Յուտլանդական ճակատամարտ
Յուտլանդական ճակատամարտ (գերմ.՝ Skagerrakschlacht` Սկագերակի ճակատամարտ), ծովային մարտ Առաջին համաշխարհային պատերազմի (1914—1918) ժամանակ անգլիական և գերմանական նավատորմերի գլխավոր ուժերի միջև, Հյուսիսային ծովում, Յուտլանդական թերակղզուց արևմուտք, 1916 թվականի մայիսի 31-ից հունիսի 1-ը։ Մասնակցել է 250 նավ (այդ թվում՝ 64 գծանավ ու հածանավ)։
Յուտլանդական ճակատամարտը սկսվել է կողմերի առաջապահ նավաջոկատների մարտով, ապա բախվել են գլխավոր ուժերը։ Բրիտանական նավերը ձգտել են շրջափակել գերմանական նավատորմը, սակայն վերջինս խույս տալով վճռական ճակատամարտից, ծխածածկույթի ու ականակիրների տորպեդային գրոհների տակ դուրս է եկել մարտից։ Հունիսի 1-ին շարունակվել են միայն առանձին նավերի և միավորումների բախումները։ Գերմանական նավատորմին հաջողվել է պատսպարվել իր բազաներում, իսկ բրիտանականը շարժվել է հյուսիս։
Չնայած նրան, որ Յուտլանդական ծովամարտում անգլիական ուժերը կորցրին 14 մարտական միավոր, իսկ գերմանացիները 11 անգլիացիները պահպանեցին իրենց առավելությունը ծովում։ Բրիտանական նավատորմը պահպանել է իր գերիշխանությունը ծովում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 135)։ |