Ներքին հանգ, բառերի հնչյունական նման վերջավորություններ բանաստեղծական տողի ներսում` ի տարբերություն սովորական հանգի, որը միշտ համընկնում է տողերի վերջի հետ և ազդարարում է բանատողի` իբրև ռիթմի հիմնական միավորի, ավարտվելը։ Ներքին հանգի երեք տեսակներ կան.

ա. Երբ համահնչյուն են միևնույն տողի ներսում եղած բառերը։

Ո'չ տրտունջ, ո'չ մրմունջ սգավոր,
Հեռացի'ր, մոռացի'ր ինձ հավետ,
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կգնամ իմ դժկամ ցավի հետ։

(Վահան Տերյան)

բ. Տողի ներսում գտնվող բառերը հանգավորվում են տողի վերջի հետ։

Մու'տ բախչեն նազով, քեզ գովիմ սազով,
յար իլթիմազով։

(Սայաթ-Նովա)

գ. Երբ հանգավորվում են հարևան տողերի ներսում գտնվող բառերը.

Հույսի հայրենիք,
Լույսի հայրենիք...
Իմ նոր հայրենիք,
Հզոր հայրենիք...

(Հովհաննես Թումանյան)

Ներքին հանգը պատկանում է բանաստեղծության երաժշտականությունը ուժեղացնող միջոցների թվին։ [1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Է. Դ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան