Պաշարներ, ակտիվներ են, որոնք`

ա) պահվում են սովորական գործունեության ընթացքում վաճառքի համար,
բ) արտադրության ընթացքում են նման վաճառքի համար,
գ) արտահայտված են նյութերի և արագամաշ առարկաների ձևով` արտադրանքի թողարկման կամ ծառայություն մատուցելու ընթացքում օգտագործելու համար[1]։

Ի տարբերություն ոչ ընթացիկ նյութական ակտիվների, որոնք տեղադրվում են որոշակի աշխատանքային տեղում և գտնվում են գործողության մեջ, ընթացիկ ակտիվները մեծամասամբ գտնվում են պահեստներում պաշարների ձևով` արտադրության գործընթացի անխափան աշխատանքի ապահովման համար։ Այդ իսկ պատճառով ընթացիկ ակտիվները (աշխատանքի առարկա), որոնք գտնվում են պահեստներում կազմում են կազմակերպության արտադրական պաշարները։ Ընթացիկ նյութական ակտիվներն ամբողջությամբ սպառվում են արտադրական 1 ցիկլի ընթացքում և իրենց արժեքն ամբողջությամբ փոխանցում են նորաստեղծ արդյունքին։

ՉափումԽմբագրել

Պաշարները պետք է չափվեն պաշարների ձեռքբերման ինքնարժեքից և իրական զուտ արժեքից նվազագույնով։ Պաշարների ինքնարժեքը կարող է չափվել ստանդարտ ծախսումների մեթոդով և մանրածախ մեթոդով։

Պաշարների ինքնարժեքի մեջ են մտնում ձեռքբերման ծախսումները, արտադրանքի վերամշակման ծախսումները և այլ ծախսումներ։ Պաշարների ինքնարժեքի մեջ չեն մտնում գերնորմատիվային ծախսերը, պահպանման ծախսերը, վարչական ծախսերը։

Պաշարների ինքնարժեքը չի կարող փոխհատուցվել, եթե դրանք մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելի չեն։ Պաշարների ինքնարժեքը չի կարող վերականգնվել նաև այն դեպքում, երբ համալրման ենթադրվող ծախսումները կամ այնպիսի ծախսումները, որոնք պետք է կատարվեն վաճառքը կազմակերպելու համար` բարձրացել են։ Պաշարների ինքնարժեքից մինչև իրացման զուտ արժեք ցանկացած դուրսգրում և կորուստ պետք է ճանաչվեն` որպես ծախս, այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է ինքնարժեքի իջեցումը կամ կրվել է վնասը։ Պաշարների նախկինում դուրսգրված գումարի ցանկացած վերականգնում, արժեքի բարձրացումից պետք է ճանաչվի` որպես եկամուտ, այն ժամանակահատվածում, երբ կատարվում է բարձրացումը։

Պաշարների ձեռքբերման ծախսումներն ընդգրկում են` ձեռքբերման գինը, ներկրման տուրքերը և հարկերը, կոմիսիոն վճարները, ինչպես նաև տրանսպորտային, բեռնման-բեռնաթափման և այլ ծախսումները, որոնք կապված են պաշարների ձեռքբերման հետ։ Ձեռքբերման ծախսումները որոշելիս առևտրային զեղչերը, գների իջեցումները հանվում են։

Պաշարների ինքնարժեքի բանաձևերԽմբագրել

Փոխադարձ փոխարկելի չհանդիսացող պաշարների ինքնարժեքը սահմանվում է կոնկրետ ծախսումներով։

Պաշարները փոխադարձ փոխարկելի են, եթե գնորդի համար մեկը մյուսով փոխարինելը էական նշանակություն չունի։ Փոխադարձ փոխարկելի հանդիսացող պաշարների ինքնարժեքը որոշվում է ԱՄԱԵ (ՖԻՖՈ), ՎՄԱԵ (ԼԻՖՈ) կամ Միջին կշռված բանաձևերի միջոցով։ Այս բանաձևերն օգտագործվում են պաշարների ելքագրման դեպքում։

ԱՄԱԵ բանաձևը ենթադրում է, որ պաշարների միավորները, որոնք գնվել կամ արտադրվել են առաջինը, ելքագրվում են առաջինը և, հետևաբար միավորները, որոնք մնում են պաշարներում հաշվետու ժամանակաշրջանի վերջում, վերջին գնվածները կամ արտադրվածներն են։

