Միհրդատյան առաջին պատերազմ

Միհրդատյան առաջին պատերազմ (մ.թ.ա 89—85 թվականներ), ռազմական հակամարտություն Հռոմեական հանրապետության և Պոնտոսի թագավորության միջև, որի թագավորն էր Միհրդատ VI-ը։

Միհրդատյան առաջին պատերազմ
Մասն էՄիհրդատյան պատերազմներ
ՎայրԱնատոլիա
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Միհրդատը, օգտագործելով հակահռոմեական տրամադրությունները, հսկողություն սահմանեց ողջ Փոքր Ասիայի վրա, ջախջախելով Բյութանիայի թագավոր Նիկոմեդեսին և Ասիայում Հռոմի ներկայացուցիչ Լուցիուս Կասիուսի բանակին։ Հռոմեացիները նահանջեցին Փռյուգիա և հետագայում նրանց ուժերը ցրվեցին։ Միհրդատն իր նստավայրը տեղափոխեց Պերգամոն քաղաք։ Հռոմեական Բյութանիա և Կապադովկիա նահանգների նվաճումն ուղեկցվել է այնտեղ ապրող հռոմեացիների և իտալացիների կոտորածով (այսպես կոչված «Եփեսոսյան ընթրիքի» ժամանակ զոհվել է մինչև 80000 մարդ)։

Պոնտոսի ռազմական արշավանքը դեպի Հելլադա ղեկավարում էր Արքելաոսը, որի հիմնական ուժը հզոր նավատորմն էր։ Նրա առաջին հաղթանակը եղավ Դելոսի նվաճումը։ Աթենթում հակահռոմեական ապստամբություն բռնկվեց, որը գլխավորում էր Արիստիոնը։ Հռոմեական իշխանությունների անգործությունը պայմանավորված էր Դաշնակցային պատերազմով, որը կաշկանդել էր հռոմեական ուժերը Իտալիայում։ Մեկ տարի անց՝ մ.թ.ա. 87 թվականին, 30000-անոց հռոմեական բանակը Սուլլայի հրամանատարությամբ տեղակայվեց Էպիրուսում և Բեոտիայում ու արշավեց դեպի Աթենք։ Մ.թ.ա. 87 թվականի մարտի 1-ին, ձմեռային շրջափակումից հետո քաղաքը գրավվեց, Արիստիոնը գերեվարվեց և մահապատժվի ենթարկվեց, այն ժամանակ, երբ Արքելաոսը նահանջեց դեպի հյուսիս։ Այնուհետև հաջորդեց Հերոնայի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, որտեղ պոնտացիները ջախջախիչ պարտություն կրեցին։ Հաջորդ ջախջախիչ պարտությունը Միհրդատի զորքերը կրեցին Օրխոմենի մոտ տեղի ունեացած ճակատամարտում։

Պատերազմի արդյունքում պոնտացիները հարկադրված էին ազատել Հունաստանի և Փոքր Ասիայի ավելի վաղ զբաղեցրած տարածքները, ինչպես նաև վճարել ահռելի ռազմատուգանք։ Այնուամենայնիվ, զրկվելով նվաճած տարածքներից, Պոնտոսի թագավորությունը պահպանեց իր հիմնական տարածքները։

Նախապատմություն խմբագրել

Մ.թ.ա. 3-րդ դարի վերջում և 2-րդ դարի սկզբում իրադրությունը Փոքր Ասիայում, որը բնութագրվում էր հարաբերական կայուն և առկա էր ուժերի հավասար հարաբերակցություն, կտրուկ փոխվեց։ Սկզբում ուժեղացավ Սելևկյանների ազդեցությունը, որի թագավոր Անտիոքոս 3-րդը սկսեց ակտիվ նվաճողական քաղաքականություն։ Սակայն սիրիական պատերազմի ժամանակ հռոմեացիները ջախջախեցին Անտիոքոս III-ին, որի արդյունքում Պերգամոնն ուժեղացավ։ Դա դուր չեկավ Բյութանիայի թագավոր Պրուս I-ին, որը պատերազմ սկսեց Պերգամոնի հետ (մ.թ.ա. 186-183 թվականներ)։ Պոնտոսի թագավոր Փառնակ I-ին այս հակամարտությունում աջակցում էր Պրուս I-ին։ Հետագայում, Հռոմի միջնորդությամբ, Բյութանիայի և Պերգամոնի հարաբերություններն սկսեցին բարելավվել։ Փառնակը տարածքային հավակնություններ ուներ Փռյուգիայի և Գալաթիայի նկատմամբ, որոնք փաստացի սկսեցին գտնվել նրա թշնամիների տիրապետության տակ։ Մ.թ.ա. 183 թվականին Փառնակը գրավեց Սինոպը, և շուտով պատերազմ սկսեց Պերգամոնի, Բյութանիայի և Կապադովկիայի դեմ։ Մ.թ.ա. 179 թվականին, հռոմեացիների միջնորդությամբ, խաղաղության համար բանակցություններ սկսվեցին։ Միևնույն ժամանակ Փառնակն արշավեց դեպի Կապադովկիա, բայց դաշնակիցների միացյալ ուժերի ճնշման ներքո հարկադրված էր նահանջել։ Պոնտոսի թագավորին դաշնակիցները ստիպեցին հաշտություն կնքել, ըստ որի նա հրաժարվեց բոլոր նվաճած տարածքներից։

