Մոտկոր, հին գյուղատեղի Լոռու մարզի Թումանյան տարածաշրջանի հարավ-արևելյան մասում։ Ընդգրկում է Մարց գետի միջին ու վերին հոսանքի հատվածը[1]։

Քարտեզ

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Պատմական միջավայրի պահպանության ծառայության երկարամյա աշխատակից, հուշարձանագետ Հրաչիկ Մարուքյանը կես-կատակ, կես-լուրջ այն անվանում է «մոտիկ կորած տեղ», որը՝ մոտ է, բայց ոչ բացահայտված ու սահմանագծված, առեղծվածային «մոտիկ կորած տեղ» անվանակոչումը հիշեցնում է «Բերմուդյան եռանկյուն»-ին, որտեղ ընկնողները կարող էին մոոլորվել ու անհետանալ սախարթախիտ անտառների ու թանձր մառախուղի պատճառվ։

Ժողովրդական զրույցը Մոտկոր անվան ծագումը բացատրում է հետևյալ կերպ. նախկինում Մոտկոր է կոչվել միայն անտառը, որն այնքան խիտ ու անանցանելի է եղել, որ տեղացիները այն կոչել են «մութ կուռ»։ Մութն ընկնելուն պես ձորն ու նրանում գտնվող գյուղերը թաղվել են թանձր խավարի մեջ։ Ձորի անունն էլ իբր ծագել է «մթնում կորած» արտահայտությունից։ Ժամանակի ընթացքում մի շարք հնչյունափոխությունների արդյունքում առաջացել է Մոտկոր անվանումը[1]։

Մոտկորի համայնք հանդիսացող Ահնիձորի անվան հետ կապված մեկ այլ հետաքրքիր ստուգաբանություն է առաջ բերել հուշարձանագետ Հրաչիկ Մարուքյանը։

Բացի՝ ահի ու մահ-ի ձոր-ը..., կարող է լինել Լոռվա բարբառին համահունչ՝ Ա՛ հընի ձորը... Ա՜ էն մեր հին ձորն ա էլի ...

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 11-12-րդ դարերում և բնակեցված է եղել մինչև 18-րդ դարը։ Ավերվել է կովկասյան լեռնացիների արշավանքների հետևանքով։ Կանոնավոր վիճակում մնացած տները վկայում են, որ բնակավայրը հանկարծակի է լքվել։ Մոտկորը զբաղեցրել է բավականին մեծ տարածություն։ Նրա կենտրոնական մասում գտնվել է իշխանական դղյակը, որից այժմ իրար վրա դրված երկու հսկայական քարաբեկոր է միայն պահպանվել։ Ժողովուրդը սրանց «Փահլևանի քար» է անվանում։ Սրանցից ցած նկատելի են բազմաթիվ շինությունների ավերակներ, հսկա քարերով պատված պարսպի մնացորդներ, որոնք այժմ պատված են խիտ անտառով։ Միջնադարյան Մոտկոր բնակավայրի ավերակները գտնվում են Իգատակ հանդամասից 5 կմ հարավ-արևելք՝ Փողերասարի տակ։ Մոտկորի պահպանված ավերակները հուշում են, որ այն եղել է գյուղաքաղաք, շատերը պնդում են, որ այն եղել է քաղաք։ Ունեցել է անառիկ դիրք, շրջապատված է եղել պարիսպներով, որոնց մնացորդները՝ ահռելի քարերը, տեղ-տեղ պահպանվել են[1]։

Հուշարձանագետ Հրաչիկ Մարուքյանը  Մոտկորի մասին մի քանի տեղեկություններ է տվել `

Մոտկորի հնագիտական արժեք հանդիսացող գտածոները վկայում են, որ տարածքում եղել է նախաքրիստոնեական շրջանի մշակույթ ու քաղաքկրթություն։ Այդ նմուշներից է նաև հողմահարված ու հազիվ նշմարվող «Խոյակերպ» արձանիկը, որը հայտնաբերող հուշարձանագետը՝ փաղաքշաբար անվանում է «Գառնուկ»։ Խոյակերպ արձանիկը հայտնաբերվել է Լորուտ-Ահնիձոր համայնքների և վերը նշված՝ Մոտկորի տարածքի միջև, որպես սահմանագլուխ։

Նշված տարածքից ոչ հեռու գտնվում է Վարդապետի Էրը, թեև հուշարձանների պետցուցակում նշված է 12 րդ դար, սակայն կարող է այն պատկանել ավելի վաղ շրջանի, քանի որ շրջակա տարածքում կան վաղ շրջանի բազմաթիվ խաչեր և Աստվածաշնչյան հայտնի Սրբերի անվան մատուռներ ու Սրբավայրեր։ Բարձրադիր Ժայռի վրա գտնվող Ճգնայրը նաև դիտակետ է։

Ճգնավոր վարդապետը լինով բարձրաստիճան հոգևորական, հնարավոր էր, որ գրառումներ ունենար, ցավոք, ստույգ տեղեկություն չկա և հայտնի չէ թե ճգնավորի ձեռագրերն ու նշումները հայտնաբերվել, թանգարանացվել, պահպանվել են, թե՝ ոչ։

Բնակավայրեր խմբագրել

Մոտկոր քաղաքն այնքան նշանավոր է եղել, որ հետագայում այդ անունով է կոչվել ողջ Մարցա ձորը։

Մոտկորի ամենահին բնակավայրը Մարցն է. չնայած միջնադարյան գրավոր աղբյուրները հստակ տեղեկություններ չեն պահպանել Մարցի մասին, գյուղի վաղեմությունը փաստող բազմաթիվ հոգևոր ու նյութական հուշարձանները, պատմագիտական այլ աղբյուրներ վկայում են այդ մասին։ Մինչև 19-րդ դարի կեսերը Մարցը Մոտկորի միակ բնակավայրն էր։ Հետագայում Մարց գյուղից 15-20 կմ դեպի արևելք հիմնադրվել է ևս չորս գյուղ՝ Lnրուտը, Աթանը, Շամուտը և Ահնիձորը[2]։

Տեղացիների կարծիքով Մոտկորը Լոռվա թագուհին է[1]։

Միջնադարյան կամուրջներ խմբագրել

Մոտկորի ձորով հոսում է Մարցագետը՝ Դեբեդի աջակողմյան խոշոր վտակը։ Մարց գետի և նրա վտակների վրա կան տասնյակ կամուրջներ, որոնց մի մասը, կառուցված լինելով հարյուրավոր տարիներ առաջ և աչքի ընկնելով ամրությամբ, ոչ միայն կանգուն է մնացել, այլև ծառայում է մինչ օրս։

Մոտկոր «քաղաքատեղից» ոչ հեռու` Մարց գետի վրա, կա միջնադարյան երկու քարաշեն կամուրջ։ Առաջինը գիտական գրականության մեջ հայտնի է Մոտկանի կամուրջ անունով, սակայն մոտակա գյուղերի բնակիչները կոչում են Մոտկորի կամ Ջուխտակ կամուրջ։ Խելերը դեռևս պահպանված են։ Կամուրջը երկթռիչք է, ընդ որում, գետի երկու ափին գտնվող ժայռի երկու մեծ կտորները ծառայել են որպես հիմք կամրջի խելերի համար, իսկ որպես միջին հենասյուն ծառայել է բնական ժայռը։

Մոտկորի կամրջից քիչ վերև գտնվում է երկրորդ՝ Սոթի կամուրջը։ Այն այդպես է կոչվում, քանի որ կառուցված է դեպի նույնանուն հանդամասը տանող ճանապարհի վրա։ Սոթի կամուրջը, թեև մասամբ օգտագործվում է շրջակա գյուղերի բնակիչների կողմից, սակայն բավական խարխլված է։

Ավանդազրույց խմբագրել

«Մոտկորա գեղատեղը ծմակի միչին ա ըլել, ծմակն էլ քշե՜ր- ցիրե՜կ մութն ա ըլել։ Մառթկեքը վեր տանիցը, գեղիցը շատ դենն են գնացել, էլ կըրացել չեն թազա եդ գան, ղի են տվել, վեր գեղիցը ձեն ածող ըլի, ձենի կռան վրա գնան, գեղը գըդընեն։ Յա կլամ տեղնին կաղնած ճամփա են պըհել, մըչի մի շուն հաչի, կամ էլ չէ ոռցակ կանչի, ձենի վրա գնան[1],

Գեղը գըդընեն։
Կոռչողը ղի ա տվել.
-Կորա՜, կորա՛, քյոմագ արեք։ Գեղիցը ձեն են տվել.
- Վե՜րդի ես, վերդի կորար։ Սա էլ ընդիան.
- Մոդիկ կորա՜, մո դիկ կորա՜:
Ձենն ընգնըմ ա ծմակը, քարափի միչին ըրձագանք տալի. - Մոտկորա՜, Մոտկորա՜:
Ըստիան էլ ծմակի անըմը մնըմ ա Մոտկորա ծմակ, գեղի անըմն էլ՝ Մոտկորա գեղատեղ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ափիցարյան, Ռուդիկ (2015). Մարց. Երևան: Ասողիկ. ISBN 978-9939-50-292-2.
  2. «Լոռու մարզպետարան». lori.mtad.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.

Տես նաև խմբագրել