ՎՄԱԵ բանաձևը ենթադրում է, որ պաշարների միավորները, որոնք գնվել կամ արտադրվել են վերջինը, ելքագրվում են առաջինը և, հետևաբար միավորները, որոնք մնում են պաշարներում հաշվետու ժամանակաշրջանի վերջում, առաջինը գնվածները կամ արտադրվածներն են։

Միջին կշռված արժեքի բանաձևով յուրաքանչյուր միավորի արժեքը որոշվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ նույնատիպ միավորների և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գնված կամ արտադրված նույնատիպ միավորների միջին կշռված արժեքով։ Միջին կշռված արժեքը կարող է հաշվարկվել պարբերականության հիմունքով կամ լրացուցիչ ապրանքաքանակների ստացմանը զուգընթաց, կախված կազմակերպության իրավիճակից։

Պաշարների հաշվառումԽմբագրել

Պաշարների հաշվառման համար օգտագործվում է 21 «Պաշարներ և կենսաբանական ակտիվներ» խմբի հաշիվները։ Նյութերի հաշվառման նպատակով հաշվային պլանում բացված է 211 նյութեր առաջին կարգի հաշիվը։ Հաշիվը ակտիվային է. դեբետում արտացոլվում է ձեռքբդրված կամ արտադրված նյութերի սկզնական արժեքը, իսկ կրեդիտում` արտադրական, վարչական, իրացման, ինչպես նաև օտարված նյութերի արժեքը։ Այս հաշվի մնացորդը դեբետային է և իրենից ներկայացնում է նյութերի արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ։

ՕրինակներԽմբագրել

N1

Կազմակերպությունը, որը զբաղվում է թատերական գործունեությամբ, որպես շնորհ ստացել է 500.000 դրամի նյութեր, որոնք պետք է օգտագործվեն բեմական հագուստ կարելու համար։ Քանի որ պաշարները ստացվել են երկարաժամկետ ակտիվներ ստեղծելու համար, այս դեպքում նյութերի ստացումը կձևակերպվի որպես ակտիվներին վերաբերող շնորհ`

Դեբետ 211 «Նյութեր»` 500.000 դրամ
   Կրեդիտ  421 «Ակտիվներին վերաբերող շնորհներ»` 500.000 դրամ

Բեմական հագուստը կարելու համար ծախսված նյութերն ընդհանրացվում և կապիտալացվում են որպես ոչ ընթացիկ նյութական ակտիվների ստեղծման ծախսումներ, ինչը հաշվապահությամբ ձևակերպվում է հետևյալ կերպ`

Դեբետ 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»` 500.000 դրամ
   Կրեդիտ 211 «Նյութեր»` 500.000 դրամ

Արդյունքում ստեղծված ոչ ընթացիկ նյութական ակտիվներն ինքնարժեքով մուտքագրվում են կազմակերպության պահեստ, ինչը ձևակերպվում է հետևյալ կերպ`

Դեբետ 111 «Մաշվող հիմնական միջոցներ»` 500.000 դրամ
   Կրեդիտ 821 «Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսումներ»` 500.000 դրամ

N2

Կազմակերպությունն անհատույց ստացել է 400.000 դրամի նյութեր, ինչը ձևակերպվում է հետևյալ թղթակցությամբ`

Դեբետ 211 «Նյութեր»` 400.000 դրամ
   Կրեդիտ  541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»` 400.000 դրամ

Կազմակերպության ընթացիկ ծախսերի իրականացման նպատակով ընթացիկ ամսում ծախսվել են 375.000 դրամի նյութեր, ինչը ձևակերպվում է հետևյալ կերպ`

Դեբետ  Ծախսերը հաշվառող հաշիվներ` 375.000 դրամ
   Կրեդիտ  211 «Նյութեր»` 375.000 դրամ

Միևնույն ժամանակ ծախսված նյութերի գումարով ստացված շնորհը ճանաչվում է եկամուտ` ձևակերպվելով հետևյալ թղթակցությամբ`

Դեբետ 541 «Եկամուտներին վերաբերող շնորհներ»` 375.000 դրամ
   Կրեդիտ 628 «Շնորհներից և անհատույց ստացումներից եկամուտներ»` 375.000 դրամ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