Նորածինների տուփ (ֆիններեն՝ Äitiyspakkaus), երեխայի խնամքի համար անհրաժեշտ իրերով տուփ, որն առաջարկվում է Ֆինլանդիայում յուրաքանչյուր կնոջ՝ նախքան երեխայի ծնվելը։ Մասնագետները նշում են, որ այս տուփերի շնորհիվ Ֆինլանդիայում հաջողվեց հասնել մանկական մահացության նվազման և այժմ այլ երկրներ ևս քննարկում են նմանատիպ տուփերի կիրառման հնարավորությունը[1][2][3]։

Զույգը տոնում է նորածնի տուփ նվեր ստանալը

Պատմություն խմբագրել

Առաջին անգամ նորածնի տուփերն առաջարկվել են 1938 թվականին միայն աղքատ մայրերին՝ 1937 թվականին համապատասխան օրենքի ընդունումից հետո։ Այսպիսով կառավարությունը փորձում էր լուծել ծնելիության նվազման և մանկական մահացության բարձր ցուցանիշերի խնդիրը[4]։ Այսպես, 1930-ական թվականներին Ֆինլանդիայում յուրաքանչյուր 1000 նորածնից մահանում էր 65-ը։ 2015 թվականին այս ցուցանիշն ընկավ մինչև 2.3 մահ և դարձավ ամենացածրն աշխարհում[5]։

1949 թվականին որոշում ընդունվեց, որ տուփը կարող է ստանալ յուրաքանչյուր կին․ դրա համար անհրաժեշտ էր միայն հղիության առաջին 4 ամիսների ընթացքում այցելել բժշկի։ Այսպիսով լուծվում էր նաև հղիների և նորածինների բժշկական հսկողությունը[1]։

Տարիների ընթացքում տուփը ֆինների համար ոչ միայն ավանդույթ դարձավ, այլև մայրության օծման յուրօրինակ ծես[1]։

Տուփի պարունակություն խմբագրել

Տարբեր տարիներ տուփի պարունակությունը տարբեր է եղել․ մասնագետներն ընտրում են ավելի ակտուալ և արդիական իրեր։ Օրինակ՝ սկզբնական շրջանում տուփի մեջ դնում էին կտորներ, քանի որ 20-րդ դարի առաջին կեսին ընդունված էր, որ կանայք իրենք կարեն մանկական հագուստը, սակայն արդեն 1950-ական թվականներին տուփի մեջ պատրաստի հագուստ սկսեցին դնել։ Կտորների տեսակը տեքստիլ արդյունաբերության զարգացման հետ մեկտեղ փոխվում էր։ Մասնագետները, որոնք պատասխանատու են տուփի պարունակության համար, ուշադրություն են դարձնում նաև էկոլոգիական հարցերին․ այսպիսով, հաշվի առնելով բնապահպանների կարծիքն այն մասին, որ մեկանգամյա օգտագործման տակաշորերը վատ են անդրադառնում շրջակա միջավայրի վրա՝ 2000 թվականից դրանց փոխարեն տուփի մեջ դրվում են բազմամյա օգտագործման տակաշորեր[1][4]։

Տուփի հավաքման գործում հատուկ ուշադրություն է դարձվում երեխայի առողջությանը։ Մասնագետներն ուշադրություն դարձրին այն բանին, որ ծնողները սովորաբար քնում են երեխաների հետ նույն մահճակալօ վրա, այն պարագայում, երբ խորհուրդ է տրվում, որ երեխաները քնեն իրենց սեփական անկողնում՝ չոր, բարակ, անջրաթափանց ներքնակի վրա։ Որպեսզի փոխեն այս սովորույթը, տուփերն այնպես նախագծեցին, որ այն կարող էր ծառայել որպես անկողին․ տուփի հատակին սկսեցին հատուկ այս նպատակի համար մշակված ներքնակ դնել[1][6]։ Այժմ ֆինն երեխաներն իրենց առաջին 3-4 ամիսներին քնում են տուփի մեջ[2]։

Որպեսզի կանայք նախընտրեն կրծքով կերակրելը, որոշ ժամանակաշրջանում որոշում ընդունվեց տուփի մեջ չդնել մանկական շշեր և ծծակներ[1]։

Պարունակությունից զատ տարբեր տարիներին փոխվում է նաև տուփի մեջ առկա կտորների գունային երանգը։ Մինչև 1970-ական թվականների կեսերը գերակշռում էր սպիտակ գույնը, այժմ յուրաքանչյուր տարի ընտրվում է չեզոք գույնի երանգ, որը հարմար է և՛ տղաներին, և՛ աղջիկներին[1][4]։

Թեև ապագա մայրիկներն ընտրության հնարավորություն ունեն՝ վերցնել տուփը, թե դրամական օժանդակությունը, որը 2016 թվականին կազմել է 140 եվրո[7], երկու երրորդն ընտրում է տուփը[4]։

Այլ երկրների նորածնի տուփեր խմբագրել

Ֆինլանդիայի փորձն սկսում են կիրառել նաև այլ երկրներ։ Տուփի պարունակությունն ընտրելիս հաշվի են առնվում տեղի յուրահատկությունները։ Այսպիսով, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում տուփերը պատրաստում են պլաստիկական նյութից, որպեսզի հնարավոր լինի դրա մեջ լողացնել երեխային։ Հնդկաստանում տուփի մեջ դնում են մոծակներից պաշտպանվելու լրացուցիչ ցանց, ներքնաշորեր և ծննդաբերության ժամանակ և հետծննդաբերական շրջանում անհրաժեշտ դեղեր[5]։ Կանադայում տուփին ի հավելումն տրվում է առցանց վիդեոծրագիր, որտեղ մասնագետները պատմում են, թե ինչպես խնամել նորածիններին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Хелена Ли (2013 թ․ հունիսի 4). «Почему финские младенцы спят в коробках». Би-би-си. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  2. 2,0 2,1 Rick Noack (2015 թ․ նոյեմբերի 10). «Why babies should sleep in cardboard boxes, explained in 2 charts» (անգլերեն). The Washington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  3. 3,0 3,1 Isabelle Khoo (2015 թ․ դեկտեմբերի 29). «Baby Box Canada: Finland's 75-Year Tradition Is Coming Here» (անգլերեն). The Huffington Post. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «History of the maternity grant» (անգլերեն). Kansaneläkelaitos - The Social Insurance Institution of Finland. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  5. 5,0 5,1 Ванесса Барфорд (2016 թ․ ապրիլի 5). «Финские коробки для младенцев завоевывают мир». Би-би-си. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  6. Karen Gordon (2016 թ․ ապրիլի 4). «Should babies be sleeping in cardboard boxes?» (անգլերեն). NetDoctor.co.uk. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Bears, birds, browns, blues and an emoji: Kela launches 2016 new baby kit» (անգլերեն). Yle. 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել