Մովլադի Ուդուգով
Մովլադի Սայդարբիևիչ Ուդուգով (ի ծնե Թեմիշև, փետրվարի 9, 1962, Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ (այլ տվյալներով՝ Գերմենչուկ գյուղ[1])), չեչեն քաղաքական գործիչ, «Կավկազսկի էմիրատ» («Кавказский эмират») ինֆորմացիոն ծառայության ղեկավար։ Զբաղեցրել է ինքնահռչակ Իչկերիայի չեչենական հանրապետության տեղեկատվության և տպագրության նախարարի պաշտոնը, Իչկերիայի առաջին փոխվարչապետի պաշտոնը, արտաքին գործերի նախարարի, Իչկերիայի ազգային տեղեկատվական ծառայության ղեկավարի պաշտոնները։ Եղել է նախագահ Ջոհար Դուդաևի մամլո-քարտուղարը։ Եղել է Իչկերիայի և Դաղստանի ազգերի կոնգրես ահաբեկչական խմբավորման ստեղծողներից և առաջնորդներից մեկը։ Համարվում է Իչկերիայի Չեչենական հանրապետության վահաբիզմի գաղափարախոսներից մեկը։ Ռուսաստանում ստացել է «չեչենական Յոզեֆ Գեբելս» մականունը։
Մովլադի Ուդուգով | |
Կուսակցություն՝ | All-National Congress of the Chechen People? |
---|---|
Մասնագիտություն՝ | պրոպագանդիստ և քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | փետրվարի 9, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Գրոզնի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրել1979 թվականին փորձել է ընդունվել Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, սակայն չի հաղթահարել մրցույթը։
Հեռակա կարգով ավարտել է Չեչնիայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը՝ ստանալով «Արդյունաբերական ոլորտում հաշվապահական գործ» մասնագիտացում։ Սովորել է 1983-1988 թվականներին։ Այլ տվյալներով՝ ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը[2]։ Եղել է ԽՄԿԿ անդամության թեկնածու, սակայն ունեցած ազգայնական հայացքների համար չի ընդունվել կուսակցության շարքերը[3]։
Ուսանողական տարիներին խուլիգանության մեղադրանքով գտնվել է հետախուզման մեջ, որի պատճառով ստիպված փոխել է իր հայրական Թեմիշև ազգանունը և վերցրել մոր՝ Ուդուգով ազգանունը։ 1988 թվականին եղել է «Օրիենտիր» («Ориентир») թերթի գլխավոր խմբագիր, որը մեկ տարի անց արգելվել է շրջանային խորհրդի կողմից։
1991 թվականի դեկտեմբերին նշանակվել է Իչկերիայի չեչենական հանրապետության տեղեկատվության և տպագրության նախարար։ 1994 թվականի փետրվարին Ջոհար Դուդաևի հրամանով նրան շնորհվել է Իչկերիայի բրիգադի գեներալի կոչում։ Չեչենական առաջին պատերազմի ժամանակ մամուլում և ռադիոյով չեչենների անունից հանդես է եկել հայտարարություններով, վարել հակասեմական քարոզչություն։ 1995 թվականի փետրվարից փաստացիորեն դարձել է Ջոհար Դուդաևի մամլո-քարտուղար։
1997 թվականի հունվարին իր թեկնածությունն է առաջադրել Իչկերիայի նախագահի պաշտոնում։ Փոխնախագահի նրա թեկնածուն եղել է դաշտային հրամանատար Զիյաուդի Բելոևը։ Ստացել է ընտրողների 1 %-ի ձայները։
Միջպատերազմական ժամանակաշրջանում Գրոզնիում հիմնել և ղեկավարել է «Կավկազ» («Кавказ») հեռուստաընկերությունը։
1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ակտիվորեն աջակցել է դեպի Դաղստան գրոհայինների ներխուժմանը, որը, սակայն, ձախողվել է։ Տրոշևի կարծիքով հարձակումն ուղեկցվում էր քարոզչական խոշոր արշավով, որն անձնամբ իրականացվում էր Ուդուգովի կողմից։ Առկա է տեսագրություն, որտեղ գրոհայինը բացատրում է, որ նրանք չեն վերցնում տեղացիների անասուններին և սնվում, այլ սնվում են միայն այն կենդանիներով, որոնք արդեն իսկ սպանվել էին ռուս զինծառայողների կողմից, այսինքն ուտում էին լեշ, չնայած, ըստ գեներալի, այն արգելված էր իսլամում[4]։ 1999 թվականի աշնանը լքել է Չեչնիան։ Համարվում է «Кавказ-центр» կայքի հիմնադիրներից մեկը, որը քարոզչական աջակցություն է տրամադրում չեչեն գրոհայիններին։
