Ուռենի Վիլհելմսի

բույսերի տեսակ

Ուռենի Վիլհելմսի (լատին․՝ Salicales wilhelmsiana), ուռազգիների ընտանիքի, ուռենի ցեղի բույս։

Ուռենի Վիլհելմսի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Ուռածաղկավորներ
Ընտանիք Ուռազգիներ
Ցեղ Ուռենի
Տեսակ Ուռենի Վիլհելմսի
Լատիներեն անվանում
Salicales wilhelmsiana
Հատուկ պահպանություն

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ խոշոր թուփ կամ փոքր ծառ է՝ 6-7 մ բարձրությամբ, նուրբ, ճիպոտանման, խիտ տերևակալած, գորշ շագանակագույն ճյուղերով, որոնք երիտասարդ տարիքում մոխրագույն են, մետաքսանման։ Բողբոջները ձվաձև են, գագաթում աղվամազապատ։ Տերևակիցներ չունի։ Տերևները նստադիր են, համարյա գծանման, հիմքում և գագաթում սեղմված, ամբողջաեզր և գեղձիկապատ ատամնաեզր, 2-6 սմ երկարությամբ և 0,4-0,6 սմ լայնությամբ, թեթևակի ոլորված եզրերով, ներքևից դուրս ցցված ջղով, երկու կողմից էլ ծածկված մետաքսանման աղվամազով, երբեմն հետագայում մերկ։ Կատվիկները բացվում են տերևների հետ միասին կամ մի փոքր ավելի ուշ, համարյա նստադիր են, ուղղահայաց դիրքով, 2-3 սմ երկարությամբ, խտածաղիկ։ Ծաղկակից թեփուկները ձվաձև են, սրավուն, բաց դեղնավուն։ Առէջները երկուսն են, դեղին փոշանոթներով։ Սերմնարանը նստադիր է, ձվաձև-կոնաձև, աղվամազածածկ։

Տարածվածություն խմբագրել

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Իրանում, Հնդկաստանում, Տիբեթում, Աֆղանստանում։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Շիրակում, հյուսիսային և կենտրոնական շրջաններում, Վայքում, ստորին և միջին լեռնային գոտիներում, ծովի մակերևույթից մինչև 1500 մ բարձրությունների վրա։

Կիրառություն խմբագրել

Ընձյուղներն օգտագործում են շքեղ զամբյուղներ գործելու համար։ Մշակության հավանական շրջանները 3, 7-10, 12-14, 17-21[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 253։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուռենի Վիլհելմսի» հոդվածին։