Միլեթ, հնագույն քաղաք Հոնիայում, Մեանդրոսի (այժմ՝ Մեծ Մենդերես, Թուրքիայում) գետաբերանի շրջանում։ Մ.թ.ա. XVI դարից Միլեթում բնակվել են հույներ։ Մ․թ․ա․ XIV դարում աքայական խոշոր, ամրացված քաղաք էր։ Մ․թ․ա․ XI-X դարերում Միլեթում վերաբնակվել են հունական նոր ցեղեր՝ հոնիացիները։ «Իլիական»-ում Միլեթն անվանվում է կարիացիների քաղաք։ Մ․թ․ա․ VIII-VI դարերում եղել է առևտրական, արհեստագործական և մշակութային զարգացած պոլիս, հիմնել է բազմաթիվ գաղութներ (Կյուզիկոս, Սինոպե, Պոնտիկապեոն, Թեոդոսիա և այլն)։ Մ․թ․ա․ VII դարի կեսին Միլեթն ընդունել է լիդիացիների գերիշխանությունը՝ պահպանելով ներքին ինքնավարություն։ Միլեթը տնտեսական և քաղաքական ծաղկում է ապրել տիրանոս Թրասիբուլոսի (մ․թ․ա․ մոտ 610-600) ժամանակ։ Մ․թ․ա․ VI դարում Միլեթում առաջացել է միլեթյան դպրոցը։ Մ․թ․ա․ VI-րդ դ․ կեսին ընկել է պարսկական լծի տակ։ Մ․թ.ա․ 500 թվականին գլխավորել է Հոնիայի քաղաքների ապստամբությունը Պարսկաստանի դեմ, որով սկսվել են հույն-պարսկական պատերազմները։ 494 թվականին պարսիկներն ավերել են քաղաքը։ 479 թվականից սկսվել է Միլեթի վերականգնումը, 478 թվականին մտել է Աթենական 1-ին ծովային միության մեջ։ Պելոպոնեսյան պատերազմից (մ․թ․ա․ 431-404) հետո դարձյալ ընկել է պարսկական լծի տակ։ 334 թվականին նվաճել է Ալեքսանդր Մակեդոնացին, 129 թվականին՝ Հռոմը։ Պահպանվել են Միլեթի ավերակները։ XX դարի սկզբից կատարվում են պեղումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 536 CC-BY-SA-icon-80x15.png