Նկարիչ Մ․Ս․Սարյանի դիմանկար (Պավել Կորին)

Նկարիչ Մ․Ս․Սարյանի դիմանկար (ռուս.՝ Портрет художника М.С. Сарьяна), ռուս խորհրդային նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Պավել Կորինի կտավը, որը պատկերում է հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանին։ Ստեղծվել է 1956 թվականին, պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում (գույքահամար՝ ЖС-166)[1]։

Նկարիչ Մ․Ս․Սարյանի դիմանկար
ռուս.՝ Портрет художника М.С.Сарьяна
նկարիչՊավել Կորին
տարի1956
բարձրություն104,5 սմ
լայնություն94 սմ
ստեղծման վայրՄոսկվա
ստեղծման երկիրԽՍՀՄ
ժանրդիմանկար
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
քաղաքՄոսկվա
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Մարտիրոս Սարյանի դիմանկարը Պավել Կորինը ստեղծել է, երբ նրան տեսել է նիստերից մեկի ժամանակ և տպավորվել ինչպես Մարտիրոս Սարյանի անհատականությամբ, այնպես էլ նրա արտաքինի գեղարվեստական արտահայտչությամբ[1]։

Կորինը դիմանկարը ստեղծել է Սարյանի՝ Կարմանիցկի նրբանցքում գտնվող արվեստանոցում։ Նկարչին նա պատկերել է նրա աշխատանքների ֆոնին՝ դրանք ներառելով ոչ միայն կտավի գունային և կոմպոզիցիոն կառուցվածքում, այլև հարգանքի տուրք մատուցելով Մարտիրոս Սարյանի ստեղծագործությանը[1]։

Տրետյակովյան պատկերասրահը, որտեղ պահվում է կտավը, այն ձեռք է բերել հեղինակից 1957 թվականին[1]։

Նկարագրություն խմբագրել

Դիմանկարի համար Կորինն ընտրել է գրեթե քառակուսի կտավ և կոմպոզիցիան կառուցել է նրա անկյունագծով։ Սարյանը պատկերված է կիսադիմի, և նրա մարմինը զբաղեցնում է նկարի գրեթե ողջ բարձրությունը։ Նրա մարմինն ու գլուխը ուրվագծող բարդ, դինամիկ գիծը սահմանում է կոմպոզիցիոն առանցքը։ Դիմանկարը ստեղծված է հանգիստ գորշ-սև գունային գամմայով, որն աշխուժացնում են Սարյանի վերևում գտնվող կտավի վրայի վառ կարմիր բծերը, որոնք համահունչ են նկարչի փողկապին, և բնապատկերի կապույտ երանգները, որոնք ներդաշնակ են նրա վերնաշապիկին[1][2]։

Ինչպես հաճախ է պատահում Պավել Կորինի դիմանկարներում, նա առաջին պլան է մղում մարդու ներքին, խոր էությունը, նույնիսկ եթե պատկերված մարդն առաջին հայացքից նման չէ բոլորին ծանոթ կերպարին։ Այդպես է նաև Մարտիրոս Սարյանի կերպարը, որը բոլորին հայտնի էր որպես մեղմ ու բարեսիրտ անձնավորություն։ Պավել Կորինն ընդգծել է ոչ թե նրա արտաքին փափկությունը, այլ նկարչի ներքին ուժը, նրա ստեղծարար էությունը, ստեղծագործական ականավոր կամքը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Портрет художника М.С. Сарьяна». my.tretyakov.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  2. «Корин Павел Дмитриевич - биография художника. Галерея Артпанорама». www.artpanorama.su. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել