Չարլին և շոկոլադի գործարանը (վիպակ)
«Չարլին և շոկոլադի գործարանը» (անգլ.՝ Charlie and the Chocolate Factory, 1964), Ռոալդ Դալի հեքիաթ-վիպակը արտասովոր հրուշակագործ պարոն Ուոնկայի շոկոլադի գործարանում փոքրիկ Չարլիի արկածների մասին է։
Չարլին և շոկոլադի գործարանը անգլ.՝ Charlie and the Chocolate Factory | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Ռոալդ Դալ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | մանկական արվեստի գործ և կատակերգություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հաջորդ | Charlie and the Great Glass Elevator? |
Նկարազարդող | Michael Foreman? և Քվենտին Բլեյք |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Alfred A. Knopf |
Հրատարակման տարեթիվ | 1964[1] |
![]() |
Վիպակն առաջին անգամ հրատարակել է «Alfred A. Knopf» հրատարակչությունը ԱՄՆ-ում 1964 թվականին, իսկ Մեծ Բրիտանիայում գիրքը լույս է տեսել 1967 թվականին « Allen & Unwin» հրատարակչության շնորհիվ։ Գիրքը երկու անգամ ֆիլմի է վերածվել՝ 1971 և 2005 թվականներին։ 1972 թվականին Ռոալ Դալը գրել է վիպակի շարունակությունը՝ «Չարլին և հսկայական ապակե վերելակը» (անգլ.՝ Charlie and the Great Glass Elevator), և մտադիր է եղել ստեղծել շարքի երրորդ գիրքը, սակայն մտադրությունը կյանքի չի կոչվել։ Գիրքը բազմիցս հրատարակվել է անգլերենով, թարգմանվել է տարբեր լեզուներով։
Գիրքը հայերեն հրատարակվել է 2014 թվականին Հասմիկ Սարիբեկյանի թարգմանությամբ («Անտարես» հրատարակչություն)։
Դիպաշար
խմբագրելՓոքրիկ տղա Չարլի Բաքեթը (անգլ.՝ Charlie Bucket) ապրում է շատ աղքատ ընտանիքում։ Յոթ մարդ (տղան, նրա ծնողները, երկու պապիկն ու երկու տատիկը) ծվարել էին քաղաքի ծայրամասի փոքրիկ տնակում, ամբողջ ընտանիքից միայն Չարլիի հայրն աշխատանք ուներ. նա ատամի մածուկի պարկուճների կափարիչներն էր պտտում։ Ընտանիքը չուներ անգամ ամենաանհրաժեշտը. տնակում ընդամենը երկու անկողին կար, որոնց վրա պառկած էին չորս ծերունիները, ընտանիքն ապրում էր կիսաքաղց, սնվում էին կարտոֆիլով և կաղամբով։ Չարլին շատ էր սիրում շոկոլադ, սակայն ստանում էր դա տարվա մեջ միայն մեկ օր՝ մեկ շոկոլադե սալիկ իր ծննդյան օրը՝ որպես նվեր։
Շոկոլադի խոշոր գործարանատեր արտասովոր պարոն Ուիլի Ուոնկան (անգլ.՝ Willy Wonka), տասը տարի իր գործարանում անցկացնելով մենակեցության մեջ, հայտարարում է, որ հինգ ոսկե տոմսերի խաղարկություն է կազմակերպում, որի միջոցով հինգ երեխա հնարավորություն կստանա լինել իր գործարանում։ Այցելությունից հետո նրանցից յուրաքանչյուրը ցմահ կապահովվի անհաշիվ շոկոլադով, իսկ մեկը կպարգևատրվի ինչ-որ առանձնահատուկ նվերով։
Երջանիկները, որոնք գտնում են հինգ տոմսերը շոկոլադի փաթեթների տակ, դառնում են.
- Օգասթ Գլուփը (անգլ.՝ Augustus Gloop)՝ ագահ և որկրամոլ մի տղա, «ուտելը նրա սիրելի զբաղմունքն է»,
- Վերուկա Սոլթը (անգլ.՝ Veruca Salt)՝ երես առած մի աղջիկ գետնանուշ մաքրող գործարանատիրոջ ընտանիքից, որը սովոր էր, որ իր բոլոր պահանջներն արագ իրականացվեն,
- Վիոլետ Բյուրգարտը (անգլ.՝ Violet Beauregarde)՝ ամբողջ օրը մաստակ ծամող մի աղջիկ, որը սահմանել էր համաշխարհային ռեկորդ՝ նույն մաստակը ծամելով երեք ամիս շարունակ,
- Մայք Թիվին (անգլ.՝ Mike Teavee)՝ ամբողջ օրը առավոտից գիշեր հեռուստացույց դիտող մի տղա,
- Չարլի Բաքեթը՝ վիպակի գլխավոր հերոսը։
Գործարանում շրջագայությանը երեխաներից բացի մասնակցում էին նաև նրանց ծնողները. յուրաքանչյուր երեխա եկել էր իր հոր կամ մոր հետ, բացի Չարլիից, որին ուղեկցում էր Ջո պապիկը։ Գործարանում շրջելու ժամանակ բոլոր երեխաները, բացառությամբ Չարլիի, ուշադրություն չեն դարձնում Ուոնկայի նախազգուշացումներին և իրենց արատների զոհն են դառնում՝ հերթով ընկնելով տարբեր իրավիճակների մեջ, որոնց պատճառով ստիպված են լինում լքել գործարանը։
Վերջում մնում է միայն Չարլին, որին էլ հասնում է գլխավոր մրցանակը՝ նա դառնում է պարոն Ուիլի Ուոնկայի օգնականը և ժառանգորդը։ Մնացած երեխաներն ստանում են խոստացված մշտապես շոկոլադով ապահովված լինելու հնարավորությունը։
Բովանդակություն
խմբագրելԳլխի համար | Բնօրինակ | Հասմիկ Սարիբեկյանի թարգմանություն (2014) |
---|---|---|
1 | Here Comes Charlie | Ծանոթություն Չարլիի հետ |
2 | Mr. Willy Wonka's Factory | Ուոնկայի գործարանը |
3 | Mr. Wonka and the Indian Prince | Պարոն Ուոնկան և հնդիկ արքայազնը |
4 | The Secret Workers | Գաղտնի բանվորները |
5 | The Golden Tickets | Ոսկե տոմսը |
6 | The First Two Finders | Առաջին երկու տոմսերը |
7 | Charlie's Birthday | Չարլիի տարեդարձը |
8 | Two More Golden Tickets Found | Մնացած երկու տոմսերը |
9 | Grandpa Joe Takes a Gamble | Ջո պապիկը ռիսկի է դիմում |
10 | The Family Begins to Starve | Ընտանիքը սովամահ է լինում |
11 | The Miracle | Հրաշքը |
12 | What It Said on the Golden Ticket | Ինչ էր գրված ոսկե տոմսում |
13 | The Big Day Arrives | Այդ կարևոր օրը |
14 | Mr. Willy Wonka | Պարոն Ուիլի Ուոնկան |
15 | The Chocolate Room | Շոկոլադի սրահը |
16 | The Oompa-Loompas | Ումպա-լումպաները |
17 | Augustus Gloop Goes up the Pipe | Օգասթ Գլուփը գնում է խողովակի միջով |
18 | Down the Chocolate River | Շոկոլադե գետի հոսանքն ի վար |
19 | The Inventing Room – Everlasting Gobstoppers and Hair Toffee | Գյուտերի սենյակը. հավերժական կոնֆետներն և մազե իրիսները |
20 | The Great Gum Machine | Ծամոնի վիթխարի մեքենան |
21 | Good-bye Violet | Ցտեսություն, Վիոլետ |
22 | Along the Corridor | Միջանցքով |
23 | Square Sweets That Look Round | Քառակուսի կոնֆետներ, որ կլոր տեսք ունեն |
24 | Veruca in the Nut Room | Վերուկան ընկույզի արտադրամասում |
25 | The Great Glass Elevator | Ապակե մեծ վերելակը |
26 | The Television-Chocolate Room | Հեռուստաշոկոլադի սրահը |
27 | Mike Teavee is Sent by Television | Մայք Թիվին հեռարձակվում է եթեր |
28 | Only Charlie Left | Մնում է միայն Չարլին |
29 | The Other Children Go Home | Մնացած երեխաները վերադառնում են տուն |
30 | Charlie's Chocolate Factory | Չարլիի շոկոլադի գործարանը |
Էկրանավորումներ
խմբագրել1971 թվականին էկրան դուրս եկավ «Ուիլի Ուոնկան և շոկոլադի գործարանը» ֆիլմը, ռեժիսոր՝ Մոլ Սթյուարտ (անգլ.՝ Mel Stuart) և պրոդյուսեր՝ Դևիդ Ուոլփեր (անգլ.՝ David L. Wolper), պարոն Ուոնկայի դերում Ջին Ուայլդերն էր։
Ռոալդ Դալը գրել է ֆիլմի սցենարի առաջին տարբերակը, որի մեջ հետագայում փոփոխություններ մտցվեցին։ Վերջնարդյունքում ֆիլմը դուր չեկավ գրողին։ «Դալը կարծում էր, որ ֆիլմը չափից շատ կենտրոնացած էր Ուիլի Ուոնկայի վրա»,- ասում էր Լիզա Էթերբորոուն՝ Ռոալ Դալի թանգարանի աշխատակիցը,-«Նրա համար գիրքը վիպակ էր Չարլիի մասին»[2]։
2005 թվականին թողարկվում է երկրորդ էկրանավորումը՝ «Չառլին և շոկոլադի գործարանը» ֆիլմը, որի ռեժիսորը Թիմ Բարթոնն էր, իսկ Ուոնկայի դերում Ջոնի Դեփն էր։
BBC-ի «Ջեքանորի» (անգլ.՝ Jackanory) մանկական հեռուստածրագրի երրորդ եթերաշրջանում (1968 թվական) հեքիաթը կարդում էր Բեռնարդ Քրիբինսը[3]։
1983 թվականին շվեդական հեռուստատեսությամբ ցուցադրվեց «Չարլին և շոկոլադի գործարանը» (շվեդ.՝ "Kalle och chokladfabriken") սահիկահանդես, որը բաղկացած էր շվեդ նկարչ Բենթ Աննե Ռուներշթրյոմի (շվեդ.՝ Bengt Arne Runnerström) նկարներից տեքստի ուղեկցությամբ, որն էլ կարդում էր դերասան Էրնստ Հուգո Յարեգարդը։
Կինոտարբերակներին զուգահեռ գոյություն ունեն նաև բեմադրություններ և մյուզիքլներ, որոնց հիմքում ընկած է ստեղծագործությունը։ Թողարկվել են «Չարլին և շոկոլադի գործարանը» աուդիոգրքեր, որոնց թվում է նաև վիպակի հեղինակ Ռոալդ Դալի ձայնագրությունը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.theguardian.com/books/2014/aug/30/charlie-and-the-chocolate-factory-50-years-roald-dahl-quentin-blake
- ↑ Bishop, Tom. (2005 թ․ հուլիսի 11). «Willy Wonka's everlasting film plot» (անգլերեն). BBS News Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «"Jackanory" Charlie and the Chocolate Factory: Golden Tickets (1968)» (անգլերեն). IMDb – The Internet Movie Database. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Audio Books: list of R. Dahl's books, recorded on album and cassette» (անգլերեն). RoaldDahlFans.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլին և շոկոլադի գործարանը (վիպակ)» հոդվածին։ |