Ուրվապատկեր, ուրվանկար, ստվերանկար, սիլուետ, լայն առումով՝ ինչպես բնության մեջ, այնպես էլ արվեստում առարկայի բնորոշ ընդհանուր աղոտ գծագրությունը, արտապատկերը, որ նման է նրա ստվերին՝ ստվերանկարը։ Նեղ առումով ուրվապատկերը գրաֆիկական տեխնիկայի տեսակ է՝ ֆիգուրների և առարկաների հարթային միատոն պատկերումը։ Նկարված (տուշով կամ ճերմակով) կամ թե թղթից կտրված ու որևէ ֆոնի վրա փակցված ուրվանկարը ստեղծում է հոծ, ուրվագծով եզրափակված, մուգ կամ բաց մակերես՝ կոնտրաստային ֆոնի վրա։ Ուրվապատկերի արվեստը հնուց հայտնի է Չինաստանում (դեռևս պահպանում է իր ավանդույթները), Ճապոնիայում և Ասիայի այլ երկրներում։ Եվրոպայում տարածվել է XVIII դարից, սիրված ժանրեր են դարձել կիսադեմ դիմանկարները, կենցաղային փոքրիկ տեսարանները, պատկերազարդումները, նատյուրմորտները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։