Ինքնարժեք
Ինքնարժեք, զարգացած ապրանքային արտադրության տնտեսական կատեգորիա, որը դրամական ձևով արտահայտում է ապրանքի արտադրության և իրացման վրա ձեռնարկության ընթացիկ բոլոր ծախսերը։ Օգտագործվում է որպես եկամտաբերության որոշման հիմնական գործոն։
Ձեռնարկության աշխատանքի վերջնական արդյունքը բնութագրող հիմնական ցուցանիշներից է արտադրանքի ինքնարժեքը։ Դա իրենից ներկայացնում է արտադրական գործընթացում օգտագործվող բոլոր ռեսուրսների՝ հումքի, նյութերիմ վառելիքի, հիմնական ֆոնդերի, աշխատանքային ռեսուրսների, ինչպես նաև արտադրանքի արտադրության և իրացման վրա կատարված ծախսերի դրամական ծախսերը։
Ինքնարժեքը արտադրանքի գնի սահմանման հիմքն է, որին ավելացնելով շահույթը, որը մնում է ձեռնարկության տնօրինության տակ արտադրության անընդհատությունը ապահովելու համար կազմում է արտադրանքի գինը։
Ինքնարժեքի տեսակները
խմբագրելԳրականության մեջ օգտագործվում է ինքնարժեքի հետևյալ տեսակները՝
- Անհատական ինքնարժեք - նույն տեսակի արտադրանք թողարկող առանձին ձեռնարկություններում ձևավորված ինքնարժեքն է։
- Ճյուղային ինքնարժեք - որոշակի արտադրանքի արտադրության և իրացման վրա ճյուղի մասշտաբով կատարված ծախսերի մեծությունն է, որը կազմում է արտադրանքի շուկայական գնի հիմքը։ Այն կարող է լինել անհատական ինքնարժեքից բարձր կամ ցածր։
- Արտադրամասային ինքնարժեք - արտադրամասում արտադրանքի պատրաստման վրա կատարված ծախսերի գումարն է։
- Արտադրանքի լրիվ ինքնարժեք - արտադրանքի արտադրության և իրացման ծախսերի գումարն է։ Դրա մեջ ներառվում են գովազդի, փոխադրման և այլ ծախսեր։
- Նորմատիվային ինքնարժեք - բնութագրում է արտադրանքի արտադրության և իրացման վրա կատարված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանը։
- Պլանային ինքնարժեք - այն կարող է լինել նորմատիվայինից բարձր կամ ցածր, քանի որ օգտագործվող տեխնիկայի և տեխնոլոգիայի մակարդակից կախված տվյալ ձեռնարկության ծախսերի նորմաները կարող են տարբերվել պլանի մշակման ընթացքում օգտագործված նորմաներից։
- Փաստացի ինքնարժեք - բնութագրում է արտադրանքի պատրաստման համար կատարված ծախսերի մեծությունը՝ արտադրանքի պատրաստման որակի սահմաններում։ Այն հաշվարկվում է պլանայինի հետ համեմատելու, շեղումների պատճառները բացահայտելու և վերացնելու նպատակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 368)։ |