Ուրի մեծ զիկկուրատ ( Էտեմեննիգուրու զիկկուրատ[2]), Հին Միջագետքի առավել պահպանված տաճարային համալիր։ Կառուցվել է մ.թ.ա. XXI դարում ( մոտ մ.թ.ա. 2047թվական) Ուր քաղաքում Ուր-Նամմու և Շուլգի արքաների կողմից, ինչպես և Էկիշնուգալ տաճարը, նվիրված է եղել լուսնի աստված Նաննային։ Բազմիցս վերակառուցվել է և զգալիորեն ընդլայնվել նորբաբելոնյան արքա Նաբոնիդի կողմից։

Ուրի զիկկուրատ
ՏեսակԶիկուռատ
Երկիր Իրաք[1]
ՏեղագրությունDhi Qar Governorate?
ՎայրՈւր
Մասն էՈւր
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Զիկկուրատի շինարարությունն իրականացրել է Ուրի երրորդ հարստությունը, որը աքքադացիների և գուտիների հարձակումից հետո վերականգնեց պետականությունը։ Զիկկուրատը կոչված էր ծառայելու ոչ միայն որպես տաճար, այլ նաև՝ հասարակական հաստատություն, արխիվ և արքայական պալատ։ Նրա գագաթից քաղաքը երևում էր, ինչպես ափի մեջ։

Զիկկուրտը 20-մետրանոց աղյուսե կառույց էր՝ տեղադրված տարբեր լայնության հենահարթակների վրա, 64մХ46մ հատակագծային չափերով և երեք հարկով։ Հիմքը շարված էր հում աղյուսից, արտաքին պատերը՝ երեսպատված քարասալերով[2]։

 
Զիկկուրատի ենթադրյալ տեսքը

Կառույցի ամբողջ մակերեսը երեսպատված էր բիտումով վերամշակված աղյուսով։

Կողադիր աստիճաններ հիշեցնող երեք պանդուսները (կենտրոնականը՝ մեծ, երկու կողայինները՝ վերևում հատվող) տանում էին առաջին հարթակ, որտեղից աստիճաններն ուղղորդում դեպի աղյուսե վերնաշենք, ուր գտնվում էր լուսնի աստված Նաննայի գլխավոր տաճարը։ Վերևի հարթակը քրմերին ծառայում էր նաև աստղերը դիտելու նպտակով։ Հարթակները պահող պատերի ներսում շատ սենյակներ էին տեղակայված, որտեղ ապրում էին քրմերը և տաճարի աշխատողները[2]։

Վերնաշենքը չի պահպանվել[3]։ Կառույցի առաջին հետազոտող Լեոնարդ Վուլլին կարծում էր, որ այդ աստիճանահարկերը հնում բուսածածկ են եղել, որպեսզի ամբողջ կառույցը սրբազան լեռ հիշեցներ հարթավայրային բնակիչներին[4]։

Ուրի զիկկուրտը օրինակ է հանդիսացել Հին Միջագետքի շինարարների համար։ Չի բացառվում, որ կամ Էտեմեննիգուրու զիկկուրատը, կամ նրա օրինակով կառուցված Բաբելոնի զիկկուրատը նախատիպ են հանդիսացել Աստվածաշնչում նկարագրված Բաբելոնի աշտարակի համար[5]։

Ներկա վիճակ

խմբագրել

XX դարում Լեոնարդ Վուլլի արշավախումբը Բրիտանական թանգարանից մաքրեց զիկկուրատը բազմադարյան հողաշերտից, որից հետո մասամբ վերանորոգվեց։ Զիկկուրատի բակում Վուլլին գտել է տաճարային արխիվի մնացորդներ՝ սեպագիր կավե սալիկներ առևտրական գործարքների մասին, որտեղ քրմերը հանդիսանում են որպես լուսնային աստվածության ներկայացուցիչներ։

1979-1980 թվականներին՝ Սադդամ Հուսեյնի իշխանության օրոք, Իրաքի հնությունների Դիրեկտորատի համաձայնությամբ, վերակառուցվեցին կառույցի ճակատային մասերը և մոնումենտալ սանդուղքը։ Ըստ հնագետների. «Դա ճիշտ որոշում էր, հակառակ դեպքում պեղումներից հետո այն կփոշիանար»[6]։ Այսօր զիկկուրատից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է ամերիկյան Ալի ավիաբազան։ Զիկկուրատի մոտ տեղակայված են Նաբուգոդոնոսոր II-ի տաճարի ավերակները։ Հուշարձանին մոտ քաղաքը Նասիրիան է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Байер Б., Бирштайн У. и др. История человечества. 2002. ISBN 5-17-012785-5.
  3. Gardner’s Art Through the Ages. P. 41-42. ISBN 0-495-41058-6.
  4. International Dictionary of Historic Places. Taylor & Francis, 1996. P. 718—719.
  5. William W. Hallo. Origins: The Ancient Near Eastern Background of Some Modern Western Institutions. Brill Academic Publishers, 1996. P. 279.
  6. Замаровський В. Спочатку був Шумер. — Київ, 1983. — 207 с.

Գրականություն

խմբագրել
  • Вулли Л.: Ур халдеев М.: Издательство восточной литературы, 1961. — 254 с. — (По следам исчезнувших культур Востока).
  • Mitchell T. C. Biblical Archaeology: Documents from the British Museum. Cambridge University Press, 1988. P. 25.
  • Leick G. A Dictionary of Ancient Near Eastern Architecture. ISBN 0-415-00240-0. P. 230.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրի զիկկուրատ» հոդվածին։