Ոսկու համաձուլվածքներ, մետաղական միահալույթներ, որոնց հիմնական բաղադրիչը ոսկին է։ Ոսկու համաձուլվածքների ստացման նպատակը ոսկուն մեխանիկական կայունություն և կարծրություն հաղորդելը և նրա տնտեսումն է։ Ոսկու համաձուլվածքները արծաթի, պալադիումի և պղինձի հետ անընդհատ պինդ լուծույթներ են։ 20—40 զանգված % Ag պարունակող ոսկու համաձուլվածքները կանաչադեղնավուն են, 50% պարունակողները՝ բաց դեղնավուն։ Նրանք փափուկ են և հեշտ կռելի։ Сu պարունակող ոսկու համաձուլվածքները կարմրադեղին են, ավելի կարծր և առաձգական, քան ոսկին։ Մոտ 25% Сu պարունակողները 425 °C-ից ցածր տևական ջերմամշակման ենթարկելիս դառնում են շատ կարծր և փխրուն, կոփելիս՝ փափուկ և կռելի։ Մի շարք մետաղների (Pb, Zn, Mg, Mn և այլն) հետ ոսկին առաջացնում է ներմետաղական միացություններ՝ աուրիդներ (Аu2РЬз Аu4РЬ2, AuZn4, AuZn2, MgAu և այլն։ Ոսկու համաձուլվածքները սնդիկի հետ՝ ամալգամները օգտագործվել են մետաղական իրերը ոսկեզօծելու համար։ Առավել տարածված են ոսկու համաձուլվածքներ պղնձի հետ, որոնք օգտագործվում են ոսկերչական իրեր, դրամ, մեդալներ, ատամնապրոթեզային սկավառակներ պատրաստելու համար։ Ոսկու համաձուլվածքները պլատինի և արծաթի հետ օգտագործում են քիմիապես կայուն սարքավորումներ պատրաստելու համար և էլեկտրատեխնիկայում։ Գունավոր ոսկու համաձուլվածքները (տարբեր մետաղների հետ) օգտագործվում են ոսկերչական և կիրառական արվեստի իրեր պատրաստելիս, հատկապես թանկարժեք քարերի, զարդաքարերի, մարգարիտի, արծնների և սևանախշի հետ համատեղ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 636