Նարվեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Ակնի գավառակում[1]։ Գտնվում էր Ակն քաղաքից 8-10 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ կողմում, Հայեկ լեռան վրա։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Նարվեր առաջացել է «նա վեր է» արտահայտությունից։ Գյուղը գտնվելով Եփրատի ափին ունեցել է նավակայան և այստեղից նավարկողները երբ հարցնում էին ուր է Իջևանը, տեղացիները պատասխանում էին. «նա վեր է»։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղի երկու կողմերում վեր են խոյանում Շրզու կամ Վանքի քար և Նարվերի քար հսկա ժայռերը։ Խաթունիկ և Շամամ ուխտատեղիների մոտ գտնվում էր Դրախտիկ սառնորակ աղբյուրը, որից հավասարապես օգտվում էին և՛ հայերը, և՛ թուրքերը։

Պատմություն

խմբագրել

Գյուղի մասին Նավրեր անունով 1640 թվականին հիշատակված է հայերեն ձեռագիր հիշատակարանում։ Գյուղը շատ է տուժել 1895 թվականի կոտորածների ժամանակ, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ամբողջապես դատարկվեց հայերից։

Բնակչություն

խմբագրել

1900-ական թվականներին ուներ 50-60 տուն բնակիչ, որից 40 տուն՝ մոտ 200 բնակիչ՝ հայեր։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, առևտուր և արհեստներն էր։ Ոմանք էլ պանդխտում էին։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Նարվերն ուներ սրբատաշ քարերով կառուցված Ս. Մինաս անունով եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կային բազմաթիվ սրբավայրեր, մատուռներ և ավերված եկեղեցիներ։ Գյուղի մոտ գտնվում էին Ս. Աստվածածին, Խաչաղբյուր, Խնդրակատար ավերված եկեղեցիները, Եփրատի ափին՝ Ս. Թեոդորոս և Ս. Նիկողայոս (թուրքերն այն անվանում էին Զիարեթ թեփեսի) ուխտատեղիները, գյուղի այգիների մեջ՝ Ս. Խաթունիկը և Ս. Շամամը։

Նարվեր և Ապրանք գյուղերի միջև գտնվում էր Ս. Սարգի ավերված եկեղեցին։ Գյուղի մոտ էր նաև գտնվում Սենեկներ կոչվող ավերված եկեղեցին, որի կառուցումը վերագրվում էր Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունուն (X-XI դարեր)։ Գյուղից վերև՝ լեռան կատարին, գտնվում էր հին ավերակ բերդը, որի ստորոտում պահպանվում էին Ավերտունք անունով տների ավերակները։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր Սահակյան կամ Սմբատյան անունով վարժարան[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 971-972

Աղբյուրներ

խմբագրել