Նախաքննություն, քրեական դատավարության փուլ, որը հաջորդում է գործի հարուցմանը և ավարտվում է մեղադրական եզրակացությամբ գործը դատախազին ուղարկելու կամ կարճելու պահին։

Նախաքննությունը կատարվում է գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները բազմակողմանիորեն պարզելու նպատակով։ Վերապահված է դատախազության, ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների քննիչներին։ Նախաքննության ընթացքում հավաքվում և ստացվում են ապացույցներ, բավարար հիմքերի առկայության դեպքում մեղադրանք է առաջադրվում կասկածյալին, ընտրվում է խափանման միջոց, միջոցներ են ձեռնարկվում քաղաքացիական հայցն ու գույքի բռնագրավումն ապահովելու վերաբերյալ։ Նախաքննություն կատարող անձը պարտավորվում է հավասարապես ձեռք բերել ինչպես մեղքն ապացուցող, այնպես էլ հերքող փաստարկները։ Քրեական գործը մեղադրյալին ծանոթացման ներկայացնելու, իսկ անչափահասների, ինչպես նաև դատավարության լեզվին չտիրապետողների գործերով անձին մեղադրանք առաջադրելու պահից նախաքննությանը մասնակից է դարձվում պաշտպանը։ Եթե քննության արդյունքներով բացառվում է անձի մասնակցությունը հանցագործության կատարմանը, նախաքննությունը ավարտվում է գործի կարճմամբ։ Այդպիսի որոշում է կայացվում նաև անձին կոլեկտիվի դաստիարակությանը, գործը ընկերական դատարանին կամ անչափահասների գործերով հանձնաժողովին հանձնելու դեպքում։ Նախաքննության արդյունքները ստուգվում են դատաքննության ընթացքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 159