Նախադասության գլխավոր անդամներ

Նախադասության գլխավոր անդամներ, նախադասության կազմի մեջ մտնող հիմնական բաղադրիչները։

Նախադասության գլխավոր անդամներ․ ենթակա և ստորոգյալԽմբագրել

Նախադասությունն ունի երկու գլխավոր անդամ՝ ենթակա և ստորոգյալ, որոնք իրար հավասարազոր անդամներ են[1]։

Ենթական նախադասության այն անդամն է, որին դիմավոր բայով վերագրվում է որևէ հատկանիշ։ Ենթական դրվում է ուղղական հոլովով և պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին[2]։

Ստորոգյալը նախադասության այն անդամն է, որն արտահայտում է հատկանիշ և այն դեմքով վերագրում ենթակային։

Ստորոգյալը պատասխանում է ի՞նչ է անում (ի՞նչ է արել, անելու…), ի՞նչ է լինում, ինչպիսի՞ն է, ի՞նչ է, ո՞վ է, ո՞րն է, որքա՞ն է և նման հարցերի[3]։

Ստորոգյալին վերաբերող հարցերը պայմանավորված են նրանով, թե ինչ հատկանիշ է վերագրվում ենթակային։

Ենթակայի արտահայտությունԽմբագրել

Ենթական արտահայտվում է`

  • գոյականով, որը կարող է լինել անձ, իր, երևույթ, հասկացություն և այլն։

Օրինակ՝ Վրնջում էին ձիերը մետաղաձայն և երկարածոր (Ակսել Բակունց)։

  • Այն բոլոր դերանուններով, որոնք մատնացույց են անում անձ կամ իր։

Օրինակ՝ Ե՛վ դժբախտ է նա, և՛ մեռած, ով երգ չի հասկանում, չի սիրում (Ավետիք Իսահակյան)։

  • Փոխանուն ածականով, այսինքն` ածականը պետք է պարտադիր հոդ ստանա և գործածվի գոյականաբար.

Օրինակ՝ Բառարանները նման են ժամացույցի, ամենալավը չի կարող ամենից ճիշտը լինել, ամենավատը չլինելուց լավ է (անգլ. ասացվածք)։

  • Փոխանուն թվականով`

Օրինակ՝ Երեքը ներս մտան անմիջապես, իսկ երկուսը սպասեցին դրսում։

  • Բայի անդեմ ձևերով` անորոշ, ենթակայական և հարակատար դերբայներով.

ա) անորոշ դերբայով

օրինակ՝ Աղոթելը նրա միակ մխիթարությունն էր այդ ծանր պահին։

բ) փոխանուն ենթակայական դերբայով

օրինակ՝ Պտուղդ քաղող չկա, մասրենի՛, սարի՛ մասրենի (Համո Սահյան)։

գ) փոխանուն հարակատար դերբայով

օրինակ՝ Քնածը այդպես էլ չիմացավ մեր դուրս գնալը։

  • Բառակապակցությամբ`

Օրինակ՝ Սերը քանդելը եկեղեցի քանդելուց վատ է (ժող.):

Նախադասությունը կարող է ունենալ նաև բազմակի ենթականեր։ Օրինակ՝ Նրա ծանր հառաչանքները, ողբը, հեծկլտանքը կտրատում էին սիրտս։

Ստորոգյալի արտահայտություն և տեսակներԽմբագրել

Ստորոգյալն արտահայտվում է դիմավոր բայաձևով։

Ստորոգյալը լինում է երկու տեսակ՝ պարզ և բաղադրյալ։

Պարզ ստորոգյալԽմբագրել

Պարզ է այն ստորոգյալը, որն արտահայտված է խոնարհված բայով։

Օրինակ՝ Խումբը երգում է։ Օրը բացվեց։

Պարզ ստորոգյալն արտահայտվում է՝

  • բայի բոլոր եղանակների ժամանակային բոլոր ձևերով՝ օրինակ՝ Այդ հոյակապ տունը այժմ ներկայացնում էր մի տխուր տեսարան։
  • Բայի կրկնությամբ՝ օրինակ՝ Լինում է, չի լինում, մի հրաշք երկիր է լինում։
  • Հարադրավոր բայերով, ինչպես՝ Անահիտը վեր կացավ և իր տեղը զիջեց ընկերուհուն։