2000 թվականի մարտի 20-ին Մովլադի Ուդուգովի նկատմամբ հայտարարվել է դաշնային և միջազգային հետախուզում՝ 1999 թվականի սեպտեմբերին Դաղստանի Նովոլակի շրջանում գրոհայինների հարձակման և գործընթացի կազմակերպման մեղադրանքով[5]։
2005 թվականին ՄԱԿ-ի հակաահաբեկչության աշխատանքային խումբը, որն ուսումնասիրում էր Ռուսաստանի հայցը՝ Մովլադիին ՄԱԿ-ի N1267 ցուցակ ներառելու համար, մերժել է հայցը, քանի որ ԱԳՆ-ն և խմբի մասնակից պետությունների հատուկ ծառայությունները որևէ կապ չեն գտել Ուդուգովի և «Ալ-Կաիդայի» միջև։ Այդ ցուցակում ներառվում են այն անձինք, որոնք կապ ունեն սույն ահաբեկչական կազմակերպության հետ[6]։
2006 թվականի ապրիլի 23-ին հայտարարել է Ռուսաստանին «տոտակ պատերազմ» հայտարարելու վերաբերյալ՝ խոստանալով ահաբեկիչներ ուղարկել երկրի բոլոր կողմեր[7]։ Դոկու Ումարովը 2012 թվականին հիշել է, որ «ինքնահռչակ Կովկասի էմիրաթում» Ուդուգովը որևէ մասնակցություն չի ունեցել[8]։
2008 թվականի փետրվարի 4-ին արտասահմանում Կովկասի էմիրաթի գլխավոր հանձնակատար Շամսուդին Բատուկաևի N2 հրամանով Մովլադի Ուդուգովը նշանակվել է արտասահմանում Կովկասի էմիրաթի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն[9]։ 2010 թվականի ամռանը Դոկու Ումարովը Մովլադի Ուդուգովին ազատել է Կովկասի էմիրաթի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրենի պաշտոնից[10]։
2009 թվականին, այսպես կոչված, Իչկերիայի կառավարությունը ընդունել է որոշում Ուդուգովին Շարիաթի դատաստանին ներկայացնելու համար[11]։
Ենթադրաբար Ուդուգովը թաքնվում է իսլամական երկրներից մեկում։ Ենթադրյալ թաքստոցի վայրեր են համարվում Թուրքիան, Բահրեյնը և այլ երկրներ։ 2011 թվականի մարտին «Московский комсомолец» թերթի թղթակից Վադիմ Ռեչկալովը հայտնել է, որ ներկայումս Մովլադի Ուդուգովը թաքնվում է Չեխիայում, «որտեղ լրջորեն վարում է շքեղ կյանք»[12]։ Նույն տարվա մայիսին «Аргументы.ру» կայքը նույնպես հայտնել է, որ Ուդուգովը «բնակվում է Պրահայի մոտ»[13]։ Այդ ընթացքում, Ռամզան Կադիրովի խոսքերով, որը նա արել է 2010 թվականի ապրիլին[14] և մայիսին[15], Ուդուգովը գտնվում է Թուրքիայում։
Համարվում է Կովկասի էմիրաթի տեղեկատվական-վերլուծական ծառայության տնօրենը, մասնավորապես, պատասխանատու է «Кавказ-центр» կայքի գործունեության համար։
Դոկու Ումարովը 2012 թվականի ապրիլին տված հարցազրույցում նշում է, որ ըստ հավաստի աղբյուների, որը նա ստացել է «ռուսական հատուկ ծառայություններում գերի եղած մոջահեդներից», հատուկ ծառայությունների աշխատակիցներին այս կամ այն հանձնարարությունը տալուց առաջ նշվում էր, որ խոցման գլխավոր թիրախը Ուդուգովն է։ Ըստ Ումարովի, Ուդուգովի գլխի համար ԱԴԾ-ն սահմանել էր 500 000 ԱՄՆ դոլար[16]։
Հայացքներ
խմբագրելՉեչենական առաջին պատերազմի ժամանակ մամուլում և ռադիոյում հանդես է եկել գրոհայինների անունից, վարել հակասեմական քարոզչություն։ Այսպես է նկարագրել իր գրքում Հակադիֆամացիոն լիգայի Ռուսաստանի բաժանմունքի ներկայացուցիչ Վասիլի Լիխաչյովը․
Չեչեն անջատողականների տեղեկատվական ապահովումն իրականացնում էր Մովլադի Ուդուգովը, որը հայտնի է իր հակասեմական հայացքներով։ 199-1999 թվականներին, անջատողականների ժամանակավոր հաղթանակի արդյունքում, Չեչնիան դարձել է հակասեմականությունը հաղթահարած տարածաշրջան (ինչը հիանալիորեն արտահայտում է հակասեմականությունն առանց հրեաների թեզիսը, քանի որ խոսքը գնում է առասպելաբանության, այլ ոչ թե իրական հակառակորդի հետ իրական հակադրության)։ Լրագրողները զարմացած նշում էին, որ «մինչև պատերազմը չեչեններն այդ ազգի նկատմամբ ունեին դրական վերաբերմունք, իսկ այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է»։ Լրագրողներին տված հարցազրույցներում չեչեն գրոհայինները վկայում էին, որ «չեչենները դարձել են համաշխարհային սիոնիստական դավադրության զոհ» կամ էլ «հրեաները հիմար ռուսների միջոցով սպանում են մուսուլմաններին»[17]։
1999 թվականին պատմական գիտությունների թեկնածու Լեմա Վահաևն իր գրքում նշում է, որ «Մ․ Ուդուգովի համար Ռուսաստանը ուղղակի խաղացող է արևմտյան հակաիսլամական խաղի մեջ։ Նրանք, որոնք հիմա ունեն փող, ինձ թվում է, հստակորեն մշակել են ռազմավարություն, որպեսզի Ռուսաստանից կերտեն իսլական աշխարհին թշնամի պետություն… Այդպիսի ռազմավարությունը Չեչնիայում հանգեցրել է պատերազմի։ Ընդորում, իր հարցազրույցի մեջ, որն ուղղված էր ռուսսական ընթերցողին, Ուդուգովը կոչ է անում Ռուսաստանին, ընդդեմ Արևմուտքի, դաշինք կնքել իսլամական աշխարհի հետ և առաջին հերթին Իչկերիայի»[18]։
2013 թվականի մարտին «Umma News-ին» տված իր հարցազրույցում Ուդուգովը ռուսական և մյուս ազգերին կոչ է անում «իմաստավորել ներկան՝ հրաժարվելով կեղծ գաղափարներից» և ընդունել իսլամ։ Ուդուգովը հայտարարել է․ «Կկործանվի, այսպես կոչված, «համաշխարհային կարգը», չկարողանալով հաստատվել… կկործանվի այն պատճառով, որ ի սկզբանե ստեղծվել է որպես անաստվածության հենքի վրա։ Լիբերալիզմը, որը նա հայտարարել է որպես գերակա գաղափարախոսություն, ընդունում է առավել սատանիստական կերպարներ։ Բավական է միայն տեսնել մարտնչող սոդոմականությունը որպես այս հասարակության ծայրահեղ ուղղափառության դրսևորում»։ Նրա կարծիքով․ «Եկել է ժամանակը, որ աշխարհի քարտեզը պետք է ծածկվի կրոնական դրոշով»[19]։ Ընդորում ուղղափառությունը, նրա կարծիքով, «քրիստոնեությունն է, որը Ռուս ուղղափառ եկեղեցուն, իր ժամանակին, ադապտացվել է ռուսական զանգվածների համար»[19]։
Գնահատականներ
խմբագրելՌուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Գենադի Տրոշևը իր «Իմ պատերազմը։ Խրամատային գեներալի չեչենական օրագիրը» աշխատության մեջ այսպես է գնահատել Ուդուգովի գործունեությունը․
Այս մարդն իր հատուկ տեղն ունի չեչեն անջատողականների պատկերասրահում, նրան անվանում են «չեչենական ազգայնական հեղափոխության» անկրկնելի քարոզիչ։ Տարածված է այն տեսակետը, որ նրան հաջողվել է միայնակ հաղթել 1994-1996 թվականներին տեղեկատվական պատերազմը՝ միայնակ մարտնչելով ռուսական զինվորական գաղափարախոսական մի ամբողջ գնդի դեմ։ Վերջինն այդքան էլ հեռու չէ իրականությունից։ Չնայած ավելի ճիշտ կլինի ասել, որ նա, ոչ այնքան հաղթեց տեղեկատվական ճակատամարտերը, որքան մենք այն պարտվեցինք, հատկապես չեչենական առաջին արշավանքի սկզբում։ <…> 1994 թվականի դեկտեմբերին մարտերի առաջին օրերին Մոզդոկի մոտ գտնվող ՀԱԿ-ի դարպասների մոտ, որտեղ տեղակայված էր Միացյալ խմբավորման զորքերի շտաբը, շտապում էին լրագրողները տեղեկատվություն ստանալու, սակայն մոսկովյան պաշտոնյաները մշտապես խուսափում էին այդպիսի հանդիպումներից։ Եվ զարմանալի չէ, որ գրող և նկարահանող մարդիկ շտապում էին ստանալ տեղեկատվության նոր աղբյուրներ։ Այսպես, նրանցից շատերը հայտնվել են Ուդուգովի աշխատասենյակում։ «Իր սիրելի գործընկերների հետ» հանդիպմանը նա մանրակրկտորեն պատրաստվում էր։ Նրանց «տրամադրության տակ» էին մեր զինվորների չարագործությունների «թարմ վկաները», իրենց որդիների անտանելի ծառայության մասին պատմող «զինվորների մայրեր», որոնք էմոցիոնալ ազդեցություն էին ունենում հազարավոր ռուս մայրերի վրա։
