Յակ, սարացուլ, տիբեթյան ցուլ, ցուլերի ենթաընտանիքի որոճող կաթնասուն։ Վայրի յակը (պահպանվել է միայն Տիբեթում) խոշոր կենդանի է, մնդավի բարձրությունը՝ մոտ 2 մետր, կենդանի զանգվածը՝ մինչև 1 տոննա։ Մարմնակազմվածքը ամուր է, վերջավորությունները և պարանոցը՝ կարճ, եղջյուրները՝ զարգացած, մնդավի մասում նկատելի սապատով, պարանոցի ստորին, վերջավորությունների վերին հատվածները և որովայնը պատված են մինչև 50 սանտիմետր կոպիտ մազածածկով։ Սնվում է խոտանման բույսերով։
Ընտանի յակը բուծում են Տիբեթի, Չինաստանի և Մոնղոլիայի բարձրլեռնային շրջաններում և այլուր։ Արու յակի կենդանի զանգվածը՝ 350-450, իսկ էգերինը 270-300 կիլոգրամ է, ապրանքային կաթնատվությունը՝ 300-350 կիլոգրամ, կաթի յուղայնությունը՝ 6-7%, սպանդային ելքը՝ 45-46%, բրդատվությունը՝ մինչև 3 կիլոգրամ։ Յակը հուսալի փոխադրամիջոց է, կարող է փոխադրել մինչև 140 կիլոգրամ բեռ։ Օգտագործվում է նաև որպես մսատու կենդանի։ Տավարի և յակի հիբրիդները ըստ աճի և մթերատվության օժտված են ցայտուն արտահայտված հետերոզիսով։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 105)։