Այժմ Պոնտոսը ստիպված էր առճակատվել Հռոմի շահերի հետ, որի դաշնակիցներն այն պետություններն էին, որոնց նկատմամբ նա տարածքային հավակնություններ ուներ։ Չհամարձակվելով ռազմական առճակատման մեջ մտնել Հռոմի հետ, պոնտական թագավորները ստիպված էին գործել դիվանագիտական մեթոդներով։ Պարտությունից հետո Փառնակն անցավ ֆիլհելենիստական քաղաքականության, դրանով ցուցադրելով իր համակրությունները Հռոմի նկատմամբ։ Մ.թ.ա. II դարի երկրորդ քառորդին Պոնտոսի քաղաքականությունը զգալի փոխվեց և Հռոմի նկատմամբ ավելի լոյալ դարձավ։ Դա արտահայտվեց հունական քաղաք պետությունների նկատմամբ նախկին կոշտությունից շեղվելով և ֆիլհելենիստական քաղաքականության անցումով, որն էլ ավելի ակտիվորեն իրականացրեցին Փառնակի իրավահաջորդները՝ Միհրդատ IV Ֆիլոպատրը և Միհրդատ V Էվերգետը։

Մ.թ.ա. 133 թվականի գարնանը մահացավ Պերգամոնի անժառանգ թագավոր Ատտալ III-ը, ով իր հայրենիքը ժառանգություն թողեց Հռոմին։ Սրա հետ չհամաձայնվեց նրա ապօրինի եղբայրը՝ Արիստոնիկոսը՝ կազմակերպելով հզոր ապսստամբություն։ Ապստամբության ճնշմանը մասնակցեցին ինչպես հռոմեական զորքերը, այնպես էլ հարևան թագավորությունների բանակները։ Ապստամբությունը ճնշելու համար նրանց ղեկավարները լավ պարգևներ ստացան. Պոնտոսի թագավոր Միհրդատ V Եվպատորը տիրեց Մեծ Փռյուգիային, Կապադովկիայի թագավոր Արիարատի որդիները ստացան Լիկաոնիան և Կիլիկիայի կեսը, իսկ Բյութանիային բաժին հասավ Փռյուգիայի մի մասը։ Պերգամոնի մնացած մասի վրա հիմնվեց հռոմեական Ասիա նահանգը, որին ավելացվեց Հռոդոսից բռնազավթված Կարիոն։ Ապստամբությունը ճնշելու ժամանակ Պոնտոսի թագավորը, Հռոմի լուռ համաձայնությամբ, իր տիրապետությանը միացրեց Պաֆլագոնիան и Գալաթիան։

Կապադովկիայի թագավորի մահից հետո իշխանությունը հայտնվեց նրա այրի Լաոդիկեի (մ.թ.ա.130-129 թվականներ) ձեռքերում, ով իշխանությունը պահպանելու համար սպանեց իր հինգ տղաներին, սակայն վեցերորդ որդին փրկվեց և հռչակվեց թագավոր Արիարատ VI: Միհրդատն օգտվեց իրավիճակից և ներխուժեց Կապադովկիա՝ օգնելով Արիարատին։ Նա որոշեց նրան կնության տալ իր դստերը, ինչի արդյունքում կդառնար Կապադովկիայի փաստացի ղեկավարը։ Այդպիսով, Միհրդատը ավարտին հասցրեց իր նախորդների գործը՝ վերահսկողություն սահմանելով այն շրջանների վրա, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին Պոնտոսի թագավորները։ Հռոմում խոսակցություններ սկսվեցին Մեծ Փռյուգիայի՝ Պոնտոսին անցման իրավականության մասին, սակայն Միհրդատը չնահանջեց։

Միհրդատ Եվպատորի սպանությունը (մ.թ.ա. մոտ 123 թվական) հռոմեացիների համար օգուտների մասին խոսակցություններ առաջացրեց։ Թագավորի այրի Լաոդիկեն (մ.թ.ա 120/119 թվական) հրաժարվեց Մեծ Փռյուգիայի վրա վերահսկողությունից, որը հռոմեացիները հռչակեցին անկախ, սակայն 116 թվականին ցուցադրաբար միացրեցին իրենց տիրապետությանը։ Այդ պահից հռոմեացի և իտալացի վաշխառուները էլ ավելի ակտիվ սկսեցին տիրանալ Փոքր Ասիայի տնտեսությանը՝ ատելություն առաջացնելով տեղի բնակչության մոտ։

