Նոր Արմավիրի դամբարանադաշտ

Նոր Արմավիր գյուղի դամբարանադաշտ, մասն է կազմում Արգիշթիխինիլի հուշարձանախմբի։ Հայաստանի ամենահռչակավոր հուշարձաններից է։ Բաղկացած է երկու ամրոցներից, որոնցից արևելյանը գտնվում է Արմավիր բլուրի վրա, իսկ արևմտյանը՝ Դավթի բլուրի վրա, Նոր Արմավիր գյուղի տարածքում։ Գյուղի տնամերձերի տակ է գտնվում Արգիշթիխինիլիի դամբարանադաշտի գերակշիռ մասը։ Սուրբ Դավթի բլրի պարբերական պեղումները սկսվել են 1962 թվականին Հարություն Մարտիրոսյանի և, հետագայում, Ռ. Մ. Թորոսյանի ղեկավարությամբ։ Պեղումների ընթացքում պարզվել է, որ հուշարձանը բազմաշերտ է։ Բլրի տարածքը բնակեցվել է դեռևս վաղ բրոնզի դարում (մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջ - 3-րդ հազարամյակի 3-րդ քառորդ)։ Այստեղ ձևավորված Կուր–Արաքսյան բնակավայրը լքվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակում վարելահողերի ուժասպառ լինելու պատճառով։ Ավելի ուշ, մ.թ.ա. 13-12-րդ դարերում, այստեղ հիմնվում է մի նոր բնակավայր, որը, թերևս, ավերել են ուրարտացիք` մ.թ.ա. 8-րդ դարում` նույն տեղում հիմնելով Արգիշթիխինիլի քաղաքի արևմտյան ամրոցը։

Նոր Արմավիրի դամբարանադաշտ
ՎայրՆոր Արմավիր
ՇրջանԱրմավիրի մարզ
Կառուցվել էմ․թ․ա 8-րդ դար
Շրջաններմ․թ․ա․ 8-6-րդ դդ․
ՄշակույթներՈւրարտական մշակույթ
Հայտնաբերվել է20-րդ դարի երկրորդ կես
ՀնագետներՍիմոն Հմայական

Տեղագրություն խմբագրել

 
Կարասային թաղում Նոր Արմավիրից

Նոր Արմավիր դամբարանադաշտ, գտնվում է Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի տարածքում, մարզկենտրոնից շուրջ 10 կմ հարավ-արևմուտք[1]։

Գյուղը հիմնադրել են 1923 թվականին հիմնականում Կոստանդնուպոլիսից եկած հայրենադարձները։ Մինչխոչհրդային շրջանում այստեղ եղել է միայն տասը տուն։ Նոր Արմավիր գյուղի տարածքում է գտնվում մ.թ.ա. 776 թվականին Արգիշթի արքայի (786-764 թթ.) հիմնադրած Արգիշթիխինիլի քաղաքի արևմտյան ամրոցը, որը հիմնվել է այժմ «Սուրբ Դավիթ» կոչվող բլրի վրա[2]։ Նոր Արմավիրի դամբարանադաշտը գտնվում է, հիմնականում, Նոր Արմավիր գյուղի տարածքում` շինությունների և տնամերձ այգիների տակ և խիստ վտանգված է։

2012-2021 թվականներին, Նոր Արմավիրի արշավախմբի կողմից հաշվառվել է 33 դամբարան։ Հաստատագրված և պեղված դամաբարաններից 17-ը կարասային թաղումներ են, հինգը` թաղումներ աճյունասափորներում, երկուսը՝ կարասի բեկորներից պատրաստված հորինվածքներում, երկուսը` թաղումներ սարկոֆագներում, հինգը՝ հիմնահողային են, իսկ վերջին երկուսը սալարկղային և քարարկղային թաղումներ են։ Այսինքն թաղումների ծիսակարգի մեծ մասը (թաղումներ կարասներում, սարկոֆագներում) Արարատյան դաշտում ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ Վազա անվանված այս տարածաշրջանը հայտնվեց Վանի թագավորության կազմում։

Արգիշթիխինիլիի դամբարանադաշտում թաղումների մեծ մասը կատարված են միջին և փոքր չափերի կարասներում։ Սա թաղման մի ձև է, որը մինչև ուրարտական նվաճումները բնորոշ չէր տարածաշրջանի բնակչության համար, և ի հայտ է գալիս ուրարտական նվաճումներին զուգահեռ և, այնուհետև, հարատևում են մինչև վաղ միջնադար։ Կարասներում և սարկոֆագներում արված թաղումները կարող էին ի հայտ գալ երկու պատճառներով․ 1․Տարածաշրջանում հայտնված վերաբնակիչների հետ, որոնք մեծամասնություն են կազմել Արգիշթիխինիլիում, 2․Սա կարող էր կրոնական մի նոր աղանդի ձևավորման արդյունքը լինել, աղանդավորները խուսափել են զրադաշտականների պես դիակով աղտոտել հողը, ջուրը, օդը և կրակը։

Թաղման ծիսակարգեր խմբագրել

 
Նոր Արմավիրի հիմնահողային թաղումներից մեկը, մ․թ․ա․ 6-րդ դար
  • Դիադրում։ Վաղ երկաթի դարում, ՀՀ տարածքում թաղման հիմնական ձևը քարարկղերում և սալարկղերում դիադրման ծեսով արված թաղումներն են։ Արգիշթիխինիլիում պեղված է միայն մեկ նման հուղարկավորություն, 2022 թվականին ոչ մեծ քարերով շարված պատեր ունեցող այս դամբարանում հուղարկավորված էին իրար մոտ պառկած, թերևս ամուսիններ․ կինը՝ շուրջ 25 տարեկան, տղամարդը՝ 35։ Հատկանշանական է, որ նրանց ոտքերի տակ դրված է եղել մեծահասակ մի մարդու գլուխ, առանց մարմնի։ Հաշվի առնելո, որ մարդու զոհաբերությունը Վանի թագավորությունում արգելված էր, այս օրենքը, սակայն, երբեմն խախտվում էր տեղական, հին ավանդույթներ ունեցող թաղման ծիսակարգերով կատարվող հուղարկավորումների ժամանակ։ Թաղման գույքն այս ծեսով հուղարկավորություններում հարուստ է, այդ են վկայում բազմատեսակ ապարանջանները, շիգղերը, հուլունքաշարերը, ինչպես նաև իրեր, որոնք պատկանել են կնոջը, իսկ ահա տղամարդու հետ դնում էին միայն զենքեր՝ առավելապես դանակ։
  • Դիակիզման ծիսակարգով թաղումներն, արվել են աճյունասափորներում կամ քարե սարկոֆագներում, որոնց մեջ, երբեմն, դրվել են քարե կոթողներ։ Կանանց թաղումների դեպքում, օրինակ, աճյուններն այրել են իրենց շորերով, զարդերով ու նախընտրելի իրերի հետ։
  • Դիամասնատմամբ հուղարկավորությունները, հիմնականում հիմնահողային են։ Լինում են երկու տեսակի՝ մասնակի, երբ բացակայում է մարմնի միայն մի մասը և կամ ամբողջությամբ։ Այս ծեսով թաղման անձիք սովորաբար ավելի ցածր խավի ներկայացուցիչներ են եղել՝ ի տարբերություն նախորդ երկուսի։

Թաղման ձևեր խմբագրել

Թաղման ծիսակարգերն իրենց արտահայտությունն են գտել թաղման 7 ձևերում։ Դրանք են՝ հիմնահողային, թաղում մեծ կարասում, թաղում փոքր կարասում, սարկոֆագային թաղումներ, թաղումներ աճյունասափորներում, քարարկղերում, կավարկղերում։

  • Հիմնահողային թաղումներ։ Ամենատարածված թաղման ձևն է Նոր Արմավիրի դամբարանադաշտում։ Հանդիպում են թե՛ առանձին և թե՛ խմբային հուղարկավորություններ։ 1 կամ 2 հոգուց կազմված հիմնահողային հուղարկավորությունների դեպքում, որպես օրինաչափություն, կանանց մարմինները առավելապես պառկած են լինում ձախ կողքի վրա, իսկ տղամարկանց դեպքում՝ աջ։ Խմբակային հուղարկավորություններում այդ օրինաչափությունը սովորաբար չի պահպանվում։ 2021 թվականին Նոր Արմավիրի Լևոնի այգի տեղամասում պեղվել և հաստատագրվել է խմբային թաղում՝ բաղկացած 6 անձից, որոնք թաղված էին իրար վրա։ Ըստ մարդաբանական ուսումնասիրությունների, թաղումը բաղկացած էր 4 աղջնակների, 1 կնոջ և 1 տղամարդու կմախքներից, որն ամենաստորինն էր։ Հավանական է, որ սա ընտանեկան թաղում է եղել։ Հիմնահողային, դիադրման ծեսով հուղարկավորությունների մեծ մասին հատուկ է նաև գույքի առկայությունը։ Նշված ընտանեկան հուղարկավորությունը դասվում է հարուստ թաղումներին թվին։ Այստեղից հայտնաբերվեցին բազմատեսակ և բարձրորակ կավանոթներ, բրոնզից և սերդոլիկից զարդեր։
  • Թաղում մեծ կարասում։ Մ․թ․ա․ 8-6-րդ դարերի Նոր Արմավիր դամբարանադաշտում, ինչպես և շատ այլ հնավայրերում, մեծ կարասներում հուղարկավորված են լինում սովորաբար բարձր դիրք ունեցող անձիք, ինչպես օրինակ՝ 2019 թվականին Նոր Արմավիրի հնագիտական արշավախմբի կողմից հայտնաբերված "Հեծյալ կնոջ" թաղումն է։ Այստեղ, ինչպես հիմնահողային թաղման պարագայում է պահպանված է նշված օրինաչափությունը․ կնոջ մարմինը թեքված ձախ կողքի վրա, թաղված էմբրիոնի տեսքով։ Մեծ կարասային թաղման գույքը և զարդերը սովորաբար ավելի ճոխ են, այդ են վվկայում նշված դամբարանից հայտնաբերված ոսկյա 10, ականջօղերը, սերդոլիկե ուլունքները, բրոնզե զարդերի առատությունը։ Խավերի տարբերությունը լավագույնս մատնանշված է այս դամբարանում․ մեծ կարասում հուղարկավորված կնոջ հարևանությամբ հուղարկավորված են առավել ցածր սոցիալական դիրք ունեցող անհատներ, այդ են վկայում թաղման գույքի սակավությունը և թանկարժեք իրերի բացակայությունը։
  • Թաղումներ փոքր կարասներում։ Սրանք կատարված են նույն օրինաչափությամբ, ինչ մեծ կարասային թաղումներն այն տարբերությամբ, որ այստեղ կարասը, ոչ այնքան լավ է թրծված և մշակված, թաղման գույքն էլ առավել աղքատ է։ Փոքր կարասները սովորաբար փակված են լինում որպես խուփ ծառայող քրեղանով կամ թասով, ինչպիսին է օրինակ Նոր Արմավիրի Լևոնի այգի տեղամասում գտնված փոքր կարասային թաղումը։
  • Թաղումներ սարկոֆագներում։ Այս ձևով հուղարկավորությունները պատկանում են ամենաբարձր դիրք ունեցող անձանց՝ այդ թվում և Վանի արքաներին։ Սարկոֆագները սովորաբար մեծ չափերի տուֆե "արկղեր" են, որում հանգուցյալի հետ դրվել է այդ ժամանակ եղած ամենաբարձրակարգ իրերը։
  • Թաղումներ աճյունասափորներում։ Այս ձևի թաղումներն իրականացվում են դիամասնատման կամ դիակիզման ծեսերով և կամ երկուսի համադրությամբ։ Այդպիսի թաղման արժանահիշատակ օրինակ է Նոր Արմավիրի "Եղիշեի այգի" պայմանական անվանված տեղամասի դիակիզման և դիմասնատման ծեսերի համադրությամբ թաղումը մեծ, կարմիր փայլեցված սափորի մեջ։ Դրա մեջից բազմաթիվ մանրատված ոսկորների հետ մեկտեղ, հայտնաբերվեց նաև երկաթե տեգի սայր։ Այն փակված է եղել նրբախեցի մի թասով։
  • Քարարկղային թաղումներ։ Սրանք, սովորաբար ուղղանկյունաձև քարե միաշար հորինվածքներ են, որոնցում, կախված չափերից, հանգուցյալները պառկած են ամբողջ հասակով, կամ ոտքերը ծալված դիրքով են։ Քարարկղային թաղումները շատ անգամ ծածկվում եմ մեծ սալաքարերով։
  • Կավարկղային թաղումներ։ Սրանք, թեև ամենահասարակ թաղումների շարքին են դասվում և պատկանել են հիմնականում սոցիալապես ցածր խավի ներկայացուցիչներին, բայց ունեն հետաքրքիր լուծում․ հավաքված են տարբեր կավանոթների բեկորներից, որոնք, ամբողջություն կազմելով, ծածկում են դիակը։ Այսպիսի թաղումները գույքի և զարդերի առումով շատ աղքատ են և կամ դրանք իսպառ բացակայում են։ Նման մի թաղում է պեղվել Նոր Արմավիրի հնագիտական արշվախմբի կողմից 2015 թվականին։ Թաղումը պատկանում է 5-6 տարեկան մի աղջնակի, որի կողքը հայտնաբերվեց այլ աղջնակի թաղում՝ կատարված կարասում և առավել ճոխ գույքով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мартиросян А.А. (1974). «Аргиштихинили». arar.sci.am. АН АрмССР Институт археологии и этнографии.
  2. Սիմոն Հմայակյան, Նվարդ Տիրացյան, Մարգար Հմայակյան (2021). «ԵՐԿՈՒ ՍՊԱՆՎԱԾ ԱՂՋԻԿՆԵՐԻ ԹԱՂՈՒՄԸ ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏՈՒՄ (Նոր Արմավիրի արշավախմբի 2014-2015 թթ. հետազոտությունների արդյունքները)». Google Drive. ՀԳՊԱ. Վերցված է 2023 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. Հմայկյան Սիմոն, Տիրացյան Նվարդ, Հմայակյան Մարգար, ԱՐԳԻՇԹԻԽԻՆԻԼԻՈՒՄ 2016 Թ. ՊԵՂՎԱԾ ԿԱՐԱՍԱՅԻՆ ԵՎ ԿԱՎԱՐԿՂԱՅԻՆ ԹԱՂՈՒՄՆԵՐԸ. ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ (2018). «Արգածի թիկունքում,» (PDF). iae.am. "Գիտոթյուն" հրատարակչություն. էջեր 175–181.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)