Մեծ Մհեր կամ Առյուծաձև Մհեր կամ Առյուծ Մհեր, «Սասնա Ծռեր» հայկական ժողովրդական էպոսի հերոս։ Եղել է Սանասարի որդին և Սասունցի Դավթի հայրը։ Ըստ ավանդության, Մեծ Մհերը ամուսնացած է եղել Կարսի թագավոր Թևաթորոսի աղջկա՝ Արմաղանի հետ։

Մհեր Սասունցին մենամարտում է առյուծի հետ

Իր հորից՝ Սանասարից և հորեղբորից՝ Բաղդասարից, ժառանգել է Քուռկիկ Ջալալին, թուր կեծակին և խաչ պատերազմին։ Ունեցել է երկու որդի։ Ավագը եղել է Եգիպտոսի քաղաքի թագուհի Իսմիլի որդին՝ Մելիքը, իսկ երկրորդը ունեցել է Արմաղանից և կոչվել է Դավիթ։

Հայկական ժողովրդական էպոսի երկրորդ գլուխը նվիրված է Մեծ Մհերին և նրա գործունեությանը, ինչպես նաև Մեծ Մհերի ու Մըսրա Մելիքի մենամարտին։

Կենսագրություն խմբագրել

Մհերը եղել է Սանասարի և Դեղձուն-Ծամի կրտսեր որդին՝ Օհանի և Վերգոյի եղբայրը։ Յոթ տարեկանում սովորել է ձի հեծնել և որս անել։ Ավելի մեծ հասակում Մհերին հաջողվում է պատռել մի մարդակեր առյուծի երախ։ Այդ քայլից հետո նրան սասունցիները տվել են «Առյուծաձև Մհեր» կամ «Առյուծ Մհեր» պատվանունը։ Մհերը իր մոր ձեռքով օծվում է Սասնա տան կառավարիչ։

Տարիներ անց Մհերը դառնում է չափահաս և գալիս է ամուսնանալու ժամանակը։ Նրա ավագ եղբայրը՝ Օհանը և նրա քեռին՝ Թորոսը գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դև թագավորի գերության մեջ։

Իմանալով այս մասին՝ Մհերը կարողանում է հաղթել Սպիտակ դև թագավորին և նրա փահլեվաններին, ամուսնանալով գերության մեջ գտնվող արքայադստեր` Արմաղանի հետ։

Մհերը կառավարել է Սասունը Արաբական տիրապետության շրջանում։ Նրա հայրը կարողացել էր պայքարել և հաղթել Բաղդադի խալիֆին և նրա առաջ ծառացել էր Եգիպտոսի խնդիրը։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա կարողանում է գնալ և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնել Եգիպտոսից անկախ երկիր։

Իր խոստումը չդրժելով Մըսրա Մելիքի մահից հետո նա գնում է Մըսր և տերության կանգնում Եգիպտոսի թագուհի Իսմիլին։ Իսմիլը կարողանում է Մհերին օգտագործել և որդի ունենալ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։

Գրականություն խմբագրել

  • «Սասնա Մհերը», Հայկական ժողովրդական էպոսի կերպար, Ավետիք Իսահակյան
  • «Սասնա ծռեր. Սասնա տան պատմություն», Ն. Զարյան