Մ.թ.ա. 109-108 թվականներին Պոնտոսի նոր թագավոր Միհրդատ VI-ը մի քանի ընկերների հետ գաղտնի ճանապարհորդության գնաց դեպի Պաֆլագոնիան, Բյութանիա և Ասիայի հռոմեական նահանգներ։ Այսպիսով, նա կարողացավ տվյալներ ձեռք բերել տվյալ շրջաններում իրավիճակի մասին, ինչպես նաև ստանալ տեղական էլիտաներից մի քանիսի աջակցությունը։ Բացի այդ, դաշինք կնքվեց Բյութանիայի տիրակալ Նիկոմեդես III-ի հետ

Դրանից հետո Միհրդատը հրամայեց զորավարժություններ կամզակերպել և 106/105 թվականին Պոնտոսի և Բյութանիայի զորքերը գրավեցին Պաֆլագոնիան։ Տեղական թագավորական դինաստիան վերջերս դադարել էր, իսկ տեղի տոհմերը (թագավորին ենթակա կառավարիչներ, որոնք տվյալ տարածքում ռազմական և քաղաքացիական իշխանություն ունեին) չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ։ Երկիրը բաժանված էր հետևյալ կերպ՝ ափից մինչև Պոնտական Հերակլեա և Ամնիում գետի հովիտը անցնում էր Պոնտոսին, իսկ Բյութանիան ստացավ ներքին շրջանները։

Տեղի բնակչությունը Հռոմից խնդրեց ճնշում գործադրել զավթիչների վրա։ Նրա դեսպանները ժամանեցին երկու տիրակալների արքունիքները, սակայն Միհրդատը և Նիկոմեդեսը չէին ցանկանում զիջել գրավված տարածքները։ Ինչևէ, Հռոմն զբաղված էր Կիմերների հետ պատերազմներով, և լրջորեն չարձագանքեց արևելքում քաղաքական փոփոխություններին։

Մ․թ․ա 94 թվականին Միհրդատը կարողացավ դաշինք կնքել Հայաստանի տիրակալ Տիգրան II-ի հետ՝ նրա հետ ամուսնացնելով իր դստերը՝ Կլեոպատրային։ Սրանից հետո նա խնդրեց իր դաշնակցին վերադարձնել Կապադովկիայի գահը իր որդի Արիարատին, ինչի վերաբերյալ նա համաձայնություն ստացավ։ Գորդիուսի գլխավորած բանակը արագորեն վտարեց հռոմեական դրածոյին, սակայն հռոմեացի զորավար Սուլլան կարողացավ գահը վերադարձնել Արիոբարզանեսին։ Միհրդատը որոշեց չդիմադրել հռոմեական ներկայացուցիչներին[1]։ Մ․թ․ա. 94 թվականին անսպասելիորեն մահացավ Բյութանիայի թագավոր Նիկոմեդես III-ը՝ թողնելով երկու ապօրինի երեխա՝ Նիկոմեդես IV-ը և Սոկրատ Կրեսթը։ Նրանցից առաջինը դարձավ նոր տիրակալ, իսկ երկրորդն ստիպված եղավ աքսորվել։ Մ․թ․ա․ 91 թվականին Եվպատորը աքսորյալին տրամադրեց փող և զորք, և նա կարողացավ վտարել իր խորթ եղբորը։ Միաժամանակ Միհրդատի և Տիգրանի զորքերը ներխուժեցին Կապադովկիա և նորից այնտեղից վտարեցին Արիոբարզանեսին։ Գահընկեց արված տիրակալները հայտնվեցին սենատի առջև, որը հրամայեց հյուպատոս Մանիուս Ակվիլիուսին և Ասիա նահանգի կառավարիչ Լուցիուս Կասիուսին ռազմական օգնություն ցուցաբերել նրանց։ Միհրդատին հրամայվեց օգնություն ցուցաբերել, սակայն նա հրաժարվեց՝ հիշեցնելով Պոնտոսից խլված Փռյուգիայի և Կապադովկիայի մասին[2]։ Բայց շուտով նա փոխեց իր որոշումը՝ Սոկրատեսն սպանվեց, իսկ հռոմեական դեսպանները կարող էին գնալ Պոնտոս՝ համոզվելու նրա թագավորի խաղաղ մտադրություններում։

Բյութանիան և Կապադովկիան, հռոմեական զենքի ուժով, վերադարձվեցին իրենց նախկին տերերին, թեև կարիք եղավ օգտագործել նաև գալաթներին և փռյուգիացիներին։ Չնայած ստատուս-քվոյի վերականգնմանը, գործերի ներկա վիճակը ձեռնտու չէր ոչ Միհրդատին, ոչ Հռոմին։

Հաշվեհարդար տեսնելով Կրեսթի կողմնակիցների հետ՝ Բյութանիայի թագավորը մեծ պարտքեր կուտակեց հռոմեացի պաշտոնյաների և վաշխառուների մոտ։ Հռոմեացիների հետ համաձայնությամբ, Նիկոմեդեսը պետք է ներխուժեր Պոնտոս, և դրա դիմաց Հանրապետությունը կպաշտպաներ նրան Միհրդատի պատասխանից[2]։

Բյութանացիները կողոպտեցին տարածաշրջանը՝ ընդհուպ մինչև Ամաստրիա, իսկ նավատորմը փակեց Թրակիայի Բոսֆորը, ինչը մեծ վնաս հասցրեց թնամու առևտրին։ Միհրդատն իր զորքերին հրամայեց չդիմադրել և նահանջել՝ թույլ տալով ագրեսորներին վերադառնալ տուն։ Սրանից հետո նա Պելոպիդասին ուղարկեց հռոմեացիների մոտ։ Դեսպանը պահանջեց, որ նրանք միջամտեն սրացող հակամարտությանը՝ ազդելով Նիկոմեդեսի վրա, կամ թույլ տալ պոնտացիներին պատասխան հարված հասցնել։ Դրան ի պատասխան լսեց հետևյալը. «Մենք չէինք ցանկանա, որ Միհրդատը տուժի Նիկոմեդեսից, բայց մենք նաև չենք հանդուրժի, որ պատերազմ սկսվի Նիկոմեդեսի դեմ, մենք կարծում ենք, որ հռոմեացիների շահերից չի բխում, որ Նիկոմեդեսը տուժի» [3]:

Կողմերի ուժերը խմբագրել

Հռոմեացիներ խմբագրել

Հռոմեացիների և նրանց դաշնակիցների բանակները պատրաստվում էին ներխուժել Պոնտոս և իրենց ուժերը բաժանեցին երեք մասի, որոնց ղեկավարում էին հռոմեացի զորավարները։ Կասիոսը կանգնած էր Բյութանիայի և Գալաթիայի սահմանին, Մանիոսը՝ Պոնտոսից Բյութանիա տանող ճանապարհին, իսկ Օփիոսը՝ Կապադովկիայի սահմանին։ Նրանցից յուրաքանչյուրը, ըստ Ապպիանի, ուներ 40000 հետևակ և 4000 ձիավոր։ Բյութանական բանակը բաղկացած էր 50000 հետևակից և 6000 ձիավորից։

Պոնտացիները խմբագրել

Միհրդատն ուներ բանակ՝ կազմված 250000-անոց հետևակից և 40000 ձիավորից, 300 ռազմանավից։ Բացի այդ, առկա էին օգնական զորքեր. Արկափիոսը Փոքր Հայքից բերել էր 10000 ձիավոր, ինչպես նաև 130 մարտակառք։ Պոնտոսն ուներ նաև բազմաթիվ դաշնակիցներ՝ Եգիպտոսը, Սիրիան, Հայաստանը, Աթենքը և կիլիկյան ծովահենները, ինչպես նաև թրակիական որոշ ցեղեր, թեև նրանցից միայն մի քանիսն էին կարողացել օգնություն ցուցաբերել այս պայքարում։

Միհրդատի արշավանքները Փոքր Ասիայում խմբագրել

Բյութանիայի թագավոր Նիկոմեդես IV-ը ներխուժեց Պոնտոսի տարածք. սակայն պարտություն կրեց՝ կորցնելով իր բանակի մեծ մասը։ Ճակատամարտի ժամանակ բյութանացիներն առավելություն ունեին, սակայն կողային մանևրի և մանգաղային կառքերի կիրառման արդյունքում, հաղթանակը մնաց պոնտացիներին։ Նիկոմեդեսը, իր համախոհների մի փոքր ջոկատով, փախավ Մանիուս Ակվալիուսի ճամբարը։ Միհրդատը, ժամանելով, ներում շնորհեց և ազատեց գերի ընկած բյութանացիներին՝ իր համար ողորմած տիրակալի համբավ ստեղծելով։ Հաղթանակից հետո Միրհրդատը ներխուժեց Փռյուգիա։

Ըստ Ապպիանի, հռոմեացի հրամանատարներին վախեցրել է Նիկոմեդեսի պարտությունը, և այդ պատճառով Մանիոսը ցանկանում էր աննկատ հեռանալ։ Այդ ընթացքում Բյութանիայի թագավորը փախավ Կասսիոսի մոտ։ Ակվիլիայի մոտ պոնտացիները հասան նրանց, Նեոպտոլեմոսի և Նեմանի հրամանատարությամբ։ Մանիոսի ամրացված ճամբարը գրավվեց, իսկ ինքը փախավ Պերգամոն[4]։ Իմանալով այդ մասին, Կասիոսը և Նիկոմեդեսը նահանջեցին Լեոնտոցեֆալիա, և փորձեցին կամավորներ հավաքագրել տեղի բնակիչներից, սակայն դա նրանց չհաջողվեց, քանի որ բնակիչները չէին ցանկանում կռվել հռոմեացիների համար, և Կասիոսը նահանջեց դեպի Ապամեա, Նիկոմեդեսը՝ Պերգամոն, իսկ Մանիոսը՝ Լեսբոս։ Քվինտոս Օպպիոսը ամրացավ Լաոդիկիայում, սակայն տեղի բնակիչները նրան հանձնեցին Միհրդատին, շուտով հանձնվեց նաև Մանիոսը (հետագայում նրան մահապատժի ենթարկեցին)։ Պոնտական նավատորմը տիրեց Սև ծովի նեղուցներին և մտավ Էգեյան ծով։

Հռոդոսը, պատերազմի առաջին փուլում, դարձավ Միհրդատի դիմադրության հենակետը։ Հենց այնտեղ էին փախել Ասիայից վտարված հռոմեացիները, այդ թվում՝ Լուցիոս Կասիոսը, ինչպես նաև Նիկոմեդես արքան։ Հռոդոսցիները սկսեցին պատրաստվել պաշարմանը և որոշեցին նախ ծովում հանդիպել պոնտացիներին և հաղթել նրանց։ Սակայն, տեսնելով թշնամու գերազանցող նավատորմը, նրանք ստիպված եղան նահանջել դեպի նավահանգիստ, որտեղ և ընկան շրջափակման մեջ։ Պաշարման ընթացքում տեղի ունեցան մի քանի ծովային մարտեր, որոնք առավելություն չբերեցին կողմերից ոչ մեկին։ Հռոդոսի գրոհը չեղարկվեց պաշարողական զենքի բացակայության պատճառով։ Նրանից հետո Միհրդատը հրամայեց վերացնել պաշարումը[5] և որոշեց սահմանափակվել կղզու շրջափակմամբ։

Միհրդատը վերադարձավ Պերգամոն և այն դարձրեց իր մայրաքաղաքը։ Այստեղ նա հայտարարեց քաղաքներին պետական և մասնավոր պարտքերի ներման մասին և հինգ տարով ազատեց նրանց հարկերից, ինչը առաջացրեց Պոնտոսի թագավորի նկատմամբ համակրանքի նոր աճ։ Միհրդատը, պատերազմի հետագա վարումը, վստահեց իր զորավարներին։ Պելոպիդասն ուղարկվեց լիկիացիների դեմ, նրա որդի Արկաթիոսը՝ Թրակիա, իսկ Արքելայոսը՝ Էգեյան ծոցի կղզիներ։ Միաժամանակ Միհրդատը գաղտնի հրաման տվեց իր կայազորների բոլոր հրամանատարներին մեկ օրում սպանել Ասիայում ապրող բոլոր հռոմեացիներին և իտալացիներին։ Բնակիչները, հռոմեացիների ատելությունից հրահրված, սսպանեցին մոտ 80000 մարդու, այսպես կոչված «Եփեսոսյան ընթրիքի» ծամանակ։

Պայքար Հունաստանի համար խմբագրել

Մ.թ.ա. 88 թվականին Արքելայոսի դեսանտային կորպուսը սկսեց Էգեյան ծովի կղզիներն իրեն ենթարկելու գործընթացը։ Գրեթե բոլորն, առանց կռվի, անցան պոնտացիների կողմը։ Միայն Դելոսում դիմադրություն եղավ:Այս իրադարձությունների արդյունքում սպանվեցին 20000 հռոմեացիներ և իտալացիներ:Արքելայոսը հայտարարեց կղզին և սուրբ գանձարանը Աթենքին փոխանցելու մասին, որը պաշտոնապես անկախ քաղաք էր։ Արիստիոնը փողերով հանդերձ ուղարկվեց Աթենք, և օգտվելով հռոմեացիների նկատմամբ դժգոհությունից՝գրավեց քաղաքում իշխանությունը։ Շուտով Պոնտոսի կողմն անցան Պելեպոնեսն ու Բեոտիան։

Մ.թ.ա. 87 թվականին Արքելայոսը և Արիստիոնը զորքով շարժվեցին Բեոտիա, որտեղ սկսեցին պաշարել Թեսպի քաղաքը, որոնց բնակիչները հրաժարվեցին անցնել Պոնտոսի կողմը[6]։ Պոնտացի զորավար Մետրոֆանեսը գրավեց Եվբեան և տեղակայվեց Կենտրոնական Հունաստանում, սակայն պարտություն կրեց Հունաստան ժամանած մակեդոնացի կառավարիչ Բրուտիուս Սուրայից և նահանջեց։ Բրուտիոսը շարժվեց Արքելայոսի դեմ, սակայն եռօրյա ճակատամարտում կողմերից ոչ մեկը չկարողացավ հաղթել։ Պիրեյը գրավելու անհաջող փորձից հետո Բրուտիոսը նահանջեց Մակեդոնիա։ Արկափիոսը դեռ մ.թ.ա. 88 թվականին էր ուղարկվել Թրակիան գրավելու, սակայն գործում էր անվճռական։

Մ.թ.ա. 87 թվականի աշնանը հռոմեական հինգ լեգեոններ՝ Պոնտոսի հետ պատերազմում հրամանատար նշանակված Լուցիոս Կոռնելիոս Սուլլայի գլխավորությամբ, տեղակայվեց Հունաստանում։ Ստանալով վարձկաններ, պարեն և դրամ՝ նա Թեսալիայի տարածքով տեղաշարժվեց Ատտիկա՝ ընդդեմ Արքելայոսի։ Բեոտիայով անցնելիս որոշ քաղաքներ անցան նրա կողմը[6]։ Պոնտական հրամանատարը չհամարձակվեց մարտի մեջ մտնել և նահանջեց դեպի Պիրեյ, որն անմիջապես պաշարվեց։ Բանակի մեկ այլ մասը պաշարեց Աթենքը։ Առաջին հարձակումը Պիրեյի վրա չհաջողվեց, և Սուլլան սկսեց պատշաճ պաշարում։ Ձմռանն Աթենքում սով սկսվեց, իսկ Արքելայոսը սնունդ մատակարարելու հնարավորություն չուներ քաղաքին։ Սուլլան որոշեց կազմակերպել Պիրեյի ծովային շրջափակում, ինչի համար Լուկուլլոսին ուղարկեց Սիրիայի, Եգիպտոսի և Հռոդոսի թագավորների մոտ։ Նրան հաջողվեց կատարել հանձնարարությունը, և Լուկուլլոսը ծովային արշավ սկսեց Միհրդատի նավատորմի դեմ։

Մ.թ.ա. 87/86 թվականների ձմռանը Նեոպտոլեմոսի ջոկատը Խալկիդայում պարտություն կրեց, սակայն Արիարատն անցավ Թրակիայով, գրավեց Մակեդոնիան և շարժվեց Հունաստան։ Միանգամից երկու բանակների հետ ճակատամարտից խուսափելու համար, Սուլլան ձեռնարկեց հարձակում Պիրեի վրա։ Սակայն դա նրան չհաջողվեց, և նա նորից անցավ պաշարման։ Այդ ընթացքում Արիարատը ճանապարհին հիվանդացավ և մահացավ, իսկ նրա զորքը այդ պատճառով ուշացավ։ Աթենացիները տառապում էին սովից և բանագնացներ ուղարկեցին Սուլլայի մոտ՝ խաղաղություն խնդրելու, բայց նա մերժեց նրանց։ Մ.թ.ա. 86 թվականի մարտի 1-ին, գիշերային գրոհի արդյունքում, հռոմեացիները մտան Աթենք։ Արիստիոնը փոքրաթիվ ջոկատով ապաստանեց Ակրոպոլիսում, որտեղ նա մի քանի օր դիմադրեց, իսկ քաղաքում կոտորած սկսվեց։ Քաղաքը գրավելուց հետո հրամանատարն իր ուժերն ուղարկեց Պիրեյը գրոհելու։ Մի քանի օրվա ընթացքում, արյունալի մարտերի արդյունքում, հռոմեացիները գրավեցին նավահանգստի մեծ մասը, իսկ Արքելայոսը մնացած զորքերի հետ նավարկեց Բեոտիա, իսկ հետո՝ Թեսալիա։

Հասնելով Ֆերմոպիլիա՝ պոնտացի զորավարն իր զորքերին միացրեց Արիարատի բանակը, որից հետո նրա հրամանատարության տակ անցան 50000 հետևակ, 10000 ձիավոր և 90 մարտակառք։ Սուլլան նույնպես միավորեց Գորտենզիայի 6000-անոց լեգեոնի հետ և նրա հրամանատարության տակ անցավ թվով 15000 հետևակից և 1500 հեծելազորից կազմված բանակ։ Դրանից հետո Արքելայոսը շարժվեց դեպի Ֆոկիդա և ճամբար դրեց Քերոնեա քաղաքի մոտ՝ իր զորքը տեղավորելով բլուրների միջև, երբ նրան հասավ Սուլլան։

