Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահապոնք (այլ կիրառումներ)

Շահապոնք, միջնադարյան բերդ համանուն Շահապոնք ձորում, պատմական Շահապունիք գյուղի մոտ, լեռնաշղթայի բրգաձև և անմատչելի քարաժայռի վրա[1]։

Շահապոնքի բերդ
Նկարագրություն
ՏեղագրությունԱդրբեջան գ. Շահապոնք, Ադրբեջան
ԵրկիրԱդրբեջան
Կառուցված6-րդ դար
ԿառուցողՇահապ, Սյունաց իշխաններ
ՇինանյութՍրբատաշ և կիսամշակ քար
Ընթացիկ վիճակավերված

Պատմություն խմբագրել

Շահապոնք բերդը կառուցվել է 6-րդ դարում Շահապ, Սյունաց իշխանների պատվերով[1]։ Վաղ միջնադարի հայոց նշանավոր բերդերից է։

Ճարտարապետություն խմբագրել

Շահապոնքն անառիկ բերդ է եղել՝ կառուցված բնականից դժվարամատչելի ժայռերի վրա։ Ունեցել է միջնաբերդ, որը վեր է խոյացել 350 մետր բարձրությամբ ապառաժ ժայռի գագաթին։ Կառուցվել է սրբատաշ և կիսամշակ քարից։ Շահապոնքը մշտապես եղել է հարձակումների թիրախ, հաճախ հայտնվել է ավերիչ արշավանքների կենտրոնում։ Հայտնի են, օրինակ, 1387 թվականի Լենկ Թեմուրի բանակի դեմ Շահապոնքի հերոսական դիմադրության մարտերը։ Ուշագրավ է այն փաստը, որ այդ ժամանակ բերդապահների մեջ է եղել և պաշտպանական կռիվներին անձնուրացաբար մասնակցել հայ մեծ մտածող Գրիգոր Տաթևացին։ Հայտնի է, որ հենց Շահապոնք բերդում է Տաթևացին շարադրել իր նշանավոր աշխատություններից մեկը՝ Գիրք Հարցմանցը, որտեղ շոշափում է երաժշտական, ծիսական, տեսական-գեղագիտական կարևոր հարցեր։ Բերդի ներսում և շրջակայքում տարբեր ժամանակներում կատարվել են պեղումներ, որոնց շնորհիվ հայտնաբերվել են 13-16-րդ դարերի խեցեղեն իրեր, միջնաբերդի ստորոտին՝ 12-13-րդ դարերի մատուռի ավերակներ և խաչքարերի բեկորներ։ 9-10, 16-17-րդ դարերում վանքը վերակառուցվել է։ Միջնաբերդը գտնվում է հարմարավետ և անմատչելի բարձունքի վրա։ Պարիսպները քարաշեն են, բայց այժմ ավերակ վիճակում են։ Համալիրի ավերակները՝ գտնվում են միջնաբերդում և լեռնաշղթայի հարավարևելյան կողմում[1]։ Ընդհանուր առմամբ բերդը ավերակ վիճակում է[1]։

Մատուռ խմբագրել

Միջնաբերդի լեռան տակ, աղբյուրի մոտ գտնվում էր 13-րդ դարի մատուռ։ Հորինվածքը՝ միանավ, փայտածածկ դահլիճ։ Մատուռը կառուցված էր կիսամշակ լեռնային քարից։ Մուտքը արևմուտքից էր։ Աբսիդը՝ ուղղանկյուն, առանց ավանդատների էր[1]։ Ներսակողմում կային արձանագրություններ։ Մատուռի մոտ կան 14-15-րդ դարերի մի քանի խաչքարերի բեկորները։ Ընդհանուր առմամբ տաճարը ավերակ վիճակում է[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել