Պաշտպանական հարմարանքներ

Պաշտպանական հարմարանքներ աշխատանքի պրոցեսում մարդու օրգանիզմը արտաքին վնասակար ազդակներից (փոշի, գազեր, գոլորշիներ, ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթում, բարձր ռադիոակտիվություն, աղմուկ, վիբրացիա, թունաքիմիկատներ, էլեկտրա և ջերմահարություն, խոնավություն և այլն) պաշտպանող միջոցներ։ Պաշտպանական հարմարանքները լինում են ընդհանուր և անհատական։ Ընդհանուր պաշտպանական հարմարանքներ են կարծր նյութերի մշակման ժամանակ թռչող կտորների ճանապարհին տեղադրվող վահանները, էլեկտրա- և ջերմամեկուսիչները, ռետինե ուղեգորգերը, օդափոխիչ սարքավորումները և այլն։ Անհատական պաշտպանական հարմարանքներ են բնական և սինթետիկ գործվածքներից պատրաստված արտահագուստը (կոստյում, կոմբինեզոն, խալաթ, ներքնահագուստ, գոգնոցներ), պաշտպանական կոշիկները (երկարաճիտ, կրկնակոշիկներ և այլն), ձեռնոցները և թևնոցները (պլաստմասսայից, բրեզենտից և այլն)։ Գլուխը մեխանիկական վնասվածքներից, այրվածքներից են պաշտպանում են սաղավարտով, գլխաշորով, գլխարկով և այլն, աչքերը՝ ակնոցներով, կիսադիմակներով, վահանիկներով, շնչառության օրգանները՝ ֆիլտրերով (հակագազեր) և մեկուսիչ սարքերով (պնևմակոստյում, պնևմասաղավարտ, թթվածնային սարքեր և այլն)։ Աղմուկի դեմ օգտագործվում են հատուկ ականջակալներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 127