Պոնտական հրամանատարը հարձակման ուղարկեց հեծելազոր և մարտակառքեր, սակայն նրա գործողությունները հաջողությամբ չպսակվեցին։ Հետո ամբողջ բանակն անցավ հարձակման։ Առաջին շարքերում գնում էր հեծելազորը, հետո ազատագրված մակեդոնացի ստրուկներից հավաքագրված 15000 հոգանոց ֆալանգը, իսկ հետո՝ հռոմեական մոդելով զինված իտալացի փախստականները։ Հեծելազորը կոտրեց հռոմեական շարքերը և սկսեց շրջապատել նրանց։ Բայց Սուլլան ձիավորների և երկու հետևակ խմբի հետ կարողացավ ետ մղել պոնտացի ձիավորներին, որոնք իրենց նահանջով խառնել էին ֆալանգների շարքերը։ Հռոմեական հետևակը սկսեց մխրճվել պոնտական զորքերի շարքերը, իսկ մեծ բազմությունն ու տեղանքը վերջնականապես որոշեցին ճակատամարտի ելքը։ Արքելայոսի բանակից փրկվեց 10000 մարդ, ովքեր կարողացան հասնել Հալկիդիկ և այնտեղից շարունակեցին փախուստը դեպի ափ։ Մթ.ա. 86 թվականի հունվարի 13-ին Հռոմում մահացավ Գայոս Մարիոսը և նոր կոնսուլ դարձավ Լյուսիուս Վալերիուս Ֆլակուսը։ Նա Սուլլայի հակառակորդն էր, և Սենատը նրան ուղարկեց Հունաստան, իսկ այնտեղից նա որոշեց շարժվել դեպի Բյուզանդիոն։ Մ.թ.ա. 85 թվականին Պոնտական նոր 80000-անոց բանակը Դորիլիայի հրամանատարությամբ իջավ Խալկիդա՝ միավորվելով Արքելայոսի հետ։ Սրանից հետո Բյութանիան նորից անցավ Միհրդատի տիրապետության տակ։

Սուլլան ընդառաջ գնաց պոնտացիներին,և նրանց միջև տեղի ունեցավ ճակատամարտ Օրխոմեայի մոտ:Տեղանքը դարձավ դաշտավայր՝ զուրկ ծառերից և ձգվող մինչև ճահիճներ։ Սուլլան հրամայեց իր ճամբարի առջև խրամատ փորել՝ պոնտական հեծելազորին առավելությունից զրկելու համար, սակայն թշնամու հեծելազորը խուճապ առաջացրեց հռոմեացիների շրջանում։ Հետապնդելով նրանց՝ ձիավորները հասցրին ջախջախել հռոմեական բանակի մեծ մասը, իսկ զինվորները փախուստի դիմեցին։ Սուլլան կարողացավ կանգնեցնել նրանց, այնուհետև աջ թևից երկու հետևակի օգնությամբ հետ մղեց հեծելազորը։ Դրանից հետո հռոմեացիները նորից սկսեցին խրամատ փորել, ինչը ստիպեց պոնտացիներին նորից հարձակում ձեռնարկել, որը հետ մղվեց։ Մեկ օրվա ընթացքում պոնտացիները 15000 մարդ կորցրին։

Հաջորդ օրը Սուլլան հարձակվեց թշնամու ճամբարի վրա, որի արդյունքում երկու կողմերի մարտիկները արտասովոր հերոսություն և քաջություն ցուցաբերեցին։ Սակայն հռոմեացիները կարողացան հաղթել թշնամուն, և Արքելայոսը ստիպված փախավ։ Այդ ժամանակ Սուլլայի մոտ ժամանեցին հռոմեական ազնվականության ներկայացուցիչները, ովքեր վտարվել էին քաղաքից նրա հակառակորդների կողմից, ուստի նա երկմտում էր պատերազմը շարունակելու հարցում։

Պատերազմի ավարտը և Դարդանիայի խաղաղությունը խմբագրել

Տեղեկանալով Օրխոմենյան պարտության մասին՝ թագավորը հրամայեց Արքելայոսին շահեկան պայմաններով հաշտություն կնքել։ Սուլլան ցանկանում էր որքան հնարավոր է շուտ վերադառնալ Հռոմ՝ պայքարելու քաղաքական հակառակորդների դեմ, բայց նա ցանկանում էր վերադառնալ այնտեղ հաղթական և, հետևաբար, դաժան պայմաններ առաջադրեց. Պոնտական նավատորմը փոխանցվում էր հռոմեացիներին, Պոնտոսը վճարելու էր փոխհատուցում հռոմեական ռազմական ծախսերի համար, Միհրդատը վերադարձնելու էր իր բոլոր նվաճած հողերը, հանձնելու էր գերիներին ու դասալիքներին։ Զորավարը անմիջապես սկսեց զորքերի դուրսբերումը, իսկ մնացած կետերի մասին որոշեց իմանալ իր տիրակալից։ Այս ընթացքում լեգիոներները թալանեցին Մակեդոնիայի սահմանին ապրող էնեացիների, դարդանցիների և սինտերի հողերը։ Դիոնիսոսի դեսպանները հայտնում են նրա անհամաձայնությունը հռոմեացիներին՝ նավատորմի և Պաֆլագոնիայի զիջման հետ։ Իմանալով այս մասին, Սուլլան հրամայեց արշավել դեպի Ասիա, և հրամայեց Լուկուլլոսին պատրաստել նավատորմը։ Միայն Արքելայոսի անձնական միջամտությամբ հնարավոր եղավ համոզել իր տիրոջը՝ համաձայնել խաղաղության։ Մ.թ.ա. 85 թվականի օգոստոսին պատերազմող կողմերի առաջնորդները հանդիպեցին Փոքր Ասիայի Դարդանիա քաղաքի մոտ։ Սուլլային ուղեկցում էին հետևակի 4 խումբ և 200 ձիավոր, Միհրդատին՝ 20000 հոպլիտներ և 6000 հեծելազոր։ Թողնելով իրենց ուղեկիցներին՝ նրանք եկան հետևյալ համաձայնության. Պոնտոսը Սուլլային տալիս էր 3000 տաղանդ և 80 տրիեր, Ասիա նահանգը վերադառնում էր Հռոմին, իսկ Բյութանիան և Կապադովկիան վերականգնում էին իրենց նախկին կարգավիճակը։ Փոքրասիական քաղաքները համաներում էին ստանում, իսկ նրանցից մի քանիսը (Քիոս, Հռոդոս, Իլիում, Մագնեզիայում, մի քանի լիկիական և կարիբյան բնակավայրեր) արժանացան հռոմեացիների ընկերներ կոչմանը՝ պոնտացիներին դիմադրություն ցույց տալու համար։ Կողմերը հրաժարվեցին պայմանագրի գրավոր պատճենից։ Դրանից հետո Սուլլան ջախջախեց Ֆիմբրիայի հրամանատարության տակ գտնվող զորքերը և վերադարձավ Հռոմ, իսկ Դիոնիսոսը զորքեր ուղարկեց Բոսֆոր և Կոլխիդա, որոնք պատերազմի ընթացքում առանձնացել էին նրա տիրապետությունից։ Հռոմեական պետական գործիչը ակտիվորեն ներգրավվեց տարածարջանում նախապատերազմական իրավիճակի վերականգնման գործում։ Թագավորներին վերականգնելու համար ուղարկվեց Գայոս Սկրիբոնիուս Կուրիոն, իսկ Պաֆլագոնիան բաժանվեց տեղի թագավոր Պիլոմենի և Ատտալուսի միջև։ Եվպատորի բոլոր բարեփոխումները չեղարկվեցին։

Արդյունքներն ու հետևանքները խմբագրել

Պատերազմի արյունքում Միհրդատը չհասավ իր նպատակներից ոչ մեկին՝ նվաճել Ասիան, ազատագրել Հունաստանը և թուլացնել Հռոմին։ Մյուս կողմից, նա գրեթե ոչինչ չկորցրեց. 3000 տաղանդ փոխհատուցումը զգալիորեն ավելի քիչ էր, քան այն նյութական միջոցները, ինչը դուրս էր բերվել Ասիայից, տարածքային կորուստները վիճելի էին։ Հավանաբար երկու կողմերն էլ հրաժարվեցին շարունակել պատերազմը՝ ելնելով ներքաղաքական պատճառներից։

Հռոմեական զինվորներն ու սպաները դժգոհ էին հաշտության պայմանագրից։ Հավանաբար, նրանք հույս ունեին պատերազմի շարունակության և ավելի շատ ավար վերցնելու վրա։ Չնայած կողմերի հայտարարած պարտավորությանը ՝ կատարելու խաղաղության պայմանագրի չգրված պայմանները, երկու կողմից էլ խախտումներ կային։ Միհրդատի մարտիկները չլքեցին Կապադովկիայի մի քանի ամրոցներ, իսկ Սուլլան դաժանորեն վարվեց պոնտացիներին աջակցած պոլիսների հետ։ Սուլլան Ասիայում թողեց Լյուսիա Լիցինիա Մորային՝ երկու լեգեոնի հետ միասին։ Իր հովանավորի հեռանալուց հետո նա սկսեց պատրաստվել Պոնտոսի հետ պատերազմի, ինչին խրախուսում էր Արքելայոսը, ով վիրավորված էր իր տիրոջից և վախենում էր իր կյանքի համար։ Մ.թ.ա. 83 թվայկանին հռտոմեական զորքերը ներխուժեցին Պոնտոս՝ դրանով իսկ սկսելով Միհրդատյան երկրորդ պատերազմը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Плутарх. Сравнительные жизнеописания. Сулла. V
  2. 2,0 2,1 Аппиан. Митридатовы войны. 11
  3. Аппиан. Митридатовы войны. 14
  4. Аппиан. Митридатовы войны. 19
  5. Аппиан. Митридатовы войны. 27
  6. 6,0 6,1 Аппиан. Митридатовы войны. 29

Գրականություն խմբագրել