Բաղադրյալ ստորոգյալԽմբագրել

Բաղադրյալ է այն ստորոգյալը, որն արտահայտված է որևէ խոսքի մասով և դիմավոր բայով, օրինակ՝ Աղջիկը գեղեցիկ է։

Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող խոսքի մասը կոչվում է ստորոգելի, իսկ դիմավոր բայը՝ հանգույց։ Ստորոգելին արտահայտվում է գոյականով, ածականով, թվականով, դերանունով, դերբայով և դիմավոր բայի՝ հանգույցի հետ կազմում է բաղադրյալ ստորոգյալ։

Որպես հանգույց հանդես է գալիս եմ բայը, օրինակ՝ Արդեն ժամը հինգն է։

Որպես հանգույց կարող են հանդես գալ նաև լինել, դառնալ, թվալ և մի քանի այլ բայեր։

Պարզ ստորոգյալներում է-ն կոչվում է օժանդակ բայ, իսկ բաղադրյալ ստորոգյալներում՝ հանգույց։

Ենթակայի և ստորոգյալի համաձայնությունԽմբագրել

Ենթական և ստորոգյալը նախադասության մեջ սովորաբար իրար համաձայնում են թվով և դեմքով։

  • Եզակի ենթակայի հետ դրվում է եզակի ստորոգյալ, հոգնակի ենթակայի հետ՝ հոգնակի ստորոգյալ։

Օրինակ՝ Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր… Մենք մնաս բարով չասինք իրարու (Վ․ Տ․)։

  • Բազմակի ենթակայի հետ սովորաբար դրվում է հոգնակի ստորոգյալ։

Օրինակ՝ Վեներան ու Մարսը Երկրին ամենամոտ մոլորակներն են։

  • Հոգնակի կամ բազմակի ենթակայի հետ առարկա ցույց տվող բառով արտահայտված ստորոգելին դրվում է եզակի կամ հոգնակի թվով։

Օրինակ՝ Խոսք ու զրույցը անցավ տնից տուն։ Անձրևն ու կարկուտը հաջորդում էին իրար։

Ենթակայի և ստորոգյալի՝ դեմքով համաձայնելու մասին պետք է իմանալ հետևյալը․

  • Ստորոգյալն առաջին դեմքով է դրվում, երբ ենթական արտահայտված է առաջին դեմքի անձնական դերանունով կամ ունի առաջին դեմքի դիմորոշ հոդ։

Օրինակ՝ Ես հայ եմ։ Մենք հայ ենք։ Հայերս սիրում ենք հպարտանալ մեր պատմությամբ։

  • Ստորոգյալը երկրորդ դեմքով է դրվում, երբ ենթական արտահայտված է երկրորդ դեմքի անձնական դերանունով կամ ունի երկրորդ դեմքի դիմորոշ հոդ։

Օրինակ՝ Դու կարդում ես։ Դուք կարդում եք։ Աշակերտներդ պիտի կարդաք։

  • Ստորոգյալը երրորդ դեմքով է դրվում, երբ ենթական արտահայտված է երրորդ դեմքի դերանունով, գոյականով ու գոյականաբար գործածված բառերով, որոնք չունեն առաջին, երկրորդ դեմքերի դիմորոշ հոդ։

Օրինակ՝ Նա բժիշկ է։ Գագարինն աշխարհի առաջին տիեզերագնացն է։ Աշխատելը կազմակերպում է մարդուն։

  • Տարբեր դեմքերով բազմակի ենթակա ունեցող ստորոգյալը դեմքով համաձայնում է միայն մեկին։

