Պալասովի տուն (Տագանրոգ)

Պալասովի տուն (ռուս.՝ Дом Паласова), մեկ- և մեկուկեսհարկանի շենք Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի Ուկրաինական նրբանցքում և Հունական փողոցում։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է` համաձայն 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 301 որոշման։

Պալասովի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն` ք. Տագանրոգ, Հունական փողոց, տուն 61։

Պատմություն խմբագրել

Տագանրոգ քաղաքի Հունական, 61 հասցեի կիսանկուղով մասնաշենքը կառուցվել է 19-րդ դարի 3-րդ քառորդում։ Տունը պատկանել է իսկական պետական խորհրդական Նիկոլայ Դմիտրիևիչ Ալֆերակիին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ կոմպոզիտոր Ախիլեսին, կենդանաբան Սերգեյին և սենեկապետ Միխայիլին։ Մասնաշենքը կառուցվել է Ուկրաինական նրբանցքում՝ Հունական փողոցի հետ խաչմերուկում։

 
Հունական, 61 շենքի ճակատը

1880-ական թվականների վերջին տունը գնել է հունահպատակ Անտոն Նոմիկոսը։ Նրա մահից հետո տունը կտակով անցել է նրա ժառանգներին։ 1910-ական թվականներից մինչև 1925 թվականը տունը պատկանել է սոտնիկ Իվան Իվանովիչ Մինաևին և նրա կնոջը՝ Եկատերինա Պետրովնային։

Տան մեկուկեսհարկանի մասնաշենքը կառուցված է կարմիր աղյուսից և անկյունայինի շարունակությունն է։ Այն կառուցվել է առաջինից ավելի ուշ՝ նույնպես 19-րդ դարի 3-րդ քառորդում։ Այս մասնաշենքի սեփականատերը եղել է վաճառականուհի Ալեքսանդրա Անաստասևնան։

 
Հունական, 61 շենքի ճակատը

Տունը մեկուկեսհարկանի է, քանի որ Ուկրաինական նրբանցքն ունի թեքություն դեպի Հունական փողոցը։ 1842 թվականին Ալեքսանդրա Անաստասևնան ամուսնացել է տագանրոգցի վաճառական Ստավրո Անաստասևիչ Անաստասևի հետ։ 1880-ական թվականներին շենքը նրանցից գնել է այդ ժամանակ արդեն մահացած վաճառական, թուրքահպատակ Սավվա Եգորովիչ Պալասովի ընտանիքը։ Պալասովները զբաղվում էին ծխախոտի և ծխախոտային արտադրանքի վաճառքով, նրանց է պատկանել ևս մի քանի տուն Տագանրոգի տարբեր շրջաններում։ Պալասովների  տան նկուղային հարկում ապրել է համեստ գեներալ, զինվորական դատախազ Արակինի ընտանիքը։

20-րդ դարում տունը ձեռք է բերել սումցի վաճառական, հողատեր Դմիտրի Վասիլևիչ Չերևկովը, որը Տագանրոգի Ալեքսանդրի փողոցի առևտրային շարքերում ուներ մի քանի խանութ։ Դմիտրի Վասիլևիչը մահացել է 1906 թվականի դեկտեմբերի 28-ին՝ կյանքի 62-րդ տարում։ Նա կտակով 60 հազար ռուբլի էր նվիրաբերել աղքատ աշակերտների կրթաթոշակի համար։

Դմիտրի Վասիլևիչի մահից հետո շենքն անցել է նրա եղբայրներին՝ հունահպատակ Խառլամպի և Սպիրիդոն Իվանովիչ Մուսուրիներին։ Եղբայրները շենքի սեփականատերն են եղել մինչև 1925 թվականը։ 1910-ական թվականներին տանը բնակարան են վարձակալել Նավագնացության և առևտրի ոուսական ընկերակցության ներկայացուցիչ Մ. Ե. Սմոլնիկովը և Տագանրոգի առևտրային ուսումնարանի գերմաներենի ուսուցիչ Մատվեյ Իվանովիչ Շմիդտը։

Ճարտարապետություն խմբագրել

Կարմիր աղյուսից կառուցված երկու մասնաշենքերի ուղղանկյուն պատուհանները զարդարում են եռանկյունաձև քիվերն ու զարդաքիվերը։ Մասնաշենքի շքամուտերն արված են Հունական փողոցի կողմից, նրանք զարդարված են սյուներով և քիվերով։

Խորհրդային իշխանության տարիներին շենքերն ազգայնացվել են։ Ներկայումս սրանք բնակելի շենքեր են։ Դրանք մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ են։

Գրականություն խմբագրել

  • Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.

Արտաքին հղումներ խմբագրել