Լրագրող Անդրեյ Ուգլանովը 1999 թվականի հոկտեմբերին «Аргументы и факты» թերթի իր հոդվածում նշել է, որ «ներկայիս գործադիր, և առաջին հերթին նախագահական իշխանությունը Չեչնիայում կանգնած են տեղեկատվական պարտության շեմին»։ Նա կարծիք է հայտնել, որ «մի փոքր և գործին կլծվի քարոզչության հանճար Մովլադի Ուդուգովը, որի շնորհիվ 1994-1996 թվականներին դաշնային ուժերի համար չեչենական արշավանքը դարձավ պարտություն»[20]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Мовлади Удугов: «Война идёт за образ жизни…» // Кавказ-центр, 28.11.2007
- ↑ Пылёв С. «Невская школа» Արխիվացված 2009-03-13 Wayback Machine // Журнал «Со-общение». — 1999. — № 2
- ↑ Удугов обвинил западные СМИ в искажении сути его «тотальной войны» против России // Newsru.com, 26.04.2006
- ↑ Геннадий Трошев. Моя война. Чеченский дневник окопного генерала
- ↑ Турция не выдаст России Мовлади Удугова // Лента.ру, 18.01.2002
- ↑ WikiLeaks. Россия и Франция хотели записать Мовлади Удугова в «террористы ООН» ещё в 2003—2005 гг. // Кавказ-центр, 12.09.2011
- ↑ «В повестке дня — тотальная война» Արխիվացված 2008-04-01 Wayback Machine // Газета.ру, 24.04.2006
- ↑ Амир Имарата Кавказ Докку Абу Усман: Ответы на вопросы // Кавказ-центр
- ↑ Памятные даты русско-кавказской войны (январь-март 2008)(չաշխատող հղում)
- ↑ Умаров и Удугов сцепились между собой // Московский комсомолец, 09.08.2010
- ↑ Власти Ичкерии, как и Генпрокуратура России, начали искать Мовлади Удугова // NEWSru.com, 11.03.2009
- ↑ Зря уморили Умарова // Московский комсомолец, 29.03.2011
- ↑ Григорьев А. Умаров поправляет здоровье на турецком берегу // Аргументы.ру, 25.05.2011
- ↑ Кадыров: Удугов заманивает молодёжь через Интернет(չաշխատող հղում) // Росбалт, 21.04.2010
- ↑ Кадыров приказал пересчитать боевиков — боевики(չաշխատող հղում) // Росбалт, 25.05.2010
- ↑ Dokku Umarov Answers Questions // Putinania
- ↑ Глава 2. Российские мусульмане и антисемитизм // Лихачёв В. А. Политический антисемитизм в современной России. — М.: Московское бюро по правам человека, Academia, 2003. — 240 с.
- ↑ Вахаев Л. Политические фантазии в современной Чеченской республике Արխիվացված 2012-05-07 Wayback Machine // Чечня и Россия: общества и государства. Сборник материалов к конференции. Вып. 3. М., 1999
- ↑ 19,0 19,1 Мовлади Удугов: «Признаки надвигающейся финальной войны проявляются всё явственнее» // Кавказ-центр, 13.03.2013}}
- ↑ Угланов А. И. Проигрываем информационную войну. Что дальше? // "Аргументы и факты". — 27.10.1999. — № 43.
Արտաքին հղումներ
խմբագրել- Не за горами начало военной операции по вытеснению русских оккупантов с Кавказа Արխիվացված 2019-09-11 Wayback Machine (от 30 декабря 2009) (ռուս.)