]։

Պատերազմի ապոթեոզ
ռուս.՝ Апофеоз войны
տեսակգեղանկար
նկարիչՎասիլի Վերեշչագին
տարի1871
բարձրություն127
լայնություն197
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 The Apotheosis of War by Vasily Vereshchagin Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Նկարը ստեղծվել է 1871 թվականին։ Կտավը նախապես կոչվել է «Լենկթեմուրի հաղթահանդեսը» (ռուս.՝ «Торжество Тамерлана»)։ Նկարի մտահղացումը կապված էր Լենկթեմուրի անվան հետ, ում զորքերն իրենց հետևից թողնում էին գանգերից կազմված բուրգեր[3], սակայն նկարը կապված չէ պատմական կոնկրետ իրադարձության հետ[4]։ Ըստ պատմական աղբյուրների՝ մի անգամ Լենկթեմուրի մոտ են գալիս կանայք Բաղդադից ու Դամասկոսից, ովքեր բողոքում են իրենց ամուսիններից՝ մեղադրելով նրանց տարբեր մեղքերի ու անբարոյականության մեջ։ Այդ ժամանակ Լենկթեմուրը հրամայում է, որ իր 200 հազարից ավելի զինվորներից յուրաքանչյուրը բերի ամուսիններից մեկի գլուխը։ Երբ հրամանը կատարվում է, գանգերից կազմում են յոթ բուրգ[5]։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Վրեշչագինը «Պատերազմի ապոթեոզ» նկարի ստեղծման համար շարժառիթ է դարձել մի այլ պատմություն, ըստ որի՝ Կաշգարի կառավարիչ Վալիխան-տորեն գլխատել է եվրոպացի մի ճանապարհորդի և հրամայել նրա գլուխը դնել այն բուրգի գագաթին, որ կազմված էր այլ գլխատվածների գանգերից։ 1867 թվականին Վերեշչագինը եղել է Թուրքեստանում, որտեղ ինքը որպես պրապորշչիկ ծառայում էր գեներալ-նահանգապետ Կոնստանտին Կաուֆմանի մոտ։ Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող այդ վայրերում էլ Վերեշչագինը տեսել է մահ ու դիակներ, որ նրա մեջ առաջացրել են ցավակցության ու մարդասիրության զգացում[4]։ Այստեղ էլ ստեղծվել է «Թուրքեստանյան շարքը», որում նկարիչը պատկերել է ոչ միայն ռազմական տեսարաններ, այլև Միջին Ասիայի բնությունն ու նրա բնակիչների կենցաղը։ 1869 թվականին նա ուղևորվում է Արևմտյան Չինաստան, որտեղ ականատես է լինում, թե ինչպես են բոգդիխանի զորքերը դաժանաբար ճնշում տեղաբնիկ դունգանների ու ույգուրների ապստամբությունը։ Այդ դեպքերի տպավորության տալ էլ Վերեշչագինը նկարել է «Պատերազմի ապոթեոզ» կտավը[4]։

Նկարագրություն խմբագրել

«Պատերազմի ապոթեոզ» կտավը Վերեշչագինի ամենահայտնի ստեղծագործություններից է[5]։ Կտավում պատկերված է մարդկային գանգերից կազմված բուրգ, որի գտնվում է շիկացած անապատում, իսկ բուրգից այն կողմ ավերված քաղաքն է ու ածխացած ծառերը։ Բուրգի շուրջը ագռավներ են։ Նկարի բոլոր դետալները, այդ թվում՝ գերակշռող դեղին երանգը խորհրդանշում են մահն ու դատարկությունը[3], ինչն ընդծվում է պարզ կապույտ երկինքի հակադրությամբ[4]։ «Պատերազմի ապոթեոզի» գաղափարն իր արտահայտությունն է գտնում նաև դաշույնների և կրակոցների հետքերը, որ երևում են գանգերի վրա։

Ռուս քննադատ Վլադիմիր Ստասովը «Պատերազմի ապոթեոզ» կտավի մասին գրել է.

Այստեղ խնդիրն այն չէ, թե հատկապես ինչ վարպետությամբ է Վերեշչագինն իր վրձիններով նկարել շիկացած անապատը և դրա մեջտեղում գտնվող գանգերի բուրգը՝ նրա շուրջը թևածող ագռավներով, որոնք փնտրում են գուցե մնացած մսի կտոր։ Ոչ։ Նկարում հայտնվել է ինչ-որ բան, որ ավելի արժեքավոր ու բարձր է, քան վերեշչագինյան ներկերի վիրտուալությունը. դա պատմաբանի ու մարդկության դատավորի խոր զգացումն է...

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11, Երևան, 1985, էջ 401:
  2. А․ К․ Ле6едев, Василий Васильевич Верещагин․ Жизнь и творчество․ 1824-1904, М․, 1972, с․ 112.
  3. 3,0 3,1 «Апофеоз войны (Василий Верещагин)». 50 биографий мастеров русского искусства. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Н. A. Ионин. «Верещагин В., «Апофеоз войны»». Сто великих картин. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 «Верещагин Василий Васильевич, Апофеоз войны — история картины». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել