Մեղադրական եզրակացություն

Մեղադրական եզրակացություն, դատավարական փաստաթուղթ, որը ավարտված նախաքննության (հետաքննության) հիման վրա ամփոփում է կատարված հանցագործության մասին տվյալներն ու անձին առաջադրված մեղադրանքի էությունը։ Բաղկացած է նկարագրական և եզրափակիչ մասերից։ Նկարագրական մասում շարադրվում է հանցագործության բովանդակությունը, տեղը, ժամանակը, միջոցներն ու շարժառիթները, հետևանքները, մասնակիցներից յուրաքանչյուրի դերը, տուժողի մասին տեղեկությունները, պատասխանատվությունը ծանրացնող կամ թեթևացնող հանգամանքները, ապացույցների վերլուծությունը։ Եզրափակիչ մասում նշվում է, թե տվյալ հանցագործության համար պատիժ նախատեսող հոդվածով ում է առաջադրված մեղադրանք և ձևակերպվում է մեղադրանքը։ Մեղադրական եզրակացությանը կցվում են դատակոչի ենթակա անձանց ցուցակը, նախաքննության ժամկետի, խափանման միջոցի, իրեղեն ապացույցների, դատական ծախսերի մասին տեղեկանքները։ Դատախազն իրավասու է Մեղադրական եզրակացությունը հաստատել և գործն ուղարկել դատարան, վերադարձնել լրացուցիչ քննության կամ կարճել։ Դատախազը կարող է նաև Մեղադրական եզրակացությունը փոխել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 445