Համաձուլվածքներ
Համաձուլվածքներ, մակրոսկոպիկ միատարր մետաղական նյութեր, որոնք կազմված են երկու և ավելի մետաղներից, որոնց բյուրեղացանցում հիմնական մետաղի եկընդմեջ փոխարինվում են մյուս մետաղի ատոմներով։
Համաձուլվածքների հատկությունները կախված են նրանց որակական ու քանակական կազմից։ Որպես կանոն՝ համաձուլվածքների հալման ջերմաստիճանն ավելի ցածր է, իսկ ամրությունն ու կարծրությունը՝ բարձր, քան նրանց բաղադրամասերինը. օրինակ՝ ոսկու և արծաթի համաձուլվածքն անհամեմատ ամուր է առանձին մետաղներից։
Տարրերի պարբերական համակարգում մետաղները որքան հեռու են միմյանցից, այնքան փոքր է նրանց փոխադարձ լուծելիությունը և համաձուլվածք առաջացնելու
Տեխնիկայի պահանջներից ելնելով՝ ստանում են թթվակայուն, հիմնակայուն, դյուրահալ, դժվարահալ, փափուկ, կարծր և այլ համաձուլվածքներ. լայնորեն օգտագործվում են պողպատը, թուջը, բրոնզը, արույրը, բաբիտները, նիքրոմը, պոբեդիտը, դյուրալյումինը և այլն։
Պողպատը երկաթի համաձուլվածքն է՝ քիչ քանակությամբ (մինչև 2%) ածխածնի և մետաղաձուլական խառնուկների՝ մանգանի, սիլիցիումի, ծծմբի, ֆոսֆորի հետ։ Պողպատին փոքր քանակությամբ այլ մետաղներ ավելացնելիս ստացվում են լեգիրված (որակավորված) պողպատներ. օրինակ՝ չժանգոտվող պողպատին այդ հատկությունը հաղորդում են ավելացված քրոմն ու նիկելը։ Պողպատին քրոմ ու վոլֆրամ ավելացնելիս ստացվում է «արագահատ» պողպատ, որից պատրաստված խառատային և ֆրեզերային հաստոցների կտրիչներն աշխատանքի ընթացքում կարող են շիկանալ մինչև մուգ կարմիր դառնալը և չկորցնել իրենց կարծրությունը։
Թուջը (չուգուն) երկաթի համաձուլվածքն է՝ ածխածնի (2–4,5%), սիլիցիումի, մանգանի, ֆոսֆորի և ծծմբի հետ։ Այն շատ փխրուն է. հարվածելիս փշրվում է։
Տեխնիկայում երկաթը և երկաթից ստացված համաձուլվածքները կոչվում են սև մետաղներ, իսկ մնացած բոլորը՝ գունավոր։
Բրոնզը պղնձի համաձուլվածքն է՝ մյուս տարրերի (մեծ մասամբ՝ մետաղների) հետ։ Տարբերում են անագային՝ պարունակում է անագ, ալյումինային (5–11% ալյումին), կապարային (մինչև 33% կապար), սիլիցիումային (մինչև 4% սիլիցիում) և այլ բրոնզներ։ Կիրառվում է մեքենաների մասեր և գեղարվեստական ձուլվածքներ պատրաստելու համար։
Արույրը պղինձ (65–70%) և ցինկ (30–35%) պարունակող համաձուլվածքն է։ Օժտված է մեծ պլաստիկությամբ։ Օգտագործվում է սարքեր, մեքենաների մասեր, կաթսաներ, ինքնաեռներ պատրաստելու համար։
Բաբիտները անագի ու կապարի համաձուլվածքներն են, որոնք պարունակում են նաև անտիմոն, պղինձ և այլ մետաղներ։ Այս համաձուլվածքները նվազեցնում են շփումը և օգտագործվում են առանցքակալներ պատրաստելու համար։
Նիքրոմը նիկելի (67,5%), քրոմի (15%), երկաթի (16%) և մագնեզիումի (1,5%) համաձուլվածքն է։ Օժտված է մեծ էլեկտրադիմադրողականությամբ և հրակայունությամբ։ Օգտագործվում է էլեկտրական ջեռուցիչ սարքեր պատրաստելու համար։
Պոբեդիտը ածխածնի, վոլֆրամի և կոբալտի համաձուլվածքն է։ Կարծրությամբ մոտ է ալմաստին։ Կիրառվում է կտրող, հղկող և հորատման գործիքներ ու սարքեր պատրաստելու համար։
Դյուրալյումինը ալյումինի (95%), մանգանի, պղնձի և մագնեզիումի համաձուլվածքն է։ Շատ թեթև է և ամուր։ Ամրությամբ մոտ է պողպատին, սակայն նրանից թեթև է 3 անգամ։ Օգտագործվում է ինքնաթիռաշինության մեջ։
Նիտինոլը նիկելի և տիտանի համաձուլվածքն է։ Դրանից պատրաստված իրերը, ծռելուց կամ հարթեցնելուց հետո, տաքացնելիս ընդունում են իրենց նախկին ձևը։ Այսինքն՝ օժտված են այսպես կոչված «հիշողությամբ»։ Անագի (50%) և ինդիումի (50%) համաձուլվածքն օգտագործվում է որպես զոդանյութ՝ ապակու և մետաղների զոդման համար։
Ռենիումի համաձուլվածքները տանտալի և վոլֆրամի հետ բոլոր հայտնի համաձուլվածքներից ամենահրակայունն են։
Աղբյուրներ
խմբագրել- Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 13-14։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 93)։ |