Բացել գլխավոր ցանկը

Մտահայեցողական փիլիսոփայություն

Մտահայեցողական փիլիսոփայություն, սպեկուլյատիվ փիլիսոփայություն, փիլիսոփայական այն ուսմունքները, որոնք հավակնում են բացառապես մտածական ճանապարհով (խորհրդածությամբ՝ ռեֆլեքսիայով) դուրս գալու անմիջական փորձի շրջանակներից և կազմելու գիտելիք արտափորձային էությունների ու սկզբունքների մասին։ Մտահայեցողական փիլիսոփայության գոյությունը պայմանավորված է պատմական յուրաքանչյուր ժամանակաշրջանում փորձնական գիտելիքի սահմանափակությամբ և տեսական ու աշխարհայացքային ընդհանրացումներ կատարելու, սկզբունքներ մշակելու անհրաժեշտությամբ։ Մտահայեցողական փիլիսոփայությունը գոյություն է ունեցել մետաֆիզիկական ուսմունքների ձևով։ Մերժելով վերջիններս՝ Կանտը և Հեգելը, այսուհանդերձ, մտահայեցողությունը պահպանել են որպես փորձնական գիտություններից ի վեր կանգնած տեսական մտածողության առանձնահատուկ միջոց։ Ջ. Բերկլիից և Դ. Հյումից սերող էմպիրիզմի գիծը, հատկապես XIX դ. պոզիտիվիզմը, ընդհակառակը, մերժել է մտահայեցողությունը, իսկ նեոպոզիտիվիզմը ժխտել է փիլիսոփայությունն առհասարակ՝ այն նույնացնելով մտահայեցողական փիլիսոփայության, մետաֆիզիկայի հետ։ Բնագիտության պատմության մեջ ևս առկա է մեթոդաբանական երկու գիծ. Նյուտոնից սկիզբ առնող «սկզբունքների մեթոդը» տեսության կառուցման հիմքում դնում է անմիջական փորձն ընդհանրացնող սկզբունքները և մերժում փորձնական երևույթների հիմքում ընկած «վերջնական պատճառների» ու «թաքնված մեխանիզմի» մասին մտահայեցողական հիպոթեզները։ Դեկարտից սերող «մոդելների կամ հիպոթեզների մեթոդը» աշխատում է հենց դրանցով բացատրել և դրանցից արտածել փորձնական երևույթներն ու օրինաչափությունները։ Դիալեկտիկական մատերիալիզմը, մերժելով մտահայեցողական փիլիսոփայության և առհասարակ գիտական մտակառուցումները, միաժամանակ ընդգծում է մտածողության ակտիվությունը «փորձ-տեսություն» հարաբերության մեջ, փիլիսոփայական մտածողության դերը մասնավոր գիտությունների աշխարհայացքային ու մեթոդաբանական սկզբունքների մշակման և իմացաբանական խնդիրների լուծման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 63 CC-BY-SA-icon-80x15.png