Մուսա լեռան տոնակատարություն

տոնակատարություն

Մուսա լեռան տոնակատարություն (Մուսալեռի օր, Սուրբ Խաչի օր, Մուսալեռի հաղթանակի օր, Մուսալեռցիների տոն) Մուսա լեռան հերոսամարտը ոգեկոչող ամենամյա տոնակատարություն, որը տեղի է ունենում սեպտեմբերի երրորդ կիրակի օրը՝ Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում։ Տոնը ընդգրկվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։

Մուսա լեռան տոնակատարություն

ՏեսակՏոնական օր
Տոնվում է Հայաստան
սկսած1916
ՀաստատվածՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք
Տոնական կերակուրհարիսա
Անվանված էՄուսա լեռան հերոսամարտ

Պատմություն խմբագրել

Մուսա լեռան տոնակատարությունն առաջին անգամ նշվել է 1916 թվականին՝ Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիսուան վարժարանում, որի ընթացքում հիշատակվել են ինքնապաշտպանական մարտերի ընթացքում ընկած 18 զոհերն ու մարտի հաղթանակը։

 
Մուսա լեռան հայերը տարհանման ժամանակ, 1915, Պորտ Սաիդ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մի խումբ մուսալեռցիներ ներգաղթել են Հայաստան և Էջմիածնի շրջանում հիմնել Մուսալեռ գյուղը։ Նախնական շրջանում Մուսա լեռան տոնակատարությունը կազմակերպվել է գյուղի մերձակա այգիներում։ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի և սփյուռքի մուսալեռցիների նյութական աջակցությամբ և մասնակցությամբ գյուղում կանգնեցվել հուշարձան՝ ի պատիվ Մուսա լեռան պաշտպանների։ Հուշարձանի ճարտարապետը եղել է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։ Հուշարձանի շինարարության ավարտից հետո տոնակատարությունը տեղի է ունենում հուշարձանամերձ տարածքում։

Տոնը կազմակերպում է «Մուսալեռ հայրենակցական միությունը», մասնակցում են ՀՀ տարբեր համայնքների բնակիչներ, այն տևում է 2 օր։ Բացի Հայաստանից տոնը նշում են նաև Եգիպտոսում, Լիբանանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրում ապրող մուսալեռցիներ։

Ամենամյա փառատոնի ժամանակ եփվում է հարիսա, օրհնվում և այն որպես մատաղ մատուցվում ժողովրդին։ Մուսալեռան հարիսան պատրաստում են միայն տղամարդիկ, որի ընթացքում երգում են ազգային ազատագրական երգեր, հատկապես մուսալեռցիների «Հելե հելե հելե նիննո» երգը, որին նաև անվանում են մուսալեռան հարիսայի պատրաստման երգ։ Տոնակատարության ընթացքում վառում են մեծ խարույկ, որի շուրջը դհոլ-զուռնա երաժտության ներքո սկսում են պարել[2]։

Մուսա լեռան հերոսամարտի ժամանակ շրջափակված մուսալեռցիները ցորենից ու գառան մսից բացի ուրիշ ուտելիք չեն ունեցել։ Նրանք ցորենն ու մատաղ արված գառան միսը ջրով խառնել են իրար ու հարել։ Այդտեղից էլ ուտեստը ստացավ իր անունը՝ «հարի՛ր սա» կամ «հարիսա»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել