Միգրացիոն իրավունքը իրավունքի ճյուղ է, որը կարգավորում է մարդկանց տեղաշարժին առնչվող հարցերը՝ նրանց բնակության վայրի կամ գտնվելու վայրի փոփոխությունը։ Միգրացիոն իրավունքը ներառում է ներգաղթը, արտագաղթը, ներքին միգրացիան և ժամանակավոր երկրից դուրս գալը (զբոսաշրջություն, գործուղումներ և այլ ուղևորություններ)։

Օտարերկրյա քաղաքացիներին վերաբերող միգրացիոն իրավունքը սովորաբար որոշվում է իր մշտական բնակության պետության ազգային օրենսդրությամբ ու կարող է խիստ տարբերվել տարբեր երկրներում և տարբեր ժամանակաշրջաններում՝ կախված տվյալ երկրի քաղաքական ռեժիմից և սոցիալ-տնտեսական հնարավորություններից և նոր ներգաղթյալներին ընդունելու պետության և հասարակության կարիքներից։

Միևնույն ժամանակ գոյություն ունեն նաև միջազգային իրավունքի նորմեր, որոնք կարգավորում են միգրացիոն ոլորտի տարբեր հարցեր։ 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը, և վերադառնալու իր երկիրը[1]։ Որոշ երկրներում կարող են լինել բավականին խիստ օրենքներ, որոնք սահմանափակում են ինչպես մուտքի իրավունքը, այնպես էլ երկրում գտնվելու ժամանակաշրջանը, ինչպես նաև ներգաղթյալների՝ հասարակության և պետության կյանքին մասնակցելու իրավունքը։ Երկրների մեծամասնությունն ունեն բնականեցումը կարգավորող օրենքներ․ գործընթաց, որով ներգաղթողները դառնում են երկրի քաղաքացի։

Միջազգային միգրացիոն իրավունք խմբագրել

Միջազգային միգրացիոն իրավունքը միջազգային մասնավոր իրավունքի ճյուղերից է։

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12–րդ հոդվածը սահմանում է, որ որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն։ Ինչպես նաև յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը։ Վերը նշված իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար։ Ինչպես նաև ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից[2][3]։

Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրություն խմբագրել

Զարգացման պատմություն խմբագրել

Երկար ժամանակ Ռուսաստանի բնակիչների միգրացիան աննշան էր, իսկ միգրացիոն օրենսդրությունը զարգացած չէր և առկա էին կտրուկ սահմանափակումներ կապված տեղաշարժի ազատության հետ՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ստրկատիրական ժամանակաշրջանում գյուղերում բնակվողների մեծամասնությունն ընդհանուր առմամբ զրկված է եղել տեղաշարժման ազատությունից, ազատ մարդկանց համար նույնպես առկա էին շատ սահմանափակումներ։ Միայն առաջին գիլդիայի առևտրականներին էր թույլատրվում ապրել ամեն տեղ։ Այդ ժամանակ արտագաղթումը «փախուստ» էր կյանքի դժվարին պայմաններից, այն ուներ հարկադրված և չկանոնակարգված բնույթ։

ԽՍՀՄ ժամանակաշրջանում գոյություն ուներ թույլտվության գրանցման ինստիտուտ, որը սահմանափակում էր երկրի քաղաքացիների կողմից իրենց բնակության վայրի ազատ ընտրության հնարավորությունը։ Մասնավորապես դա վերաբերվում էր Մոսկվա, Լենինգրադ, Կիև քաղաքաներին։ Իսկ 1920-1950-ական թվականներին շատ գյուղաբնակներ չունեին անձնագիր ստանալու իրավունք, ինչը նշանակում էր, որ նրանք զրկված էին երկրում օրինական ազատ տեղաշարժման իրավունքրից և իրենց բնակության վայրը և աշխատանքն ընտրելու ազատությունից։

Արտագաղթի ազատությունը փաստացի ճանաչվել էր, բայց իրականում դժվար էր ձեռք բերել արտասահման մեկնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Միգրացիոն օրենսդրության մշակման նոր փուլ սկսվեց Ռուսաստանի Դաշնության գործող Սահմանադրության, ինչպես նաև «Փախստականների մասին» և «Ներքին տեղահանված անձանց մասին» օրենքների ընդունմամբ։ Նաև 1992-1993 թվականներին Ռուսաստանը միացավ ՄԱԿ-ի 1951 թվականի Կոնվենցիային, որը վերաբերում է փախստականների կարգավիճակին և 1967 թվականի Արձանագրությանը, որը վերաբերում է փախստականների կարգավիճակին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիային, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային և միջազգային այլ նորմերի, որոնք, ի թիվս այլոց, սահմանում են միգրացիոն իրավունքներն ու ազատությունները[4]։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգաղթային օրենսդրություն խմբագրել

Ներգաղթային իրավունքը Ամերիկայի Միացյալ Նահանգներում զարգացել է անհավասար։ Նույնիսկ գաղութային ժամանակաշրջանում, առանձին գաղութներ կարող էին ստեղծել իրենց միգրացիոն օրենքները[5]։ Օտարերկրացիների բնակեցման հարցը կարգավորելու առաջին փորձը եղել է «1790 թվականի բնականացման մասին օրենքը»։ Այնուամենայնիվ, մի քանի տարի անց ընդունվեց «Չինացիների մուտքի բացառման մասին օրենքը» (անգլ.՝ Chinese Exclusion Act )՝ Չինաստանից աճող ներգաղթը զսպելու համար։

«1924 թվականի ներգաղթի մասին օրենքը» (անգլ.՝ Immigration Act of 1924 ) սահմանեց քվոտաներ ներգաղթյալների մուտքի համար՝ ըստ ազգության/ծագման երկրի։ «Ներգաղթի և ազգության մասին 1952 թվականի օրենքը» (անգլ.՝ Immigration and Nationality Act of 1952 ) հանգեցրեց ԱՄՆ քաղաքացիության ու ներգաղթի հարցերով ծառայության (անգլ.՝ Immigration and Naturalization Service) ստեղծմանը։

Միգրացիոն հարցերով Միացյալ Նահանգները ղեկավարվում է դաշնային կառավարության հինգ հիմնական բաժիններով՝ Հայրենիքի անվտանգության վարչություն, Արդարադատության դեպարտամենտ, Պետդեպարտամենտ, Աշխատանքի դեպարտամենտ և Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտ ( անգլ.՝ Department of Health and Human Services ):

Հատուկ դեր է խաղում Հայրենիքի անվտանգության վարչությունը, որը 2003 թվականին փոխարինվեց ներգաղթի և բնակեցման ծառայության։ Այն ապահովում է ներգաղթի օրենքների պահպանություն և արտոնությունների և իրավունքների տրամադրումը օտարերկրացիներին։ Հայրենիքի անվտանգության վարչությունը իր հերթին բաժանվում է երեք բաժանմունքների՝ Քաղաքացիության և ներգաղթի ծառայություն (անգլ.՝ Citizenship and Immigration Services ), Ներգաղթի և մաքսային ոստիկանության ծառայություն, Մաքսային-ահմանային ծառայություն (անգլ.՝ Customs and Border Protection ):

Ամեն տարի Դաշնային կառավարությունը անցկացնում է «Դիվերսիֆիկացման վիճակախաղ»։ Վիճակախաղը այլ երկրների քաղաքացիներին հնարավորություն է տալիս օրինական մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Դրան կարող են մասնակցել քաղաքացիներ միայն այն պետություններից, որոնք ունեն Միացյալ Նահանգների ներգաղթի ցածր մակարդակ[6]։

Ներկայումս Միացյալ Նահանգներում կա երկու տեսակի մուտքի վիզա. մշտական բնակության համար ԱՄՆ տեղափոխվելու ցանկություն ունեցող անձանց համար նախատեսված է «Ներգաղթային վիզա» (անգլ.՝ Immigrant Visa ), իսկ նրանք, ովքեր գալիս են որոշաակի ժամանակով (զբոսաշրջություն, գործուղումներ) տրվում է «Ոչ ներգաղթային վիզա» (անգլ.՝ Non Immigrant Visa ): «Per country-caps» վիզաներ այլևս չեն տրվում։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն տարի մշտական բնակության կարգավիճակ (քաղաքացիություն) է տալիս ավելի քան մեկ միլիոն օտարերկրացիների։ Նրանք ընդունում են ավելի շատ ներգաղթյալներ, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։

Ներգաղթային օրենսդրությունը գնալով լուրջ խնդիր է դառնում ԱՄՆ քաղաքականության մեջ, հատկապես սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո։

Մեծ Բրիտանիայի ներգաղթային օրենսդրություն խմբագրել

Մինչև 1983 թվականը Մեծ Բրիտանիայում ծնված յուրաքանչյուր ոք իրավունք ուներ ձեռք բերել բրիտանական քաղաքացիություն։ 1983 թվականից հետո պահանջվում էր, որպեսզի երեխայի ծնողներից առնվազն մեկը լիներ Մեծ Բրիտանիայի մշտական բնակվիչ, որպեսզի երեխան քաղաքացիություն ստանար, ինչպես նաև, եթե ծնողներից գոնե մեկը Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր, ով իր քաղաքացիությունը չէր ստացել ըստ իր ծագման։ Բրիտանական պետական պատկանելիության մնացած բոլոր դասակարգերին չեն տալիս իրավունք Միացյան Թագավորությունում մշտական բնակության համար։ Բարեկամ երկրների որոշ քաղաքացիներ Մեծ Բրիտանիայում մշտական բնակության իրավունք, և իրավունքների մեծ մասը հավասարեցված են Մեծ Բրիտանիայի քաղաքացիների իրավունքների հետ։ Մշտական բնակչի կարգավիճակը (անգլ.՝ Indefinite Leave to Remain) տալիս էր անսահմանափակ բնակության թույլտվություն։

ԵՄ քաղաքացիների համար խմբագրել

Եվրոպական միության քաղաքացիները, համաձայն Հռոմի պայմանագրի, Մեծ Բրիտանիայում իրավունք ունեն աշխատել, ծառայություններ մատուցել կամ իրականացնել բիզնես գործունեություն և ինքնագործունեության այլ ձևեր։

Հայաստանի Հանրապետության միգրացիոն օրենսդրություն խմբագրել

Անկախացումից հետո Հայաստանում բնակչության միգրացիան մեծամասամբ կրել է արտագաղթի բնույթ[7]։

Հայաստանում միգրացիոն ոլորտը կարգավորովում է մի շարք օրենսդրական ակտերով և կառավարության որոշումներով։

2006 թվականին ընդունվեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է օտարերկրացիների՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և բնակվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաև օտարերկրացիների հետ կապված այլ հարաբերություններ[8]։

2007 թվականին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշումը, որում սահմանված են ՀՀ քաղաքացիություն ստանալու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու ընթացակարգերը։

2008 թվականին ընդունվեց «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքը, որը Հայաստանի Հանրապետությունում կարգավորում է փախստականի ճանաչման, ապաստանի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա), դրա 1967 թվականի Արձանագրության կիրառումը և ճանաչում է բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցելու, ինչպես նաև ապաստան ստանալու իրավունքը, եթե նրանք բավարարում են ապաստանի տրամադրման համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ պահանջները։

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է նաև միջազգային կարևորագույն փաստաթղթերին, որոնք սահմանում են միգրացիոն ոլորտի խնդիրների կարգավորմանն անհրաժեշտ դրույթներ․ «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը»՝ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թվականին, «Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիան»՝ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1951 թվականին, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը»՝ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1966 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1896
  2. Статья 12 Международного пакта о гражданских и политических правах
  3. https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=18500
  4. «Воронина Н. А. Развитие миграционного законодательства в России и странах СНГ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. Proper, Emberson. Colonial Immigration Laws. Buffalo: William S Hein & Co., Inc., 2003. Print.
  6. «Diversity Lottery.» USCIS — Diversity Lottery. 01 Oct 2008. US Citizen and Immigration Services. 6 May 2009 [1] Արխիվացված 2010-12-03 Wayback Machine.
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  8. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=73272

Արտաքին հղումներ խմբագրել