Օրինակ՝ Դու և Արամը լավ աշակերտներ եք։

Ենթակայի և ստորոգյալի շարադասությունԽմբագրել

Նախադասության մեջ առաջինը դրվում է ենթական, հետո՝ ստորոգյալը։ Նման շարադասությունը կոչվում է ուղիղ շարադասություն։ Օրինակ՝ Տարիներ անցան։

Իսկ եթե ստորոգյալն ընկնում է ենթակայից առաջ, ապա շարադասությունը կոչվում է շրջուն։ Օրինակ՝ Անցան տարիներ։

Այս երկու կարգի շարադասությունն էլ ընդունելի է և ճիշտ, այսինքն՝ ենթակայի և ստորոգյալի շարադասությունն ազատ է։

Անենթակա նախադասությունԽմբագրել

Անենթակա է կոչվում այն նախադասությունը, որի ստորոգյալը չունի և չի կարող ունենալ ենթակա։

Օրինակ՝ Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ։ Սարերում անձրևում է։

Առաջին նախադասությունում ենթակա չկա։ Այն չի գործածվել, քանի որ ինքնին հասկանալի է, որ այս նախադասության մեջ ենթական կլինի ես։ Երկրորդ նախադասության մեջ ենթակա չկա, և այն հնարավոր չէ վերականգնել։ Այսպիսի նախադասություններում չկա ենթակա ունենալու, ենթակա գործածելու կարիք։ Սրանք անենթակա նախադասություններ են։

Անենթակա նախադասություններն ունեն հետևյալ հատկանիշները.

  • Որոշ անենթակա նախադասություններում դեմքը ձևական է, և նրանց ենթական չի կարող գիտակցվել առհասարակ։ Այսպիսի նախադասություններն արտահայտում են բնության երևույթներ, ժամանակ և այլն։

Օրինակ՝ Այսօր շատ շոգ է։

  • Անենթակա նախադասությունները հաճախ ունեն ընդհանրական իմաստ և գործածվում են հատկապես առածներում։

Օրինակ՝ Պտղատու ծառին շատ քար կգցեն։

Անենթակա նախադասությունն ընդհանրական իմաստ կարող է արտահայտել նաև այլ դեպքերում։

Օրինակ՝ Հրաշք է, չես հասկանում, զարմանում ես (Ե. Չ. ):

Չես հասկանում, զարմանում ես ստորոգյալներն արտահայտված են եզակի երկրորդ դեմքով, չեն վերաբերում խոսակցին, վերաբերում են մարդուն առհասարակ։ Այդպիսի նախադասությունները կարող են փոփոխվել և ունենալ մարդ ձևական ենթակա։

Օրինակ՝ Հրաշք է, մարդ չի հասկանում, զարմանում է։

  • Անեթակա նախադասություններն արտահայտում են նաև դեմքի անորոշություն։

Օրինակ՝ Արամին կանչում են գրասենյակից։

Անդեմ նախադասությունԽմբագրել

Այն նախադասությունը, որը չունի քերականական դեմք, կոչվում է անդեմ նախադասություն։

Օրինակ՝

Մի րոպե հետո եղավ երկրորդ հրամանը․
- Ցրվե՛լ, պառկե՛լ (Հ. Ք.):
Երևան։ Աստաֆյան փողոց։ Նստած է խանութպան Համոն (Ե. Չ.):

Բերված օրինակներից յուրաքանչյուրում, բացի դիմավոր բայ ունեցող նախադասություններից, կան նաև դեմք չունեցող, այսինքն՝ անդեմ նախադասություններ (ընդգծվածները)։

Ցրվել-ը, պառկել-ը անորոշ դերբայներ են և խոսքից դուրս միտք չեն արտահայտում, իսկ խոսքում, որոշակի կապակցության մեջ, հատուկ հնչերանգով արտաբերելով՝ դառնում են նախադասություն, արտահայտում են որոշակի միտք։ Այդ միտքը կարելի է արտահայտել նաև այլ կազմություն ունեցող նախադասություններով։ Օրինակ՝ Ցրվե՛ք։ Պառկե՛ք։

Երկրորդ օրինակում Երևան-ը, Աստաֆյան փողոց-ը դեմք չունեն, բայց միտք են արտահայտում, ուրեմն նախադասություն են։

Այս նախադասությունները քերականական դեմք չունեն, այսինքն՝ անդեմ են։

Անդեմ նախադասության կիրառության ու ճանաչման մեջ մեծ դեր են կատարում հնչերանգը և գործածության իրադրությունը։ Լռություն բառն առանձին վերցրած կամ բառարանում նախադասություն չէ, բայց, օրինակ, հիվանդանոցի միջանցքի ցուցանակին գրված այդ նույն բառը՝ շեշտված հնչերանգով, ըմբռնվում է որպես նախադասություն, որ արտահայտում է «Լռությո՛ւն պահպանեք» միտքը։

Անդեմ նախադասության գլխավոր անդամն արտահայտվում է բայով կամ անուն խոսքի մասով (գերազանցապես՝ գոյականով). ըստ այդմ անդեմ նախադասությունները լինում են բայական և անվանական։

Բայական անդեմ նախադասությունԽմբագրել

Այն նախադասությունը, որի գլխավոր անդամն արտահայտված է անդեմ բայով, կոչվում է բայական անդեմ նախադասություն։ Օրինակ՝ Հայտնե՞լ Խոռխոռունյաց նախարարին որևէ վստահություն (Դ․ Դ․)։ Անդեմ նախադասության գլխավոր անդամը ենթակա կամ ստորոգյալ չէ․ այն պարզապես կոչվում է գլխավոր անդամ։ Անդեմ բայական նախադասությունները կարող են արտահայտել՝

  • կոչ, պահանջ, կարգադրություն, հրաման․ օրինակ՝ Չծխե՛լ։
  • Հարցում․ օրինակ՝ Ո՞ւր գնալ սովորելու։
  • Ցանկություն․ օրինակ՝ Խմե՜լ, խմե՜լ, հագենա՜լ։

Անվանական անդեմ նախադասությունԽմբագրել

Այն անդեմ նախադասությունը, որի գլխավոր անդամն արտահայտված է որևէ անուն խոսքի մասով, կոչվում է անվանական անդեմ նախադասություն։

Օրինակ՝ Ապրիլյան ջինջ առավոտ։

Անվանական անդեմ նախադասությունները գործածվում են գեղարվեստական ստեղծագործություններում, հատկապես երբ պետք է լինում միտքն ավելի սեղմ արտահայտել կամ խոսքին տալ որոշ հանդիսավորություն։

Անվանական անդեմ նախադասություններն արտահայտում են առարկայի լինելը՝ գոյությունը տվյալ տեղում։

Օրինակ՝ Ամեն ինչ գորշ, առօրյա։ Ինչպես միշտ գորշ, փոշոտ փողոց։ Սառը ջուր։ Խաղող։ Գինի։ Մարդիկ։ Կառքեր։ Մարդիկ։ Եվ ոչ ոք չգիտեր, որ հիմա Աստաֆյան փողոցի վրա հրաշք պիտի լինի (Ե․ Չ․)։

Անվանական անդեմ նախադասությունների ձևավորմանը հաճախ մասնակցում է ահա (կամ ահավասիկ) բառը։

Օրինակ՝ Ահա մեր գետը, մեր զուլալ գետը (Ա․ Բ․)։

Ժխտում արտահայտելիս անվանական անդեմ նախադասության մեջ գործածվում են ժխտական դերանուններ, ինչպես և ոչ… ոչ շաղկապը։

Օրինակ՝ Ոչ մի ծառ։ Նույնիսկ խոտը այնտեղ քիչ է, դեղնած ու չորացած (Վ․ Փ․)։ Ոչ ոք, ոչ մի շունչ, ոչ գազան, ոչ թռչուն (Դ․ Դ․)։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել