Ավետիս Նագգաշյան
Ավետիս Ս. Նազգաշյան (1868, Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1943, ԱՄՆ), հայ բժիշկ, գրող, թարգմանիչ, հրապարակախոս։
Ավետիս Նագգաշյան արմտ. հայ.՝ Աւետիս Նագգաշեան | |
---|---|
Ծնվել է | 1868 |
Ծննդավայր | Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1943 |
Մահվան վայր | ԱՄՆ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1894) |
Մասնագիտություն | թարգմանիչ, բժիշկ, հրապարակախոս և գրող |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1868 թվականին Հալեպի նահանգի Այնթապի գավառի նույնանուն գավառակի կենտրոն Այնթապ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ասատուր խալֆայի «դպրոցում»։ 1887 (1888) թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջը։ 1888-89 թվականներին սովորել է Այնթապի բժշկական վարժարանում, որը փակվելու պատճառով ուսումը կիսատ է թողել։
1889-90 թվականներին բժիշկ Ալթունյանի օգնական է աշխատել։ 1890-94 թվականներին սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և բժշկի վկայական ստացել։ 1895 թվականին հայկական կոտորածների ժամանակ գտնվել է Մարաշում և, շահելով տեղի կառավարչի ու զինվորական հրամանատարության համակրանքը, նրանց աջակցությամբ արտասահման փախել։
1896 թվականին մեկնել է Փարիզ և 9 ամիս մնացել այնտեղ, այնուհետև անցել Լոնդոն, ապա՝ Բեռլին և այդ քաղաքների հիվանդանոցներում աշխատել։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Ադանա։ Ամռան ամիսներին մեծ հաջողությամբ աշխատել է Անատոլիայի տարբեր վայրերում։ Մի քանի տարի անց հաստատվել է Կ. Պոլսում։ Բացի բժշկական և հասարակական աշխատանքից, զբաղվել է նաև գրական-հրապարակախոսական գործունեությամբ։ Եղել է Կ. Պոլսի՝ հայատառ թուրքերենով հրատարակվող «Րահնիւմա» շաբաթաթերթի սիրված աշխատակիցներից մեկը, քանի որ ընթերցողները հաճույքով էին կարդում զավեշտներով համեմված նրա գրվածքները։ Երգիծական գրություններով թղթակցել է նաև Կ. Պոլսի «Աւետաբեր» և այլ պարբերականների։ Դրանցից լավագույնները ամփոփվել են «Սեյեահաթ խաթըրէլէրի» («Ճանապարհորդական հուշեր») հայատառ թուրքերեն հատորում։
1913 թվականին՝ «Աւետաբեր» թերթի խմբագրապետ պատվելի Գրիգորյանի ԱՄՆ կատարած ճամփորդության ժամանակ, փոխարինել է նրան։ Եղել է եռանդուն հանրային և ազգային գործիչ։ Կ. Պոլսում ապրել է Կոմիտաս վարդապետի և ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հարևանությամբ։
1915 թվականի ապրիլի 11 (24) ին, ի թիվս Կ. Պոլսի բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է և բանտարկվել Կ. Պոլսի կենտրոնական բանտում։ 1915 թվականին ապրիլի 12 (24) ին Կ. Պոլսի բազմաթիվ հայ մտավորականների հետ գնացքով տեղափոխվել է Այաշ ավանի ծայրամասի բլրի վրա գտնվող Սարը կըշլա հին զորանոց-բանտը և մի քանի ամիս բանտարկված մնացել այնտեղ։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Որոշ ժամանակ հետո դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ ազատվել է բանտից և վերադարձել Կ. Պոլիս։
1922 թվականին մեկնել է Եգիպտոս, բնակվել Ալեքսանդրիայում։ 1924 թվականին հաստատվել է ԱՄՆ-ում։
Հայկական և ամերիկյան մամուլում տպագրել է երգիծական գործեր։ Հայերեն գործերի մի մասը հրատարակել է «Զվարթ պատմություններ» ժողովածուում։ Հետագայում հուշեր է գրել Չանղըրըի և Այաշի ողբերգությունների մասին։ Հավանաբար ծերունական տարիքում նրա մոտ հոգեկան խանգարում է առաջացել։ Մահացել է 1943 թվականին ԱՄՆ-ում (?)` 75 տարեկանում[1]։
Դուստրը` Ֆիլիրա Նագգաշյանը, բնակվել է Ալեքսանդրիայում և իր մոտ պահել հոր օրագիրը։
Աշխատություններ
խմբագրել- Հենրի Վուդի «Լեդի Իզաբել» (Լէյտի Իզապէլ) վեպը անգլերենից թարգմանել է հայատառ թուրքերեն, Կ. Պոլիս, 1910 թվականին։
- Սէյեահաթ խաթըրէլէրի (Ճանապարհորդական հուշեր), հայատառ թուրքերեն գիրք, Կ. Պոլիս, 1913 թվականին, 303 էջ։
- Միգրոպավախութիւն, Վահան Ղազարեանի «Բժշկական եւ առողջապահական տարեցոյց» գրքում, Կ. Պօլիս, 1914։
- Հենրի Վուդի «Լեդի Իզաբել» անգլերենից հայատառ թուրքերեն թարգմանած վեպ, Պէյրութ, 1938 թվականին։
- Զուարթ պատմութիւններ, Հայերեն երգիծական գործերի ժողովածու։
- Հայրենիք գտած մարդը (անգլ.), Կենսագրական վեպ, որ գրել է իր սիրած հեղինակ Մարկ Տվեյնի ոճով, Նյու Յորք, 1940։
- Եղեռնի հետքերով, «Հայ մտաւորականներու ձերբակալութիւնը եւ Այաշի բանտը», Պէյրութ, 1969։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ծոռան` Ռայմ ոնդ Թելֆեյանի հայտնած տեղեկությունը ազգագրագետ Վերժինե Սվազլյանին և նրա դուստր, պատմաբան Քնարիկ Ավագյանին։ «Իմ տատիկ Ֆիլիրա Նագգաշյանը` պոլսեցի Ավետիս Նագգաշյանի դուստրը, Ցեղասպանությունից հետո ապրել է Ալեքսանդրիայում։ Ավետիս Նագգաշյանը եղել է օսմանյան բանակի բժիշկ։ Սիրել է գրել և գրել է բազմաթիվ գրքեր թուրք-հայկական թեմաներով։ Եղել է Մարկ Տվենի երկրպագուն։ Նա անգլերեն գրել է ինքնակենսագրական վեպ Տվենի ոճով. «Երկիր գտած մարդը»։ Նա Կ. Պոլսում ապրել է Կոմիտասի և Մորգենթաուի հարևանությամբ։ Նրանք սովորություն են ունեցել միասին նարդի խաղալ։ Մորգենթաուն իր օրագրում գրել է, թե ինչպես է 1915 թվականին ապրիլի 24-ին Նագգաշյանը ձերբակալվել, կողոպտվել ու մերկացվել Թուրքիայի մայրաքաղաք Կ. Պոլսի կենտրոնում։ Ես ունեմ նրա օրագիրը, որ ստացել եմ իմ տատիկից։ Օրագրում, 1915 թվականին ապրիլի 24-ին գրված առաջին էջի վերևի մեջտեղում հուշ կա, որ նրա կյանքը խաթարվեց։ Նա այդ օրը ձերբակալված այն քչերից մեկն էր, ով հետո ազատվեց։ Նա ստիպված էր կիրառել իր բժշկական մասնագիտությունը, որպեսզի ձեռք բերեր հագուստ, որ վերադառնար քաղաքակրթության, բայց նա վերջիվերջո խելագարվում է, ինչպես Կոմիտասը, տեսնելով իր շուրջը կատարվող ջարդը։ Իմ հայրը` Ռոլանդ Թելֆեյանը հիշում է, թե ինչպես նա կորցրեց իր բանականությունը։ Ես մի տուփ ունեմ իր որոշ գրքերից»։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն
խմբագրել- Ղազարեան Վահան, Բժշկական եւ առողջապահական տարեցոյց, Կ. Պօլիս, 1914։
- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Հաւաքեց Կարապետ Թէրզեան, «Պատմագիրք Ստանոզի Հայոց», տպ. Տօնիկեան եւ Որդիք, Պէյրութ, 1969, 374 էջ։
- Սիմոն Հովիւեան, «Ապրիլեան Նահատակներուն Շաւիղով, Մեծ Եղեռնի 60ամեակի Սեմին», Պէյրութ, 1975, 349 էջ։
- Հայ Եղեռնը, Բ տպագրութիւն, Պէյրութ, 1978, 171 էջ։
- Ստեփանյան Գառնիկ, Կենսագրական բառարան, հ. Գ, Ե., 1990։
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ստեփանյան Հ., Հայատառ թուրքերեն գրքերի և հայատառ թուրքերեն պարբերական մամուլի մատենագիտություն (1727-1968), Ստամբուլ, 2005։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թվականին ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12։
- Իսկահատեան Հարութիւն, Վկայարան Հայկական Ցեղասպանութեան, Գիրք Բ., Պէյրութ, 2011, 352 էջ։
- Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ։